Սեպուհ բեյ Ութուճյան (1862-1947 թթ.)

Կրթություն է ստացել Սկյուտարի Սուրբ Խաչ և Ներսեսյան-Երմոնյան վարժարաններում: 1884 թ. ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը: Պաշտոնավարել է նախ՝ Կ. Պոլսի Հայդարփաշայի, այնուհետև՝ Էդիրնեի զինվորական հիվանդանոցներում:

23 տարի ծանր և դժվարին պայմաններում ծառայել է Աֆրիկայի Տրիպոլիս քաղաքում տեղակայված օսմանյան զորաբանակում: Սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և կարգվել օսմանյան հրետանային երկրորդ գնդի բժշկապետ:

Մասնակցել է Թուրք-իտալական և Բալկանյան պատերազմներին: Օսմանյան տարբեր զորամիավորումներում վարել է բժշկապետի պաշտոնը: 1914 թ. փոխգնդապետի զինվորական աստիճանով հանգստյան է կոչվել, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերստին կանչվել է զինվորական ծառայության և երկու տարի վարել Հայդարփաշայի զինվորական հիվանդանոցի բժշկապետի պաշտոնը, այնուհետև վերջնականապես հանգստյան կոչվելով՝ երկար տարիներ սիրահոժար և անվճար դարմանել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի աղքատներին:

Անահիտ Աստոյան