Շնորհավոր տաղանդիդ ու աշխատասիրությանդ տոնը, Հայ ժողովուրդ

1886 թ. մայիսի 1-ին Ամերիկայի արդյունաբերական խոշոր քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, աշխատավորները կազմակերպեցին բողոքի զանգվածային ցույցեր՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Հանրահավաքի կազմակերպիչները կախաղան հանվեցին, բայց նույնիսկ կախաղան բարձրանալիս նրանք չդադարեցին օրհներգել աշխատավորների իրավունքների պաշտպանության հիմնը: 1889 թ. Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյում տեղի ունեցած արյունալի բախումների՝ որոշում ընդունեց մայիսի 1-ը հռչակել որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր:

Այսօր էլ աշխարհի ավելի քան 140 երկրներում Մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների տոն:

… Մենք աշխատող, արարող ժողովրդի համարում ունենք օտարազգիների շրջանում, « քարից հաց քամել» արտահայտությունը ամենից շատ հենց մեզ է բնորոշ, մենք ենք, որ մեր աշխատասիրությամբ, սուր մտքով ու աննկուն կամքով կարող ենք ոչ միայն գոյատևելու ճանապարհ գտնել ամենադժվար իրավիճակներում, այլև բարձրանալ զրկանքից ու թշվառությունից, ինչպես մեր տունը ավերակած երկրաշարժից հետո հառնեցինք ավերակներից, ինչպես բուժեցինք Արցախյան պատերազմի վերքերը, ինչպես թոթափեցինք տնտեսական ծանրագույն կացությունը, ինչպես այսօր ավուր տքնանքով կառուցում ենք մեր երկիրը՝ ազգովի մեր բաժինը տալով հայրենաշինության գործին՝ Հայաստանում ու Հայրենիքի սահմաններից դուրս…

Ուրեմն՝ մայիսի 1-ը՝ Աշխատանքի տոնը, հենց մեր՝ հայերիս տոնն է՝ աշխարհի ամենաաշխատասեր, ամենաարարող, ամենաանկոտրում, ամենաստեղծարար, ամենաջանասեր ազգի տոնը: Աշխարհի որ ծայրում էլ ապրի հայը, իր աշխատանքով շենացնում է երկիրը, իր մտքի թռիչքով պատիվ է բերում ոչ միայն իր հայրենիքին, այլև այն երկրին, որտեղ ապրում է…Լևոն Օրբելի, Ծովակալ Իսակով, Արամ Խաչատուրյան, Հասմիկ Պապյան, Շառլ Ազնավուր, Արմեն Ջիգարխանյան, Քըրք Քըրքորյան, Ջիվան Գասպարյան…Գիտություն, բանակ, արվեստ, բիզնես. ո՞ր բնագավառում, ո՞ր երկրում չի հնչել մեր հայակական ազգանունը՝ իբրև աշխատասիրության ու տաղանդի խորհրդանիշ: Ուրեմն՝ շնորհավոր աշխատասիրությանդ ու տաղանդիդ տոնը, Հայ ժողովուրդ: Պատիվ, ակնածանք ու խոնարհում …. Ոչ մի արհավիրք, ոչ մի ցեղասպանություն, ոչ մի փորձություն չկարողացան ընդհատել դեպի հավերժություն Քո հաստատուն երթը, որովհետև Դու՝ շինականից մինչև զինվորական, բանվորից մինչև արվեստագետ, բազկիդ ու ոգուդ ուժին ապավինած, կառուցեցիր՝ ի հեճուկս քանդողների, արարեցիր՝ ի հեճուկս ոչնչացնողների, սիրեցիր՝ ի հեճուկս ատողների…Ու քո անդուլ աշխատանքն ու Աստծո բարեգութ ողորմածությամբ՝ քեզ շնորհված հանճարեղության ուժն են փարոսի պես լուսավորելու անցնելիք ճանապարհդ…Քո վերելքը՝ թող որ դժվար, բայց երկնամերձ է լինելու:

Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ, խաղաղ, ստեղծագործ աշխատանք քո բոլոր զավակներին:

<<Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա>> հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան