Հատված «Ես վիրաբույժ եմ» վիպակից

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկագիտության թեկնածու, դոցենտ, Արցախյան ազատամարտի մասնակից-վիրաբույժ Դավիթ Պատրիկյան

… Անասելի աղմուկ էր, անընդհատ իրար հետեւող պայթյուններ, իրար հետեւող գնդացրային կրակահերթեր: Օդի մեջ ավելի շատ հողի, մարդկային մարմինների, հագուստի, բույսերի արմատների մասնիկներ կային, քան օդ, թթվածին: Արկերն ընկնում էին գետնին ու իրենց հետ օդ բարձրացնում հսկայածավալ մարմինը ու շպրտում հեռու: Աչքերը կկոցում էր՝ այդ ամենը չտեսնի, գնդակները թռչում էին տարբեր ուղղություններով՝ օդի մեջ աներեւակայելի սարդոստայն կառուցելով: Մի տեղից մյուսն էր վազում, պատսպարվում, գլուխն զգուշությամբ դուրս էր հանում, կրակահերթ անում: Ուր թռավ, ինչ եղավ՝ ոչ-ոք չգիտեր: Այդպես անընդհատ…եւ ահա սուր ցավ կրծքավանդակի աջ կեսում: Կարծես մարմնի կեսը թռավ ու անջատվեց իրենից: Արյան հսկայածավալ հետքը շրջապատեց զինվորական համազգեստի պատառոտված մասի շրջակայքը: Գլուխը պտտվեց, երկինքը շուռ եկավ, ոտքերը թուլացան, ու ինքը ճանապարհ ընկավ դեպի երկինք, դեպի վեր, դեպի վեր… Իսկ ներքեւում՝ ծիրանի ծաղկած ծառի վրա, հաստ շերտով ձյուն էր նստել: Ահա ճանապարհին… «Մեղքերդ լվացիր, չգործած մեղքերդ…» …

Բացեց աչքերը: Վրանի տանիքից կտկտոցով ջուր էր կաթում: Վրանում թանձր խոնավության հոտ էր: Կողքին ոչ ոք չկար: Դիմացի մահճակալներին պառկած էին վիրավորներ, որոնք տնքում էին: Նրանց մոտեցող չկար: Վրանում ոչ մի բուժաշխատող չկար: Թվաց, թե ձայն է տալիս: Իր ձայնն ինքն էլ չլսեց: Այդքան նվաղել է այն: Նկատեց՝ կողքից ինչ-որ խողովակ է կախված, կրծքավանդակի աջ կեսը ցավում էր: Ձեռքը տարավ դեպի կրծքավանդակը, շոշափեց վիրակապը: Շնչառական շարժումների ժամանակ ցավեր կային, դժվարաշնչություն: Միտքը մշուշոտ էր, մտքերը՝ խառը, ուղղակիորեն չէր ըմբռնում եղելությունը: Հիշեց, որ վիրավորվեց, հենց առաջին օրը: Անփորձ զինվոր, առաջին անգամ մարտադաշտ: Գլուխը բարձրացրեց, դժվարությամբ դիմացի հիվանդների ուշադրությունը հրավիրեց:

-Բարձր բղավիր, ներս կգան:

Ներս մտավ սպիտակ խալաթավոր մի անձնավորություն՝ սիգարետը բերանի անկյունում, նա ավելի շատ նման էր հերձարանի աշխատողի: Մոտեցավ, առանց հարցնելու սեղանից վերցրեց դեղորայքի սրվակն ու անմիջապես ներարկեց այն: Քիչ հետո թմբիր իջավ վրան, աչքերի առաջը մշուշվեց, ցավերը մեղմացան, անզգայացավ մարմինը, ու քնեց մղձավանջի մեջ:

Արթնացավ, ցավերը քիչ մեղմացել էին: Շոշափեց շորերն ու գտավ Սրբապատկերը: Ամուր սեղմեց այն կրծքին ու աղոթք մրմնջաց: Ավելի հեշտությամբ բարձրացրեց գլուխը, նկատեց, որ կարող է վեր կենալ: Նստեց անկողնու մեջ, կանգնեց ու դուրս եկավ վրանից: Դրսում ցուրտ էր, ձյուն էր տեղում: Դանդաղ քայլերով առաջ գնաց: Շրջակայքում ոչ-ոք չկար: Մի քանի վրաններ էին: Մի քանի քայլ այն կողմ դաշտային խոհանոցի կաթսան էր, որից ծուխ էր բարձրանում: Քիչ հետո դրա մոտ մի զինվոր երեւաց՝ սպիտակ, եթե կարելի էր այն սպիտակ համարել, գոգնոցով ու ձեռքի մեծ թիակով խառնեց կաթսայի պարունակությունը: Քայլեց, յուրաքանչյուր քայլի հետ զգում էր, որ ավելի լավ է զգում, ուզում էր հաղթահարել այն ամենը, ինչն օրեր առաջ շատ զինվորներ հաղթահարում էին իր օգնությամբ: Քիչ հետո զգաց, որ չարաշահում է, ու դանդաղ քայլերով հետ վերադարձավ: Ամեն ինչ հասկանալի ու պարզ էր: Մնում էր միայն դիմանալ այս պայմաններին ու ապրել, գոյատեւել: Դա իհարկե դժվար էր: Ճիշտ, որ կյանքը մեկ փամփուշտից էր կախված… Ինչ լավ էր, որ նամակ չգրեց…

Արթնացավ գիշերային մթության մեջ առաջացած աղմուկից: Վեր թռավ, սովորության ուժով դուրս եկավ վրանից: Գետնին՝ պատգարակի վրա, վիրավոր կար: Շրջակայքում ոչ ոք չկար: Նա տնքում էր ծանր ցավերից: Բուժքույրն ու զինվորին բերած բուժակը մի վրանից մյուսն էին վազում, բղավում, կանչում: Բուժքույրը հանկարծ իրեն մոտեցավ:

-Ի՞նչ է պատահել,-հարցրեց:

-Վիրավոր են բերել, իսկ բժշկին չեմ կարող գտնել, ծանր է վիճակը…

-Որտե՞ղ է վիրասրահը:

-Այնտեղ,- ձեռքը դեպի կողքի վրանը պարզելով` պատասխանեց բուժքույրը:

-Արագ պատրաստիր վիրասրահը,- կռանալով ու վիրավորին զննելով՝ արտասանեց նա:

-Բայց դուք, նոր եք վիրահատվել, չի կարելի…

-Ոչինչ, տուր ինձ մի գործիք ու արագ լվացվիր…

Քիչ հետո սկսվեց վիրահատությունը: Զսպելով սեփական ցավը, ափերի մեջ սեղմելով ու խեղդելով այն՝ անզուգական արագությամբ ու հրաշալի միջամտություններով, մեկը մեկին հաջորդող գործողություններով իրականացնում էր վիրահատությունը: Այն ավարտվում էր, սպառվում էին ուժերը: Հազիվ հավաքում էր վերջին, վերջին ճիգերը…

Աղմուկով ներս խուժեց պետը.

-Ի՛նչ ես անում, զինվո՛ր…

-Վիրահատում եմ, կյանք եմ փրկում, ես վիրաբույժ եմ…

Ու վերջին կարի հետ սպառվեց բուժքրոջ ձեռքին լուսավորելու համար պահված վառող մոմի նման…

Իսկ ներքեւում փթթած ծիրանենին փայլփլում էր արեւի հրաշագործ ճառագայթներից…

Ի~նչ հրաշք էր հաղթանակը, ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ…