Բժշկական ծառայության գեներալ-գնդապետը

Հայրենական պատերազմում Խորհրդային բանակի բուժսպասարկման կազմակերպիչը

Հայրենական գիտության պարծանք, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, ակադեմիկոս Լևոն Օրբելին սերում է հայ տոհմիկ ընտանիքից: Նա ծնվել է 1882 թ. հուլիսի 7-ին Ծաղկաձորում, հայտնի իրավաբան Աբգար Հովսեփի Օրբելու ընտանիքում: Նրա ծնողները ժամանակի առաջադեմ գաղափարներին հարող խավին էին պատկանում և բացառիկ նվիրվածությամբ էին կրթում իրենց երեք զավակներին՝ Ռուբենին, Լևոնին, Հովսեփին: Պատահական չէ, որ հետագայում երեքն էլ դառնում են հայտնի գիտնականներ:

Լևոն Օրբելին 17 տարեկանում ոսկե մեդալով ավարտում է Թիֆլիսի 3-րդ գիմնազիան և առանց քննությունների ընդունվում Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան՝ իր արտակարգ ընդունակություններով գրավելով բոլորի և, հատկապես, ռուս հայտնի ֆիզիոլոգ Իվան Պավլովի ուշադրությունը: Դեռևս ակադեմիայի երրորդ կուրսի ուսանող՝ նա իր առաջին գիտափորձարարական հետազոտությունն է կատարում Ի. Պավլովի լաբորատորիայում և ստացած փայլուն արդյունքի համար ռուս բժիշկների ընկերության գիտական նիստում արժանանում ոսկե մեդալի, դառնում Ի. Պավլովի այն աշխատանքների համահեղինակը, որոնց համար աշխարհահռչակ ֆիզիոլոգն արժանանում է Նոբելյան մրցանակի: Լևոն Օրբելու այդ առաջին գիտափորձը հետագա բազմաբեղուն գիտական գործունեության սկիզբն էր ազդարարում:

Ռազմաբժշական ակադեմիան ավարտելուց հետո Լևոն Օրբելին ՝ որպես զինվորական բժիշկ, 4 տարի ծառայում է Կրոնշտադտի, այնուհետև՝ Պետերբուրգի ծովային հոսպիտալներում, միաժամանակ գիտական հետազոտություններ կատարում Ի. Պավլովի լաբորատորիայում:

26 տարեկանում նա պաշտպանում է դոկտորական թեզը և ստանում բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Երիտասարդ գիտանականը Ի. Պավլովի երաշխավորությամբ գործուղվում է արտասահման, աշխատում այն ժամանակվա առաջատար լաբորատորիաներում, կատարում գիտական աշխատանքներ:

1920-1931 թթ. Լևոն Օրբելին եղել է Պետերբուրգի թ. 1 բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, իսկ 1925 թ. նշանակվել որպես ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ՝ փոխարինելով իր տաղանադավոր ուսուցչին՝ Իվան Պավլովին:

1920-1930 թթ. Լևոն Օրբելին գիտամանկավարժական աշխատանքներին զուգընթաց լայն հետազոտություններ է կատարում ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն առնչվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմաբժշական նշանակության խնդիրների:

1939 թ. նա ընտրվում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և երկար տարիներ գլխավորում ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների համամիութենական ընկերությունը: Հայրենական պատերազմի սկսվելուց հետո նա նշանակվում է նաև ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմաբժշկական ակադեմիայի պետ, միաժամանակ վարում մի շարք այլ պաշտոններ: Նրա տաղանդը առանձնահատուկ դրսևորվեց գիտա-կազմակերպչական աշխատանքներում, երբ նրան վստահվեց խորհրդային բանակի բուժսպասարկման կազմակերպման պատասխանատվությունը: 1942 թ. ԽՍՀՄ կառավարությունը հանձնարարում է գեներալ-լեյտենանտ Լևոն Օրբելուն վերակազմավորել Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան և ուսումնական ծրագրերը համապատասխանեցնել մարտնչող բանակում տարվող բժշկական գործնական աշխատանքին: Լինելով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիայի կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար՝ Լևոն Օրբելին պատերազմի տարիներին լայնածավալ գործունեություն է իրականացնում ՝ Խորհրդային միության գիտական հիմնարկներն ու գիտնականներին մասնակից դարձնելով խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի բուժսպասարկմանը: Այդ նպատակով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիան ստեղծեց ռազմասանիտարական հանձնաժողով: Ընտրելով փորձված և նվիրված օգնականներ (Ա. Վ. Լեբեդինսկի, Ա. Գ. Գինեցինսկի, Ա. Մ. Ալեքսանյան, Ն. Խ. Միխելսոն և այլք)՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու անմիջական ղեկավարությամբ գիտականորեն մշակվեցին բանակի ռազմասանիտարական վիճակի բարելավման և, ընդհանրապես, ռազմաբժշկական գիտության հետ կապված բազմաբովանդակ և բազմաթիվ առաջարկություններ: Լևոն Օրբելու, ակադեմիկոսներ՝ խորհրդային բանակի գլխավոր վիրաբույժ-խորհրդական Ն. Բուրդենկոյի, վիրաբույժ Ա. Բակուլևի և մյուսների կողմից մշակվեցին և իրագործվեցին հրազենային վերքեր ու մարտական տարբեր վնասվածքներ ստացած վիրավորներին, հիվանդներին բուժելու նոր, արդյունավետ եղանակներ ու դեղամիջոցներ, հարմարանքներ, սարքեր: Պատերազմի տարիներին Լևոն Օրբելու անմիջական ղեկավարությամբ՝ ռազմաբժշկական անձնակազմի նվիրված աշխատանքի, առողջապահության բնագավառի բազմաթիվ աշխատակիցների ջանքերի շնորհիվ շարք վերադարձան խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի վիրավոր մարտիկների 72,3 %-ը և հիվանդների 90,6 %-ը: Օրբելու կողմից բարենորոգված, վերակազմավորված Մ. Կիրովի անվան ռազմաբժշական ակադեմիան պատերազմի ընթացքում և հետագայում լիովին ապահովում էր ռազմաբժշկական կադրերի առկա պահանջը: Այդ հիրավի վիթխարի գիտա-կազմակերպչական աշխատանքը բարձր գնահատվեց և Խորհրդային կառավարության, և գիտական հասարակայնության կողմից:

Ռազմաբժշկական գիտության ասպարեզում մատուցած ծառայության համար Լևոն Օրբելուն շնորհվեց ռազմաբժշկական ծառայության գեներալ-գնդապետի կոչում, իսկ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան արժանացրեց Աշխատանքային հերոսի կոչման:

Լևոն Օրբելին մահացել է 1958 թ. դեկտեմբերի 9-ին Լենինգրադում: Սակայն նրա աշխատանքներն այսօր էլ համաշխարհային ճանաչում ունեն:

Պատրաստեց Վ. Ալավերդյանը