Արթին բեյ Տեվլեթյան (1858-1937 թթ.)

Նախնական կրթությունը ստացել է Գումգափուի Պեզճյան Մայր վարժարանում: Ուսանել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում և 1884 թ. հարյուրապետի աստիճանով ավարտել այն: Տիգրան բեյ Աճեմյանի մոտ հմտացել է իր մասնագիտության մեջ: Այնուհետև մեկնել է Եվրոպա. Ցյուրիխի, Վիեննայի և Փարիզի հիվանդանոցներում լրացրել է վիրաբուժության տեսական և գործնական գիտելիքները: Կ. Պոլիս վերադառնալով՝ նշանակվել է Էդիրնեի զինվորական հիվանդանոցի բժշկապետի պաշտոնին և 23 տարի վարել այն: 1910 թ. դարձել է Հայդարփաշայի զինվորական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժը:

Բալկանյան պատերազմի ժամանակ որպես բժշկապետ ծառայել է Բ. զորաբանակում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Գատըգյուղի 1200-տեղանոց զինվորական հիվանդանոցի բժշկապետը:

Ունեցել է գնդապետի աստիճան: Նրան առաջարկվել է Էդիրնե նահանգի լիվայի փաշայությունը (զորապետությունը, գեներալ-նահանգապետի պաշտոնը), սակայն տարիքի պատճառով հրաժարվել է: 53 տարի անընդմեջ եղել է զինվորական ծառայության մեջ:

Արթին բեյ Տեվլեթյանի հուղարկավորությունը կատարվել է զինվորական պատիվներով և շուքով:

Անահիտ Աստոյան