Դու իմ տղային մայրություն ես արել…

Ծանոթանում եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի հերթապահ բուժքույր Կարինե Մկրտչյանի կենսագրությանը…

Բանաստեղծուհի, երգչուհի, ՀՀ ժուռնալիստների, Գյումրու Գրողների միության, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի, «Զինվորի պաշտպանություն» կոմիտեի, ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության, ԵԿՄ վարչության, ՀՀ հանրային խորհրդի, Բուժքույրերի միջազգային ասոցիացիայի անդամ:

Բանաստեղծությունների երկու ժողովածու, գրեթե բոլոր զորամասերում համերգային շրջագայություններ, տասնյակ պատվոգրեր ու հուշամեդալներ….

Կարինե Մկրտչյանը երկար տարիներ աշխատել է որպես բուժքույր, սակայն երգը, բանաստեղծությունը, լրագրողի, ուսուցչի առաքելությունը գրեթե միշտ զուգակցվել են նրա կյանքում:

 

– Այս ամենի հետ մեկտեղ Դուք հոգատար ու նվիրված բուժքույր եք…. Այսքան օժտված եք, շնորհալի…իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք հատկապես բուժքրոջ մասնագիտությունը:

-Հորս պատգամն ու խնդրանքն էր, որ դառնամ բուժքույր: Դեռ դպրոցական էի, երբ հայրս ծանր հիվանդացավ: Բոլոր նշանակումները պիտի ամեն օր հետևողականորեն կատարվեին: Խնդրեցինք մեր հարևանուհուն: Ես հիշում եմ` հղի էր, բայց գիշեր-ցերեկ պարտաճանաչ գալիս էր, կատարում իր գործը` առանց որևէ փոխհատուցման: Հորս կյանքի վերջին օրերն էին: Ձեռքս բռնեց ու ասաց` ես ուզում եմ, որ դու դառնաս բուժքույր և երբեք քո աշխատանքի դիմաց հարևաններից գումար չվերցնես: Դա կանես հայրիկիդ համար: Հիշիր, ես կզգամ… Հորս պատգամը դարձավ կյանքիս նպատակը:

Մանկուց սիրել եմ զինվորական համազգեստը: Երբ փոքր էի, Գյումրու մեր տան դիմացով ռուսական բանակի զինվորները քաղաքային բաղնիք էին գնում: Թաղամասի երեխաներով մոտենում էինք և մեր իմացած մի քանի ռուսերեն բառերով դիմում զինվորներին` Друг, давай значок: Զինվորները աստղ էին տալիս, կամ այլ նշաններ, որոնք մենք փոխանակում էինք մեր այգիներից պոկած մրգերի հետ:

Երբ ավարտեցի, աշխատանքի անցա Գյումրու զինվորական պոլիկլինիկայում, ապա «Հաց» ԱԱՄ գլխամասային ձեռնարկության բուժկետում` որպես գլխավոր բուժքույր: Եվս 5 տարի աշխատեցի Գյումրու ռուսական զորամասում որպես բուժքույր: Սովորեցի նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի հեռակա բաժնում: Աշխատել եմ Գյումրու հեռուստառադիոկայանի FM 5 սեկտորում` որպես ասմունքի բաժվար, քաղաքային «Կումայրի» թերթում որպես թղթակից: Շատ էի սիրում իմ հայրենի քաղաքը, բայց հանգամանքների բերումով տեղափոխվեցի Երևան. մայրս երկրաշարժից հետո մի քանի ժամ մնացել էր փլատակների տակ: Մեկ տարի անկողնային հիվանդ էր, ես պետք է խնամեի: Տեղափոխվեցինք: Սկսեցի աշխատել Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցի սոմատիկ բաժանմունքում, միաժամանակ թիվ 94 դպրոցում սկսեցի բժշկագիտություն դասավանդել: Եղել եմ նաև տարրական դասարանների դասվար: Հանգամանքների բերումով ուսուցչի աշխատանքից հրաժարվեցի: Ամուսինս զինվորական էր, որոշեցի ընտրել նույն բնագավառը և աշխատանքի անցա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Տարիներ են անցել, բայց միշտ հուզմունքով եմ հիշում իմ առաջին հերթապահությունը: Այդ օրը հերթապահ էին Մհեր Սերոբյանը և մեր բաժանմունքի այսօրվա պետ Սևակ Շահբազյանը: Միշտ հիշում եմ Պարոն Շահբազյանի բարի, ազնիվ հայացքը: Ինքն էլ ինձ նման նորեկ էր: Առաջին հերթապահությունը կյանքի մեծ դաս էր, որը երբեք չեմ մոռաա: Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բաժանմունքի բուժանձնակազմին` բոլորին: Մենք մի կուռ, ամուր ընտանիք ենք: Ես ցանկանում եմ, որ միշտ այդպես լինի:

– Ծանր բաժանմունք է… վիրահատված հիվանդները ցավեր են ունենում, միաժամանակ կարոտում մայրական տաքուկ գիրկը, ընտանեկան ջերմությունը…և հենց բուժքույրն է զինվորին խնամողը…

