Զինվորի նման

Արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյան

Նախնիներս Տեր-Սարգսյան ազգանունն են կրել, սակայն հետագայում պապիս պատվին, որը հայտնի էր Զեյթունցի Սարգիս անվամբ, մեր տոհմը կոչվել է Զեյթունցյան։ Բարեբախտաբար, մերոնք կարողացել են փրկվել կոտորածից եւ հաստատվել են Եգիպտոսում։ Ես Եգիպտոսում եմ ծնվել։

Եգիպտահայ համայնքը շատ ամուր էր, կազմակերպված, եռանդուն։ Հայապահպանությունը համայնքի ավուր հոգսն էր։ Պատահական չէ, որ եգիպտահայ համայնքը բազում նշանավոր անուններ է տվել՝ Միհրան Երկաթ, Զավեն Դոլաբջյան, Հակոբ Հակոբյան, Աննա Նշանյան… Տեղի հայկական դպրոցները շեշտված ազգային նկարագիր ունեին, երեխան առաջին հերթին դաստիարակվում էր ազգային արժեքներով…Ազգային ինքնագիտակցությունը արթնանում է ինքնաճանաչողության, սիրո եւ նվիրումի համատեքստում։ Եգիպտոսի հայկական դպրոցներում ազգային մշակույթի ուսումնասիրությունը, մայրենիի, հայոց պատմության ուսուցանումը կրթության հիմքն էին, էությունը, բարոյախոսությունը, հաջողությամբ ուսուցանվում էին նաեւ մյուս առարկաները եւ օտար լեզուները։ Ազգային դպրոց ստեղծելու առաջին երաշխիքը պետական-ազգային գաղափարախոսության եւ ազգային պետության առկայությունն է։

Այսօր կրքեր են բորբոքվել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու խնդրի շուրջ, ոմանք մեծ ջանասիրությամբ պաշտպանում են օտար լեզուների «իրավունքը»… Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես: Մայրենի լեզուն փրկելու մասին մտածեք։ Այսօր մայրենին աղճատվում է՝ սկսած փողոցի առօրյա խոսակցություններից, վերջացրած հեռուստատեսությամբ, մամուլով եւ ամենաբարձր պետական ամբիոններով։ Եթե օտար լեզուների ուսուցումը այդքան հրատապ է, ապա դասավանդեք այն հայկական դպրոցներում՝ երեխայի հոգում նախեւառաջ մայրենի լեզվի եւ ազգային արժեքների հանդեպ սեր, հարգանք արթնացնելուց հետո միայն։ Մայրենիի իմացությունը սովորական նյութի յուրացում չէ, մտածողություն է, բարոյականություն, նկարագիր, կրթվածություն, հոգեւոր դաստիարակություն… մայրենիի հանդեպ սերը, մայրենի լեզվի իմացությունն է երեխային տանում դեպի գիրքը, գրականությունը՝ դեպի գիտելիքը։

Չե՞ք մտածել` ինչո՞ւ, ինչպե՞ս նվազեց (որ չասեմ՝ վերացավ) կրթության, կրթվածության հանդեպ մեր հարգանքը։ Հարգանքը գրքի հանդեպ…

Հայրենիքը սահմանով գծված, կիլոմետրերով չափվող տարածք լինելուց զատ (գուցեեւ առաջին հերթին) ազգի անցյալն է, մշակութային ժառանգությունը, բարոյական արժեքների համակարգը, կերպը, տեսակը, գույնը: Հայրենիքը մեր լեզուն է, մեր գրականությունը, մեր արվեստը, մեր հոգեկերտվածքն ու ազգային նկարագիրը: Այդ ամենը պաշտպանել է պետք նույնքան անձնվիրաբար ու նախանձախնդիր, որքան զինվորն է պաշտպանում հայրենիքի նյութական սահմանները: Հայրենիքը կարելի է կորցնել նրա տարածքային սահմանները կորցնելուց առաջ: Այդ դեպքում ո՛չ մի զենք, ո՛չ մի զինուժ չի կարողանա հրաշք գործել:

Ուրեմն զինվորի նման տեր կանգնենք մեր հոգեւոր հայրենիքին, զինվորի նման ծառայենք նրան, զինվորի նման պաշտպանենք մեր ազգայինի սահմանները, զինվորի նման սիրենք մեր հայրենիքը:

Գայանե Պողոսյան