Ասք

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»


հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան

Մի ասքանման, վեհաշունչ պատմություն կա պապերիս մասին, որ փոխանցվում է սերնդեսերունդ։ Կոթիի մերձակա ադրբեջանական գյուղերից մեկի յոթ թուրք եղբայրները ճնշում, ահուսարսափի մեջ էին պահում հայ բնակչությանը, ստիպում էին «հարկ» վճարել, խլում էին նրանց ինչքը, անասունը, ըմբոստացողներին սպանում էին։ Այդպես սպանում են նաև Օհաննես պապիս հորեղբոր տղային՝ Մելքոյին։ Եվ պապիս հայրը՝ Արտեմը (նրանք հինգ եղբայր էին), որոշում է վրեժխնդիր լինել։ Հինգ եղբայրները երդվում են մինչև վերջին մարդը վերացնել թուրք արյունարբու գերդաստանի տղամարդկանց… Երբ բոլորն սպանվում են, և մնում է միայն գերդաստանի վերջին տղամարդը՝ Սարին, հայրը կանչում է Օհաննես պապիս ու ասում՝ Սարիին դո՛ւ պիտի սպանես, քո խարջն է։ Սարին, բնականաբար, գիտեր, որ վերջին թիրախը ինքն է, և թաքնվում էր։ Պապս ամիսներ շարունակ դարանակալում է, համոզված, որ Սարին օրերից մի օր կայցելի կնոջն ու երեխային։ Ու մի օր, երբ Սարին գաղտագողի մոտենում է կնոջն ու բարուրի մեջ փաթաթված երեխային, պապս, հրացանով նշան բռնած, ձայն է տալիս՝ Սարի՛… Սարին շրջվում է ու հաշտ հուսահատությամբ հարցնում՝ եկա՞ր, Օհաննե՛ս։ Եկա՛, ասում է պապս, եկա՛ Մելքոյի վրեժը լուծելու։ Ու դիմահար կրակում է։ Ի դեպ, մերոնք երբեք թիկունքից չեն խփել թուրքերին, գաղտագողի չեն կրակել, այլ Օհաննես պապիս նման՝ դեմ առ դեմ, շիտակ, հերոսաբար՝ արյամբ լվանալով թափված արյունը…

Երդումը մինչև վերջ ի կատար ածելու համար պապս պիտի բացեր բարուրն, ու եթե երեխան տղա լիներ…Թրքուհին հասկանում է ու սկսում արտասվել։ Պապս նայում է թուրքի արու զավակին ու… չի կարողանում բարձրացնել հրացանը։