-3 որդի ունեմ: Երբ ավագ որդիս զորակոչվեց բանակ, աշխատում էի հոսպիտալում: Միշտ ջերմ ու հոգատար եմ եղել զինվորների հանդեպ, դա նաև մեր մասնագիտական պարտքն է, սակայն երբ ինքդ զինվորի մայրս ես, ավելի լավ ես հասկանում տղաների հոգեբանությունը: Ես չէի ցանկանա ինձ առանձնացնել…

Երկրորդ որդիս ծառայում էր ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Սահմանային իրավիճակը խիստ լարված էր: Տղաս էլ որոշ խնդիրներ ուներ և բուժվեց Ստեփանակերտի հոսպիտալում: Ես չկարողացա նրան այցելել, սակայն որպես մայր այնքան հանգիստ էի: Վստահ էի, որ զինվորական հոսպիտալներում աշխատող բոլոր կանայք նույն մայրական հոգատարությամբ ու ջերմությամբ են շրջապատում զինվորին, ինչպես մեր բաժանմունքում: Զինվորի հանդեպ հոգատատարությունը վարակիչ է…

Մի հետաքրքիր դեպք հիշեցի: Միայն մայրը չէ, որ մտահոգվում է տղայի առողջությամբ: Միայն թե տեսնեք` զինվորը որքան է անհանգստանում ծնողի համար: Ուշ գիշեր էր. սուր ապենդիցիտով մի զինվորի էին բերել: Պետք է շտապ վիրահատեին: 18 տարեկան տղա էր, վախեցած էր, ճնշված… ամեն դեպքում հիվանդանոց էր եկել և գիտեր, որ վիրահատվելու է: Մոտեցա, գրկեցի, ասացի` բալես, զանգե՞մ մայրիկիդ հետ խոսես: Ասաց. «Ոչ, ոչ, մայրիկիս առողջական խնդիրներ ունի: Եթե այս ժամին հիվանդանոցից զանգենք, ճնշումը կբարձրանա… Ես գոնե բժիշկների մոտ եմ, մորս ո՞վ պիտի օգնի»: Նույնիսկ այդ վիճակում մտածում էր մոր մասին… անկեղծ ասած` շատ էի տպավորվել: Լուսադեմին տղային վիրահատարանից բերեցին բաժանմունք: 2-3 օր հետո, երբ եկա աշխատանքի, հիվանդասենյակներից մեկի մոտ մի կին էր սպասում: Մոտեցավ, ձեռքերս բռնեց… ուզում էր համբուրել: Ասաց` տղայիս վիրահատել են, ես անտեղյակ՝ գիշերը հանգիստ քնել եմ, դու իմ տղային մայրություն ես արել:

– Դուք անընդհատ զինվորների կողքին եք…իսկապես, դժվար ու շնորհակալ գործ եք անում…իզուր չեն բուժքույրերին նաև գթության քույր կոչում:

– Մարդկանց մեջ թյուր կարծիք է ձևավորվել, որ զինվորները փորձում են ամեն ինչ անել` հոսպիտալում հնարավորինս երկար մնալու համար: Մի զինվոր ունեինք, ամեն օր անհամբերությամբ հարցնում էր, թե երբ է զորամաս գնալու: Ասում էր` կարոտում է զորամասը: Երբ ընդունարանից զանգահարում էին, որ դուրս գրված զինվորներին ճանապարհենք, տղան գալիս հետաքրքրվում էր` արդյոք իրենց զորամասից մեքենա չի՞ եկել: Անգամ հարցնում էր` հնարավոր չէ՞, որ հայրը գա, իրեն տանի զորամաս: Ունենք տղաներ, ովքեր իրենց խիզախությամբ հիացնում են: Վիրավոր զինվոր ունեինք. Ստեփանակերտի հոսպիտալից էր տեղափոխվել: Այդ օրը ես հերթապահ էի: Բժիշկ Միքայել Սամսոնյանի հետ մտանք` վիրակապը փոխելու: Շուրջ 40 րոպե տևեց, իսկ մեր տղան մի անգամ չտնքաց, թեև վստահ էի, որ ցավեր ունի: Մարմնի մեջ բեկորներ կային: Հերոսաբար դիմանում էր ցավին: Դեմքը կարմրել էր, բայց իրեն տղամարդու պես էր պահում: Մոտեցա, հարցրեցի` ցավազրկե՞մ.. ասաց` ոչ, սա ինչ ցավ է, որ վախենամ… խիզախ տղա է: Այդ պահին էլ զենք տայիր, կգնար առաջնագիծ…

– Գիտեմ, որ շրջել եք զորամասերով, Ձեր հայրենասիրական երգերով ոգևորել մեր զինվորներին:

– 5 տարի շարունակ մասնակցել եմ ԵԿՄ «Ուխտագնացություն դեպի Արցախ աշխարհ» միջոցառումներին, և համերգավար եմ եղել և երգել եմ շատ զորամասերում: Մեր համերգներին մասնակցել են ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը, գուսան Հայկազունը…

