Ուժ տուր հողին

Զրույց ազատամարտիկ – բուժքույր Սուսաննա Գալստյանի հետ

-Տիկին Սուսաննա, Դուք արտասովոր կին եք, մեկը այն քչերից, որոնք զենք վերցրին ու տղամարդկանց հետ գնացին մարտադաշտ՝ պաշտպանելու հայրենիքը։ Ձեր կարծիքով պատերազմի ժամանակ կնոջ տեղը մարտադաշտո՞ւմ է։

-Ես գիտեմ, որ տղամարդկանց հետ ճակատ մեկնած, կռված կնոջ կերպարը (այն էլ հայուհու) միանշանակ չի ընկալվում։ Ֆիդայի կնոջ կերպարը չի համապատասխանում հայ կնոջ մասին մեր պատկերացումներին։ Ես նույնիսկ քամահրական վերաբերմունք եմ տեսել, քննադատություն եմ լսել։ Ու չեմ նեղանում։ Իրոք, կինը չպետք է զենք վերցնի, չպետք է կրակի, չպետք է մարդ սպանի։ Կինը ի բնե փխրուն, զգացմունքային, բարի արարած է, այդպիսին էլ պետք է մնա։ Նա պետք է կյանք տա, ոչ թե կյանք խլի։ Իսկ պատերազմը աղավաղում է կնոջ էությունը, սպանում է նրա հոգին։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ դեմառդեմ հանդիպեցի թշնամուն ու կրակեցի։ Կրակեցի մոտ տարածությունից։ Երիտասարդ տղամարդ էր։ Հնարավոր է՝ որդուս տարիքին։ Եթե ես չկրակեի, ինքն էր կրակելու (ձեռքն ավտոմատին էր), Երբ հասկացա, որ մարդ սպանեցի, սկսեցի ամբողջ մարմնով ցնցվել, հեկեկում էի։ Հետո… սովորական դարձավ (դա իմ ողբերգությունն է, իմ ցավը, իմ կորուստը): Ես պատերազմի դաշտում թողեցի երիտասարդությունս, առողջությունս, երազանքներս։ Մեր խիղճն է որոշում մեր տեղը ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ խաղաղության։ Ես կարծում եմ՝ երբ երկրի սահմանները վտանգված են, տղամարդիկ պետք է գնան ճակատ, իսկ կանայք պետք է խնամեն երեխաներին, պահպանեն իրենց օջախները եւ սպասեն իրենց ամուսինների վերադարձին… Գուցե թե ես, իրոք, արտասովոր կին եմ։ Արտասովոր այն առումով, որ ես չեմ կարող անտարբեր մնալ, հանգիստ նստել տանը, երբ ինչ-որ մեկն իմ օգնության կարիքն ունի։ Ես մասնագիտությամբ բուժքույր եմ, ու երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, եւ առաջին վիրավորներին բերեցին հիվանդանոց, հասկացա, որ իմ տեղը թշնամու դեմ կռվող ռազմիկի կողքին է։ Որ ես պարտավոր եմ դարմանել իր հողը պաշտպանող զինվորի ցավերը։

-Ճի՞շտ է, որ Դուք վաճառել եք Ձեր երկսենյականոց բնակարանը մայրաքաղաքում եւ այդ գումարով հոգացել եք ազատամարտիկների հոգսերը։

-Այդ գումարը տրամադրել եմ ոչ թե ազատամարտիկներին, այլ Ստեփանակերտում պատսպարված որբ ու փախստական երեխաներին։ Երեխաներին կուշտ ու ապահով տեսնելը շատ ավելի մեծ ուրախություն պատճառեց ինձ, քան մայրաքաղաքում ապրելու հարմարավետությունն ու բարեկեցությունը։ Ես այն կարծիքին եմ, որ խրատներն ու քարոզները չեն կարող փոխել մարդու մտածողությունը, վարքը, հոգեբանությունը, չեն կարող արթնացնել գթասրտություն, կարեկցանք, պատվախնդրություն, խիզախություն… Ես չեմ ասում, թե բոլորը պարտավոր են վաճառել իրենց բնակարանները, որ այդ գումարով հագցնեն, կերակրեն կարիքավոր երեխաներին։ Ես իմ ճանապարհն ունեմ, իմ ճակատագիրը, երջանկության իմ բանաձեւը, իմ տարերքը։

-Եվ ո՞րն է ազատագրական պատերազմում հաղթած, մահապարտ կնոջ կյանքի տարերքն ու երջանկության բանաձեւը։ Շա՞տ է տարբերվում սովորական կանանց պատկերացումներից ու ձգտումներից։

