Շուշին ազատագրված էր

ԼՂՀ գլխավոր վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, բուժծառայության գնդապետ երջանկահիշատակ Վալերի Մարությանի հուշերը Շուշիի ազատագրման մասին

Մահը թռչում էր Շուշիից, որին ադրբեջանցիներն անվանում էին «Ադրբեջանի սիրտը» և գրեթե ամեն օր լրատվական միջոցներով հայտարարում էին, որ «հայը երբեք ոտք չի դնի այս հողի վրա»: Իսկ մենք՝ ամենօրյա ռմբահարումների ենթարկվող ստեփանակերտցիներս, մտածում էինք, որ ամեն գնով պետք է վերցնենք Շուշին: Հրամանատարությունը Շուշին ազատագրելու պլան էր մշակում… Իսկ երբ այն պատրաստ էր, Կոմանդոսը ինձ կանչեց շտաբ.«Հարկավոր է դաշտային հոսպիտալ բացել»:

Դաշտային հոսպիտալը տեղակայվեց առաջնագծից ընդամենը 2 կմ հեռավորության վրա՝ Սղնախին և Քարինտակին հարող անտառակում: Մերոնք այդ ուղղությամբ պետք է խփեին Շուշիի թիկունքից ՝ կտրելով ճանապարհն ու շրջապատող բարձունքները, բայց հազիվ թե հնարավոր լիներ վիրավորներին անվնաս հասցնել մոտակա բուժկետ, առավել ևս՝ Ստեփանակերտ: Ճանապարհները ահավոր էին, իսկ մայրուղին կրակի տակ էր առնված: Մարտիկները, իրենց կողքին տեսնելով բժիշկներով լի հոսպիտալը, ավելի ոգևորվեցին. բուժօգնությունը ապահովված էր:

1992 թ. ապրիլի 27-ին մեծ խմբով՝ 13 հոգով, մեկնեցինք Սղնախ: Այնտեղ մեզ միացան Սամվել Գևորգյանը, ֆուտբոլային թիմի բուժակ Վլադիկ Հայիրյանը և խոհարար Գարիկը: Շուշիի օպերացիան 6 ուղղություններով պետք է ընթանար: Բոլոր ուղղությունները վերահսկվում էին: Որոշված էր, որ մենք առաջին բուժօգնություն պետք է ցույց տայինք մարտադաշտում, ապա հոսպիտալում: Մեզ հայաստանցի բժիշկներ էին միացել: Երևանից հրավիրել էին կադրային սպա, զինվորական բժիշկ Մարատ Աշոտի Բոյաջյանին, ով, ըստ էության, նրանց խմբի ղեկավարն էր: Նրանց հանձնարարվեց առաջին բուժօգնությունը սկսել վիրավորների վերակենդանացման համալիր միջոցառումներով և վիրավորների՝ քաղաք տարհանումով: Իսկ այդ ընթացքում ախտորոշման կենտրոնի նկուղում, որն արդեն պատրաստ էր ընդունելու վիրավորներին, մյուս բժիշկներն էին աշխատում՝ Արամայիս Գրիգորյանի ղեկավարությամբ:

Կառուցեցինք իր տեսակով եզակի, ես կարծում եմ, ողջ աշխարհում նմանը չունեցող մեր հոսպիտալը: Մեզանից 500 մետր հեռավորության վրա չոր խոտի բարդոցներ կային: Մենք ընտրեցինք պինդ տուկերը և դրանցով կանգնեցրինք մեծ վիրահատան, վիրակապարան և հոսպիտալային դահլիճ: Իսկ որպես տանիք օգտագործեցինք երկտակ ծալած վրանը, ներսից երեսապատեցինք պոլիէթիլենային թաղանթով: Իհարկե, մեզ օգնեցին և սղնախցիները: Նոր էինք ավարտել մեր հոսպիտալի «շինարարական» վերջին աշխատանքները, երբ առատորեն տեղացած ձյունը այն տապալեց: Ապրիլի 30-ն էր՝ գարնանային ամենաբուռն շրջանը: Երբ շուրջդ միանգամից ծաղկում է, կանաչում: Ամեն ինչ ծածկվել էր ձյան հաստ շերտով, ծառերի ճյուղերը կոտրվել էին ձյան ծանրությունից, իսկ մենք ոչ տաք հագուստներ ունեինք, ոչ էլ տաք ծածկոցներ: Կանանց ուղարկեցինք գյուղ, իսկ մենք՝ տղամարդկանցով, վերականգնեցինք հոսպիտալը: Մայիսի 5-ին կրկին սկսեց ձնածածկը: 6-ի առավոտից մինչև երեկոյան 10-ը մաքրեցինք տանիքների ձյունը, այն ավելի ամրացրինք: Մեկ օր պահանջվեց, որ չորացնենք «դահլիճի» և վիրակապարանի հատակն ու պատերը: «Վիրասրահը» քիչ էր տուժել, մեզ հետ աշխատում էին նաև օգնության եկած փրկարարները: Հոսպիտալը պատրաստ էր վիրավորներ ընդունելու:

