Ես ու պատերազմը

Պատմում է ազատամարտիկ, նկարիչ Մկրտիչ Տոնոյանը:

Իմ բազում հետաքրքրությունների մեջ իրենց գլխավոր տեղն ունեին նկարչությունն ու պարաշյուտային սպորտը: Վաղ տարիքից ես հաճախել եմ ե՛ւ ավիամոդելի ե՛ւ նավամոդելի խմբակ… Ու նկարել եմ: Հետո սկսեցի հետաքրքրվել դելտապլանով:

14-15 տարեկան էի, երբ պատերազմն սկսվեց: Տղաներով կազմավորեցինք «Ազգային լեգեոն» երիտասարդական ջոկատը՝ Սմբատ Հակոբյանի հրամանատարությամբ (իսկ մարտական հրամանատարը Լեւոն Գեւորգյանն էր, որը մեր կողքին մնաց մինչեւ պատերազմի ավարտը): Երբ արդեն որոշեցինք ռազմաճակատ մեկնել, դիմեցինք մեր ղեկավարին՝ Սմբատ Հակոբյանին, ասաց՝ դուք պատրաստ չեք կռվելու, պիտի մարզվեք: Արցախ փախչելու մի քանի անհաջող փորձերից հետո սկսեցի նախապատրաստվել մեր բաժին պատերազմին: Մեր նորաստեղծ մարմնակրթական երիտասարդական միությանը միացան բազմաթիվ պատանիներ: Մենք մարզվում էինք ուժասպառ լինելու աստիճան, սովորում էինք տիրապետել տարբեր զինատեսակների: Ես Արցախ մեկնեցի առաջին հինգ հոգու հետ՝ ես էի, Էդգարը, Գարիկը, Արմենն ու Ռուբենը…

Ես երբեք չեմ կարողացել պատմել պատերազմի մասին: Պատերազմը… համատարած լռություն է, երբ ավարտվում են ռումբերի որոտն ու ավտոմատների կրակահերթերը… Պատերազմը ազատագրված հող է՝ թշնամու եւ յուրայինի հենց նոր թափված արյունը վրան… Պատերազմը ականի վրա պայթած ընկերոջդ կիսաբաց աչքերն են, նրա սպանված ժպիտը… Պատերազմն արնաշաղախ ընկերոջդ կյանքի համար սրտիդ, ուղեղիդ, մարմնիդ բոլոր բջիջների մեջ տրոփող աղոթքն է… Երբ մեր «ուազիկը» պայթեց ականի վրա, յոթ հոգով էինք մեքենայի մեջ, միայն ես ու Արտյոմը ողջ մնացինք… Արտյոմը ոտքը կորցրեց, ես պրծա ցնցակաթվածով եւ բազմաթիվ սալջարդերով… Սա է պատերազմը:

… Արցախյան պատերազմում հաղթեց Կամավորականը: Արցախյան պատերազմը ժողովրդական-հայրենական կռիվ էր, ազգային կռիվ էր: Մի խմբի, մի կուսակցության պայքար չէր, մի ամբողջ ժողովրդի հավաքական-պատմական կռիվն էր իր անհատնում կորուստների ու իր ոտնահարված արժանապատվության համար: …Տիրուհի մամիս ու մարագում այրված նրա ընտանիքի կռիվն էր: Տուն, ընտանիք, ինչք կորցրած Մկրտիչ պապիս չսպիացող ցավի կռիվն էր: Այդ կռիվը մենք չէինք կարող տանուլ տալ: Մենք յուրահատուկ ազգ ենք: Մեր մեջ՝ յուրաքանչյուր հայի մեջ ինչ-որ ազնվական ինքնիշխանություն կա, անհպատակ ոգի: Էդ ոգին է մեզ 21-րդ դար հասցրել: Էդ ոգին է այսօր սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորի մեջ, որը չի փախչում ադրբեջանցիների էլիտար ստորաբաժանման առաջ, այլ կանգնում է սեփական հողի վրա ու կռվում է հանուն հայրենիքի: Հանիր այդ ոգին՝ հայից ոչինչ չի մնա: Ուստի Հայաստանը մտահոգեւոր մեծ ներուժ ունի: Մեր հոգեւոր-մշակութային ժառանգությունը թագավորական պալատներում չի գոյացել, հասարակ հայ մարդն է եղել այդ ժառանգության կրողը, ազնվածին զինվորականների նման պահել են հայկական հողը:

Գայանե Պողոսյան