-Ես էությամբ, խառնվածքով հորս եմ նման։ Վասպուր Գալստյանը հայտնի մարդ էր իր ծննդավայր Ջերմուկում։ Մասնակցել էր Հայրենական պատերազմին, 3-4 անգամ վիրավորվել էր։ Սկզբից հորս «սեւ թուղթը» եկավ ճակատից, հետո ամիսներ անց ինքը ժամանեց՝ մարմնի մեջ տասնյակ բեկորներ, վիրավոր, բայց անկոտրում, հպարտ, հզոր։ Հայրս հայտնի որսորդ էր, անվրեպ էր կրակում, վախ չուներ, մենամարտի էր դուրս գալիս արջի, վարազի դեմ։ Հայրս վայրի մարդ էր, ազատ, անկաշկանդ, միեւնույն ժամանակ անչափ բարի էր, առատաձեռն։ Նա վայելում էր կյանքի յուրաքանչյուր րոպեն, առանց մտածելու վաղվա մասին, առանց վախենալու հետեւանքներից։ Հայրս հաճույք էր ստանում ապրելուց։ Մեր տան սեղանը չէր հավաքվում։ Ամբողջ աշխատավարձը ծախսվում էր հյուրասիրությունների համար։ Երկրի իշխանավորները, արվեստագետները Ջերմուկ գալիս մեր տանն էին հանգստանում՝ Անտոն Քոչինյանը, Սերո Խանզադյանը, շատերը… Հայրս քեֆ էր անում նրանց հետ, տանում էր որսի։ …Մենք վեց երեխա էինք, վեցս էլ դիպուկ կրակում էինք։ Իմ մանկության ամենասիրելի խաղալիքը զենքն էր (որսորդական հրացանը), ամենասիրելի զբաղմունքը՝ ձի հեծնելը։ Հայրս գովում էր ինձ, երբ անվրեպ խոցում էի «թիրախները», ես էլ հիանում էի նրանով, երբ արջ էր որսում, երբ ձիով սլանալիս ընթացքի մեջ թռչուն էր խփում օդում։ Ես ձին հեծած՝ հորս հետ չափչփում էի անտառները, ծեծում էի ընկերուհիներիս նեղացնող տղաներին, սպորտով էի զբաղվում։ Ազատ էի, համարձակ, կտրուկ…

-Դուք պատմում եք, իսկ ես հիշում եմ Ձեր նուրբ, սենտիմենտալ բանաստեղծությունները սիրո, կարոտի, երջանկության մասին, որոնք ոչ մի կերպ չեն համատեղվում տղաներին ծեծող աղջկա կերպարի հետ։

-Ես կին եմ եւ, ինչպես բոլոր կանայք, սիրո, քնքշանքի, ջերմության կարիք ունեմ, որքան էլ զարմանալի է՝ իմ ներաշխարհում համատեղվում են փխրուն, խոցելի, զգացմունքային կինն ու մահապարտ աղջիկը։ Պատերազմի դաշտում իմ կողքին ամենախիզախ, ամենաուժեղ, ամենաառնական տղամարդիկ էին, նրանք պաշտպանում էին ինձ, հովանավորում։ Այնքան հարգանքով ու սիրով էին վերաբերվում ինձ, որ անգամ զինվորական համազգեստի մեջ, ցեխոտ, փոշոտ, անխնամ՝ ինձ կին էի զգում։ Թերեւս պատերազմի դաշտում ինձ ավելի շատ էի կին զգում, քան մայրաքաղաքում՝ խնամված, շպարված, բայց կնոջ արժեքը չիմացող տղամարդկանց կողքին։ Ես զոհվելուց չէի վախենում (հիմա էլ մահից չեմ վախենում): Մեզ տրված երկրային ժամանակը (30 տարի, 50, 100) ակնթարթ է հավերժության մեջ. ես վախենում էի գերի ընկնելուց եւ այլակերպվելուց։ Երբ պատերազմի դաշտում հանում էի փոքրիկ հայելին եւ սկսում էի հարդարել մազերս, տղաները ծիծաղում էին, խաղում էին հոգուս հետ, կատակում էին։ Նրանք կնոջ կողքին ավելի տղամարդ էին դառնում։ Այդպես էր։