Մեզանից քիչ այն կողմ դաշնակների ճամբարն էր: Նրանց մեջ ճանաչեցի մի երիտասարդի՝ էջմիածնեցի Հովհաննեսին, որը Մեշալի ազատագրման մարտի ընթացքում վիրավորվել էր. թոքն էր վնասվել, և ես էի նրան վիրահատել: Նման վիրահատությունից հետո առնվազն վեց ամիս պետք է հանգստանար, այլապես լուրջ, անցանկալի հետևանքներ կունենար: Երբ այդ մասին նորից ասացի նրան, ժպտալով պատասխանեց. «Ամբողջ կյանքում երազել եմ Շուշիի մասին: Հիմա շանսս բաց չեմ թողնի»:

Շուշիի օպերացիան զինվորական գաղտնիք էր: Եվ ահա հրաման ենք ստանում, որ մայիսի 8-ին՝ 2.30-ին՝ լուսադեմին, սկսվում է հարձակումը: Մենք, ինչպես կարգն է, ճանապարհեցինք մարտիկներին. երգեցինք, պարեցինք, լուսանկարվեցինք… Լուսանկարիչը լիբանանահայ Վիգենն էր. ցավոք, նա զոհվեց Լիսագորի ճանապարհին: Տագնապալի լռություն էր. միացրինք ռացիան: Առավոտը պարզ ու անամպ էր: Սկսվեց… Առանց դժվարության տարբերում էինք մեր համազարկերը թշնամականից: Կիրճը դղրդում էր համազարկերի արձագանքից: Համազարկերը դադարեցրին, փոխարենը թնդանոթներն ու ավտոմատներն էին կրակում: Ռացիայով հաղորդեցին, որ վիրավոր են բերում: Մենք մի նշանաբան ունեինք. եթե առաջին վիրավորի վիճակը թեթև էր լինում, նշանակում էր՝ գործերը լավ է ընթանում: Հետո էլի վիրավորներ բերեցին՝ գանգի, որովայնի, կրծքավանդակի վնասվածքներով… ընդամենը 17 վիրավոր:

Մայիսի 9-ի առավոտյան հայտարարեցին, որ Շուշին ազատագրված է: Մենք ողջագուրվում էինք, շնորհավորում իրար, արտասվում ու ծիծաղում: Ես մտաբերում էի շուշվեցի ծերերի պատմությունները, թե 1920 թ. կոտորածի ժամանակ ինչպես են մերկ ու բոկոտն փախել թուրքերից… մտաբերեցի և թուրքերի արյունոտ աչքերը, երբ նրանք իմացան, որ ուզում ենք մանկական առողջարան կառուցել Շուշիում: Մենք մեր պապենական հողի վրա ոչ մի իրավունք չունեինք:

Եվ ահա, վերջապես, Շուշին ազատագրված է: Քաղցած և ուրախությունից արբած՝ վերադարձանք Ստեփանակերտ: Շոշ գյուղի մոտ կանգ առանք, որտեղից պարզ երևում էր այրվող քաղաքը: Վերջ. այնտեղից այլևս չեն հրետակոծի Ստեփանակերտը: Այլևս մահ չեն սփռի:

…Հաջորդ օրը, մեզ հետ վերցնելով դեղորայք ու վիրակապական նյութեր, մեկնեցինք Շուշի: Առաջին գործը Ղազանչեցոց եկեղեցի մտնելն էր: Ազերիները այն վերածել էին զինապահեստի՝ հասկանալով, որ հայերը չեն կրակի իրենց եկեղեցու վրա, մյուս կողմից էլ, եթե արկ ընկներ, ապա եկեղեցին քարուքանդ կլիներ, և հայերի շունչն անգամ կանհետանար. չէ որ երդվել էին, որ «հայերը երբեք ոտք չեն դնի այդ հողի վրա»: Հետո գնացինք քաղաքային հիվանդանոց: Զննելուց հետո հասկացանք, որ այն որպես հիվանդանոց չի ծառայել: Սենյակները լեփ-լեցուն էին Թուրքիայից և արաբական երկրներից բերված թանկարժեք դեղամիջոցներով, մեծ թվով նաև «Կարմիր խաչ» կազմակերպությունից: Վիրահատարանի պատուհանը հիշեցնում էր հրակնատի, հատակին թափված էին պարկուճներ: Այդտեղից, ինչպես ափի մեջ, երևում էր Մխիթարագենդ գյուղը, որն էլ հանգիստ կրակի տակ էին առել: Մենք սկսեցինք աշխատել: Մաքրեցինք առաջին հարկը, լույս անցկացրինք, երկու վիրահատարան առանձնացրինք, կահավորեցինք և սկսեցինք պահեստավորել դեղորայքը, որ անգամ գետնին էր թափված: Եթե հիվանդանոցը վերածել էին մարտական կետի, բնականաբար, հոսպիտալը պետք է մոտակայքում լիներ: Երրորդ օրը մենք գտանք այն: Հոսպիտալը տեղակայված էր Առաքելոց ռեալական ուսումնարանի նկուղում…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)

  • m1
  • m2
  • m3