Հիշում եմ` Գորիսի զորամասում համերգ ունեինք: Երբ բեմ բարձրացա և սկսեցի երգել, շարքերից գոռացին` բուժքույր, բուժքույր… (ժպտում է): Մեզ մոտ բուժված զինվորներից էին… Նման համերգները ավելի հետաքրքիր են դարձնում զինվորի առօրյան:

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Տիկին Մարգարիտայի հետ էլ բազմիցս եղել եմ տարբեր զորամասերում: Հյուսիսարևելեյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում էինք: Արդեն համերգը եզրափակում էինք: Մի զինվոր մոտեցավ տիկին Մարգարիտային, հետո նա հայտարարեց, որ համերգը նորից ենք սկսում` ավելացնելով, որ անպայման կատարենք զինվորի նախընտրած երգերը: Մենք զարմացած կրկնեցինք 2 ժամանոց ծրագիրը: Այդ օրերին սահմաններում իրավիճակը լարված էր: Երբ առանձնացանք, տիկին Մարգարիտան պատմեց. «Զինվորն ասաց` վաղը դիրքեր ենք գնում, չգիտենք հետ կգանք, թե ոչ: Գոնե մի քանի երգ լսենք, հետո գնանք… »:

-Հիվանդ զինվորների համար երգու՞մ եք…

-Այո,իհարկե, և շատ հաճախ: Մեր բաժանմունքի նախկին պետ Վահան Գևորգյանը արձակուրդ պիտի գնար: Նույն ժամանակահատվածում արձակուրդում էր նաև ավագ բուժքույրը: Բաժանմունքի պետն անհանգստացած էր, մտածում էր` ինչ անի, որ իր բացակայության ընթացքում բաժանմունքը պատշաճ վերահսկվի: Ես էլ գյումրեցուն բնորոշ հումորով ասացի` հանգիստ գնացեք, ես այստեղ եմ, տիրություն կանեմ: Բաժանմունքի պետը կատակեց, թե քեզ բաժին վստահել կլինի՞, մինչև վերադառնամ, բաժինը կկոչվի Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի վիրաբուժական անսամբլ:

– Ինչպե՞ս սկսեցիք ստեղծագործել:

– Տատս Մշո Բուլանխ գավառից էր: Ջարդերի ժամանակ 15 տարեկան է եղել: Փախչելիս կարողացել է փրկել միայն «Նարեկը», որը հիմա ինձ մոտ է: Գաղթի ճանապարհին հանդիպել է մի քանի ամսական երեխայի` մահացած մոր կուրծքը բերանում: Տատս փրկել է երեխային: Տղա երեխա է եղել, ճակատին` խալ: Միայն մի քանի տարի անց երեխայի հեռավոր բարեկամները գտել են նրան, հետո տատս ամուսնացել է: Մշեցի տատս բանաստեղծություններ էր արտասանում, ես դրանք գրառում էի, փոխում ինչ-որ բառեր: Փոքր էի: Այդ ժամանակից բանաստեղծությունների հանդեպ հետաքրքրություն էր առաջացել: Դպրոցական տարիներից սկսեցի ստեղծագործել: Չարենցին, Թումանյանին նվիրված բանաստեղծություններ էի գրել, որոնք տպագրվել են քաղաքային մամուլում: Երկրաշարժից առաջ բանաստեղծությունների ժողովածու ունեի: Դեկտեմբերի 6-ին Գյումրիի գրողների միությունում հանդիպեցի Տանյա Հովհաննիսյանին, ձեռագիրս տվեցի, որ խմբագրեր: Հիմնականում պատանեկան բանաստեղծություններ էին: Հետո չարաբաստիկ դեկտեմբրի 7-ը եղավ: Երկար ժամանակ չկարողացա գրել…

Բանաստեղծությունների 2 ժողվածու ունեմ` «Լույս և ստվեր», «Իմ վազքն ու քո ծիածանը»: Նոր գիրքս կազմելու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Հիմնականում բանակային թեման է գերակշռում:

Կրկին հորս հիշեցի… Երբ տարել են վիրահատության, նկատել են, որ ծոցագրպանում ծալված թուղթ կա: Դպրոցում հանձնարարել էին Թումանյանի Գիքորի մասին բանաստեղծություն գրել, իմ հեղինակած բանաստեղծությունը տպագրվել էր «Պիոներ կանչ» թերում: Հայրս դա գրպանում էր պահում: Երբ ցանկացել են վերցնել, ասել է` իմ աղջկա գրածն է, ես գիտեմ, որ աղջկաս անունը մի օր բեմից է հնչելու: Ես հավանաբար չեմ լսի: Հիմա, երբ բեմ եմ բարձրանում, հորս խոսքն եմ հիշում: Արցունքներս հոսում են դեպի ներս, դեպի սիրտս, որտեղ հայրս ու մայրս են… ամեն անգամ հիշում եմ, որ ծնողներս չտեսան այն, ինչի մասին երազում էին:

Հասմիկ Գյոզալյան