Հակոբ բեյ Տատրյան (1853-1936)

1880 թ. ավարտել է Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանը: Տասը տարի զինվորական ծառայության մեջ է գտնվել Բաղդադի, Մուսուլի, Բասրայի զինվորական հիվանդանոցներում: Պաշտոնավարել է նաև Թրակիայի՝ Քրքլարելի և Չորլուի զինվորական հիվանդանոցներում: Եղել է Մարմարա-Էրեյլիի զինվորական հիվանդանոցի բժշկապետը:

Մասնակցել է Բալկանյան պատերազմին: Եանիայի համար մղված մարտերի ժամանակ վիրավորվել և գերի է ընկել:

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին երկու տարիներին վարել է Սելիմիե հիվանդանոց-զորանոցի բժշկապետի պաշտոնը: Ունեցել է բժշկական ծառայության գնդապետի կոչում: Արքունի և ընդհանուր սպայակույտի կողմից արժանացել է շքանշանների: Փորձառու և հեղինակավոր բժշկի համբավ է ունեցել: Բժշկի բարձր կոչմանը հավատարիմ՝ աղքատ և չքավոր ընտանիքներին բուժել է անվճար: Վայելել է պոլսահայ համայնքի հարգանքը, քանի որ հետևել է այն սկզբունքին, որ հիվանդի վիճակը միայն դեղամիջոց նշանակելով չի բարելավվում. իր կարոտյալ հիվանդներին այցելելիս օգնականին պատվիրել է անպայման սննդամթերք և տաք հագուստ տանել նրանց:

Հակոբ բեյ Տատրյանի հուղարկավորությունը կատարվել է զինվորական պատիվներով և շուքով:

Անահիտ Աստոյան

  • Hakob bey Tatryan (2)