Խորհրդային միության հերոս

հայ զինվորական բժիշկը

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային երկրի բազմազզ ժողովուրդների 42 բժիշկներ ռազմաճակատներում ցուցաբերած խիզախության ու հերոսության համար արժանացան Խորհրդային միության հերոսի կոչման: Նրանցից էր նաև հայազգի Սերգեյ Վարդանի Գրիգորյանը:

Ս. Վ. Գրիգորյանը ծնվել է 1923 թ. ապրիլի 14-ին Վրաստանի Թեթրիծղարո գյուղում: 1940 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ 1942 թ.՝ Խարկովի ռազմաբժշկական ուսումնարանը:

…1942 թվականի ամռանը՝ պատերազմի ամենաթեժ ու մոլեգնող ժամանակաշրջանում, նորավարտ բժիշկը մեկնում է ռազմաճակատ: Որպես բժշկա-սանիտարական դասակի հրամանատար՝ նա ծառայության է անցնում 10-րդ օդադեսանտային դիվիզիայի 19-րդ հրաձգային գնդում, որը մարտեր էր մղում հյուսիսարևմտյան ռազմաճակատում: Արագորեն հարմարվելով ռազմաճակատային իրադրությանը՝ բուժծառայության լեյտենանտ Ս. Գրիգորյանը կարողանում է հմտորեն կազմակերպել վիրավոր և հիվանդ մարտիկների բուժօգնությունը: Զորամասում կատարած այդ օրինակելի աշխատանքի համար նա պարգևատրվում է «Խիզախության համար» մեդալով և Կարմիր աստղի շքանշանով:

1943 թ. օգոստոսին նրանց գվարդիական գունդը փոխադրվում է Ուկրաինական ռազմաճակատ: Այստեղ առավել ակնառու կերպով են դրսևորվում վիրավոր զինվորներին և հրամանատարներին բուժօգնություն ցույց տալու գործում նրա մասնագիտական, հրամանատարական-կազմակերպչական ունակությունները, որի համար պարգևատրվում է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով:

Իր զինվորական համազգեստին բժշկական խորհրդանիշ կրող Ս. Գրիգորյանը դադար չէր առնի, մինչև կրակի տակից դուրս չբերվեր մարտադաշտում մնացած վերջին վիրավորը, ինչ գնով էլ դա լիներ: 1943 թ. հոկտեմբերին տափաստանային ռազմաճակատում հարձակվողական մարտերի ժամանակ նրա հրամանատարությամբ բժշկական դասակը միայն մեկ մարտի ընթացքում ռազմադաշտից դուրս է բերում 250 վիրավոր զինվոր և սպա՝ իրենց զենքերով: Ս. Գրիգորյանը անձամբ մարտադաշտից սանբուժմաս է տեղափոխում 40-ից ավելի վիրավորների՝ օրինակ ծառայելով մյուսներին:

Ռազմաճակատում քիչ դեպքեր չեն եղել, երբ ստեղծված իրադրության թելադրանքով Ս. Գրիգորյանը հարկադրված է եղել ցած դնել բժշկական պարագաները, զենք վերցնել և մասնակցել հենց մարտական գործողություններին:

1943 թ. հոկտեմբերի սկզբներին Դնեպրոպետրովսկի մարզի Աննովկա գյուղի շրջանում մղված մարտերից մեկում նա անմիջականորեն մասնակցում է թշնամու տանկերի դեմ հակագրոհին և հակատանկային նռնակով ոչնչացնում դրանցից մեկին՝ նպաստելով շրջապատման օղակի ճեղքմանը: Նման օրինակներով և սխրանքներով լի են եղել բժկական դասակի հրամանատար Գրիգորյանի ռազմաճակատային օրերը:

… Նա հերոսություն ցուցաբերեց հատկապես 1943 թ. Ուկրաինայի ազատագրման և Դնեպր գետի մարտանցման համար ծավալված համառ ու կատաղի ժամանակ: Դնեպրի արևմտյան ափին խորհրդային զորքերը ռազմահենադաշտ էին նվաճել, այն պետք էր պահպանել: Հոկտեմբերի 4-ին մարտական ծանր գործողությունների ընթացքում Գրիգորյանը ցուցաբերում է արիություն, քաջություն և անձնազոհություն: Թշնամու փոթորկալից կրակի տակ իր մարմնով ծածկում է գումարտակի հրամանատարին, փրկում նրա կյանքը, իսկ ինքը մահացու վերք է ստանում… և զոհվում: Նա 20-ը դեռ նոր էր բոլորել:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1943 թ. դեկտեմբերի 20-ի հրամանագրով Սերգեյ Վարդանի Գրիգորյանին հետմահու շնորհում է Խորհրդային միության հերոսի կոչում:

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Վրաստանի Թեթրիծղարո գյուղի միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվում է դպրոցի նախկին սան, Խորհրդային միության հերոս, զինվորական բժիշկ Սերգեյ Գրիգորյանի արձանը:

Պատրաստեց Վ. Ալավերդյանը