15 րոպե ու մի ամբողջ հավերժություն…

«Մեր տղաները հիացնում են իրենց խիզախությամբ, ամրությամբ: Վիրավոր զինվոր ունենք. Ստեփանակերտի հոսպիտալից է տեղափոխվել: Այնտեղ արդեն վիրահատել էին: Այդ օրը ես հերթապահ էի: Բժիշկ Միքայել Սամսոնյանի հետ մտանք` վիրակապը փոխելու. շուրջ 40 րոպե տևեց վիրակապությունը, իսկ մեր տղան մի անգամ չտնքաց, թեև վստահ էի, որ ցավեր ունի: Դեմքը կարմրել էր, բայց իրեն տղամարդու պես էր պահում. հերոսաբար դիմանում էր ցավին: Մոտեցա, հարցրեցի` ցավազրկե՞մ.. ասաց` ոչ, սա ի՞նչ ցավ է, որ չդիմանամ: Մարմնի մեջ բեկորներ կային… դրանցից մեկը թանզիֆի մեջ փաթաթած տվեցի իրեն, որ հիշի… խիզախ տղա է. այդ պահին էլ զենք տայիր, կգնար առաջնագիծ…»,- ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիալի վիրաբուժության բաժանմունքի հերթապահ բուժքույր Կարինե Մկրտչյանը հիացմունքով ու հուզմունքով էր պատմում շարքային Արտավազդ Խաչատրյանի մասին.

«Հակառակորդի դիվերսիան հերոսաբար հետ է մղել, սակայն այնքան համեստ է… չի սիրում խոսել իր մասին»:

Օրեր առաջ այցելեցի զինվորին: Շարքային Արտավազդ Խաչատրյանը վիրավորվել է շուրջ մեկ ամիս առաջ` ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հերթական հարձակումը հետ մղելիս: Երբ մտա հիվանդասենյակ, Արտավազդը կարդում էր: Աչքի անցկացրեցի գրքի շապիկը. Դեյլ Քարնեգի. «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա»:

-Փաստորեն սիրում ես կարդալ…

– Գեղարվեստական գրքեր այդքան չեմ կարդում: Իհարկե, բոլորն ինչ-որ չափով սովորեցնում են, սակայն նախընտրում եմ այնպիսի գրքեր, որոնք գիտելիքներդ հարստացնում են… այս գիրքը տատիս խորհրդով եմ կարդում,- ժպտում է զինվորը:

Արտավազդը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Արմավիր քաղաքում: Առաջին դասարանն ավարտելուց հետո տեղափոխվել են Արտաշատ: Նախքան զորակոչվելը ընդունվել է ԵՊՃՀ:

Ծառայել է 15 ամիս. 10-րդ հերթափոխն էր, երբ տեղի ունեցավ միջադեպը.

– Արտավազդ, պատկերացնում եմ` ինչքան դժվար է հիշել միջադեպի մանրամասները, բայց խնդրում եմ պատմիր… Ի՞նչպես նկատեցիր թշնամուն…

– Առավոտյան ժամը 6:00-ն էր: Ընկերոջս հետ մարտական հերթապահություն էինք իրականացնում: Հանկարծ համատարած լռության մեջ ձայներ լսեցինք… ինչ-որ շարժ կար: Փոքր-ինչ առաջ գնացինք` առույգ հերթափոխի տղաներին հարցնելու, թե ինչ ձայներ են, և արդյո՞ք իրենք էլ լսել են: Դեռ չէինք հասել կացարան, հանկարծ փոքր-ինչ վերև՝ արահետի վրա երկու մարդկային կերպարանք նկատեցի: Եթե չշարժվեին, միգուցե չնկատեի, բայց առաջ էին գալիս: Ընկերոջս հարցրեցի` տեսնու՞մ ես, մարդիկ են… Ընկերս անմիջապես գոռաց` ո՞վ եք… Հենց այդ պահից սկսեցին կրակել մեր ուղղությամբ: Ես առաջին վայրկյաններին մարմնիս ձախ հատվածում ցավ զգացի` բայց չգիտեմ` փայծա՞ղս էր, թե՞ բեկորային վիրավորումից էր ցավը… (Փայծաղը հեռացրել են-հեղ.) Հետո իմացա, որ փոխհրաձգությունը տևել է ընդամենը 15 րոպե, բայց այդ ընթացքում այնքան բան է կատարվել, մի ամբողջ հավերժություն թվաց: Մենք ընկնում էինք, կրկին կանգնում և անընդհատ կրակում էինք նրանց ուղղությամբ: Մի պահ զգացի, որ չեմ կարողանում շնչել… մի քանի քայլ ինքնաբերաբար առաջ գնացի ու գոռացի, շնչառությունս բացվեց: Նկատեցի, որ կացարանի դուռը շուռ է եկել: Ինչ-որ մեկը կանգնած էր, գոռացի` մագազին (պահեստատուփ) տուր, իմը արդեն դատարկվել էր: Չարձագանքեց, երևի չլսեց: Այդ պահին հիշեցի, որ նռնակ ունեմ, նետեցի… մանրամասները լավ չեմ հիշում, բայց այդ պահին արդեն ամբողջ անձնակազմը ոտքի էր ելել: Հիշում եմ, որ մի պահ կացարանում պահեստատուփ էի փնտրում: Հետո հոսպիտալում ինձ պատմեցին, որ 20 հոգանոց խումբ է եղել: Մի մասը մնացել էր աղբյուրի մոտ, մի մասը մոտեցել մեզ… պատմեցին նաև, որ իմ նռնակը նետելուց հետո գոռացել ու խուճապահար փախել են: Հոսպիտալում տեղեկացա նաև այն մասին, որ 2 զոհ են ունեցել, մեկ վիրավոր:

– Ինչպե՞ս կազմակերպվեց առաջին բուժօգնությունը…

– Բժիշկները հասան և տեղափոխեցին ինձ ու ընկերոջս գումարտակ: Ճանապարհին կան հատվածներ, որտեղ մեքենա չի կարող անցնել, մեզ պատգարակի վրա էին տեղափոխում: Ամբողջ ընթացքում շարունակում էին կրակել մեր ուղղությամբ: Մտածում էի` այնտեղ կարողացա պայքարել, ապրել, այստեղ պիտի մեռնե՞մ… (ժպտում է): Ինձ տեղափոխեցին Մարտակերտ: Այնտեղ վիրահատել են: Երբ արթնացա անզգայացումից, արդեն Ստեփանակերտի հոսպիտալում էի:

– Այնքան հանգիստ ես պատմում…

– Մի ամսից ավել անցել է միջադեպից… երբ աչքերս փակում էի, այդ տեսարանն էր գալիս աչքիս առաջ, առաջին մի քանի օրը երազում զրահաբաճկոնս էի փնտրում (ժպտում է):

– Ու համեստորեն լռում ես…. Եթե ես ուշադիր չլինեի, չէի հասկանա, որ հենց քո զգոնության շնորհիվ սարսափելի ողբերգություն է կանխվել… հետո էլ վիրավոր վիճակում այնքան սթափ ես եղել, սկսել ես կրակել, անգամ նոր պահեստատուփ ես փնտրել…

-Իմ պարտքն եմ կատարել:

Հասմիկ Գյոզալյան