Դու ես, քո ընկերն ու քո խրամատը…

Օրեր առաջ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը մտնելով` անակնկալի եկա. զինվորներից մեկի պահարանի վրա դրված էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լուսանկարը, իսկ մահճակալի սնարին` Հայոց Եռագույնը:

Ինքը` զինվորը, սենյակում չէր…

Ու մինչ անհամբերությամբ շուրջս էի նայում` զինվորին գտնելու համար, բուժքույրը, կռահելով հարցս, ժպիտով պատմեց.

-Սահմանային զորամասում է ծառայում` ամենավտանգավոր տարածքը հսկող զորամասերից մեկում: Ասում է` պաշտում եմ մեր նախարարին…

– Խնդրում եմ, կանչեք զինվորին…

***

– Շարքային Ռուբեն Քալաշյան: Զինվորական մասնագիտությունս` նշանառու: Սովորում եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել եմ զինված ուժեր: Ծառայում եմ սահմանային զորամասում: Ծառայությանս մնացել է 2 ամիս,- զինվորին վայել, հնարավորինս հակիրճ ու պարզ ներկայանում է շարքային Քալաշյանը:

Անկեղծ զրույցի ենք բռնվում: Բայց նախ ստանում եմ այդ պահին ինձ ամենաշատը հետաքրքրող հարցի պատասխանը.

-Ինչո՞ւ ես պաշտպանության նախարարի նկարը դրել պահարանիդ վրա…

– Նախարար Սեյրան Օհանյանը Արցախյան պատերազմի մասնակից է` Արցախի հերոս: Նա մեծ հարգանքի է արժանի: Բանակաշինության գործում մեծ է Սեյրան Օհանյանի ներդրումը: Հենց իր շնորհիվ է, որ մեր սահմաններն ամուր են: Բազմաթիվ բարեփոխումներ իր հրամանատարության ներքո են իրականացվել: Նախարարի նկարագիրն ինձ համար օրինակելի է, ուստի որտեղ էլ լինեմ` նկարը պետք է լինի ինձ մոտ, իմ գլխավերևում:

– Ռուբեն, փոքր-ինչ զրուցենք ծառայության մասին: Շուտով զորացրվելու ես… Հիմա երևի ժպիտով ես հիշում բանակային կյանքի առաջին օրերը, երբ ամեն ինչ նոր էր ու անսովոր: Ի՞նչ տվեց ծառայությունը քեզ …

– Ծառայության սկիզբը փոքր-ինչ դժվար էր. ծնողներից, ընտանիքից, հարազատներից, ընկերներից բաժանվում ես և հայտնվում միանգամայն նոր, անծանոթ միջավայրում: Սակայն հարմարվելը ընդամենը ժամանակի խնդիր է: Շուտով ամեն ինչ սովորական է դառնում, կյանքդ ընկնում է հունի մեջ… նոր ընկերներ, նոր ծանոթություններ, նոր իրականություն, նոր կյանք… Ծառայությունը կոփում է զինվորին, դարձնում ավելի դիմացկուն: Կամային որակներ է ավելացնում….

Պապս ազատամարտիկ է: Մասնակցել է Շուշիի և այլ վայրերի ազատագրմանը: Ես մանկուց լսել եմ պապիս պատմությունները, դրանց ներքո եմ մեծացել: Բանակն ինձ ոչ թե դարձրեց հայրենասեր, այլ ամրապնդեց իմ հայրենասիրությունը: Ես շատ էի ցանկանում, որ հենց սահմանային զորամասում ծառայեմ:

– Դիրքապահ զինվորներին գրեթե միշտ խնդրում եմ պատմել, թե ինչ են զգում մարտական հերթապահության ժամանակ… Այդ պատմությունները և միմյանց նման են, և տարբեր…

– Առաջին անգամ վախ կար… գիտեի, որ մեր` 18-20 տարեկան տղաների դիմաց կանգնած են թշնամու հատուկ պատրաստված վարձկանները …Սակայն հենց առաջին հերթափոխի ժամանակ` մի քանի օր անց, վախն աստիճանաբար անցավ` իր տեղը զիջելով զգոնությանը, զգաստությանը: Դիրքերում պետք է աչալուրջ լինես, չափազանց զգոն, սթափ, կողմնակի որևէ բանով չտարվես… պիտի հիշես` դու ես, քո ընկերը և քո խրամատը: Դու յուրայիններիդ կյանքը պաշտպանելու համար ես այստեղ:

– Ռուբեն, մարտական հերթապահություն իրականացնող զորամասի համար չափազանց կարևոր է անձնակազմի մարտական ոգին, տրամադրվածությունը… Ձեր զորամասում ի՞նչ է արվում այդ ուղղությամբ…

-Մեր զորամասի հրամանատարը գնդապետ Սամվել Մինասյանն է` լավ մարդ և լավ զինվորական: Նույնը կարող եմ ասել ամբողջ սպայակազմի մասին, ովքեր ամեն կերպ նպաստում են անձնակազմի մարտական ոգու ամրապնդմանը: Մեր զորամասի հրմանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը յուրաքանչյուր կիրակի բարոյախրատական բնույթի զրույցներ է անցկացնում զորքի հետ: Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը և մեր զորամասի հոգևոր սպասավոր Գրիգոր սարկավագ Նաջարյանը շատ հաճախ են լինում զորամասում: Գալիս են դիրքեր, զրուցում են մեզ հետ. միշտ մեր կողքին են:

Գիտե՞ք զինվորին ամենաշատը ինչն է ոգևորում. երբ տեսնում է հրամանատարին` իր պես, իր կողքին` խրամատում կանգնած:

Իսկ երբ մեր կողքին տեսնում ենք նաև հոգևորականին, հասկանում ենք, որ պաշտպանված ենք ոչ միայն զենքի ուժով, այլև խաչով, հավատքի զորությամբ:

Հասմիկ Գյոզալյան