-Դուք չպատասխանեցիք իմ հարցին՝ ո՞րն է երջանկության Ձե՛ր բանաձեւը։

-Պատասխանեցի։ Ապրել ազատ, անկաշկանդ, առանց վախի, առանց դողալու։ Ապրել ազնիվ, արժանապատիվ։ Զգալ նվիրվելու հաճույքը, կյանքն իմաստավորել մարդկանց ուրախություն պարգեւելով։ Մահապարտ բառը մեծ խորհուրդ ունի։ Մահապարտը միայն նա չէ, ով անդամագրվել է մահապարտների ջոկատին։ Մահապարտ են բոլոր նրանք, ովքեր միշտ գնում են առջեւից, ճանապարհ հարթելով մյուսների համար (պատերազմի դաշտում, թե խաղաղության մեջ), ովքեր չեն թաքնվում ուրիշների թիկունքում եւ պատրաստ են իրենց վրա վերցնել առաջին հարվածը։ Մահապարտ էր այն արցախցին, որն իր ընտանիքը պահում էր թուրքերով շրջապատված գյուղում, դիմանում էր սովին, ցրտին, զրկանքին, մահվան սպառնալիքին ու չէր հեռանում իր ծննդավայրից։ Մահապարտ էր այն ռազմիկը, որը մեկնում էր անհավասար կռվի՝ գնում էր ստույգ մահվան, բայց չէր հանձնվում, իր հողը չէր տալիս թշնամուն։ Մահապարտ էր նա, ով պատերազմից հետո գնաց Արցախ եւ բնակություն հաստատեց ադրբեջանցիներից մաքրված շեներում, հարություն տվեց դատարկված գյուղերին, լույս վառեց տներում, դարձավ կենդանի վահան թշնամու առաջ…

-Դուք նրանցից մեկն էիք։ Ասում են՝ Դուք զենքն առած մեն-մենակ ապրել եք սահմանամերձ գյուղերից մեկում, որտեղ նույնիսկ էլեկտրականություն չի եղել։

-Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները, միայն մեր ընտանիքից տասը հոգի գնաց սահման՝ ես, հայրս, երեք եղբայրներս, մեծ եղբորս երեք որդիները եւ իմ երկու որդիները։ Մեզ ոչ ոք հայրենասիրության դասեր չի տվել։ Եթե հիմա հարցնեք, թե ի՞նչ է հայրենիքը կամ հայրենասիրությունը, ես չեմ կարողանա ոչինչ պատասխանել։ Հիմա ամեն ինչին հայրենասիրություն են ասում։ Մեծահարուստը օգնում է կարիքավորին՝ ծով հարստությունից մի կաթիլ տալով, ասում են՝ հայրենասիրություն, սեփական տունը, ընտանիքը, գյուղը, երկիրը թշնամուց պաշտպանելը նույնպես հայրենասիրություն են կոչում։ Կարիքավորին օգնելը հայրենասիրություն չէ, մարդուն վայրենուց զատող հատկություն է (երբեմն նույնիսկ կենդանիներն են սնում մորը կորցրած ձագին): Սեփական տունուտեղը պաշտպանելը բնական, բնազդային մղում է (նույնիսկ կենդանիներն են պաշտպանում իրենց բույնը, իրենց տարածքները):

-Այդ դեպքում հայրենասիրությունը ո՞րն է։

-Հայրենասիրությունը այն է, երբ դու ծառ ես տնկում նույնիսկ այն դեպքում, երբ հաստատ գիտես, որ դրա պտուղը քեզ չի հասնելու։ Տնկում ես ուրիշի համար։ Իմ երկու եղբայրները Քաշաթաղում են ապրում. հայրենասիրությունը դա է։ Մարդն է հողին ուժ տալիս, ուժ տուր հողին, ու նա կմնա աննվաճ, չի խոնարհվի, չի խեղճանա։

-Տիկին Սուսաննա, Դուք Սարսանգի ջրամբարի տարածքի ազատագրման ժամանակ վիրավորվել եք, 2-րդ խմբի հաշմանդամ եք… Եթե հնարավորություն տրվեր ամեն ինչ սկսելու սկզբից, նորի՞ց կգնայիք պատերազմ… Անկեղծորեն՝ կգնայի՞ք…

-Ինչո՞ւ նորից սկսել… Եթե անհրաժեշտ լինի, հիմա էլ կգնամ։ Ձեր հարցը ինձ զարմացնում է։ Կարծում եք՝ ես ճակատ մեկնելիս չէի՞ հասկանում, որ կարող եմ վիրավորվել, հիվանդանալ, հաշմվել, զոհվել։

-Ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար այս մեդալները, որոնք զարդարում են Ձեր կուրծքը։

-Սրանք իմ ապրած կյանքի խորհրդանշաններն են։ Վերջում ցանկանում եմ մի փոքրիկ բանաստեղծություն նվիրել ընթերցողին։

ԵՎ ԻՄ ՍԻՐՏԸ ԶՈՀՎԵՑ

Սառեցին, սառեցին աչքերս

Մեռնողի աչքերին նայելուց,

Խամրեցին, խամրեցին աչքերս…

Սառեցին, սառեցին ձեռքերս

Արյունոտ վերքեր կապելուց,

Հոգնեցին, հոգնեցին ձեռքերս…

Եվ իմ սիրտը, իմ սիրտը սառեց

Վիրավոր սրտերին հուր տալուց,

Խավարող աչքերին լույս տալուց,

Համրացող շուրթերին շունչ տալուց…

Եվ իմ սիրտը, իմ սիրտը զոհվեց

Ճակատում՝ սահմանին Արցախի։

 

Գայանե Պողոսյան