Ցավ և հպարտություն

Իր դողդոջ ու նուրբ ուսերին դժվարությունների, հիշողությունների գրեթե մի ամբողջ դար է կրում 93- ամյա Անիկ Պապյանը…Նա ընդամենը 21 տարեկան աղջնակ էր, երբ մեկնեց ռազմաճակատ…

Սենյակի բաց դռնից տեսնում եմ` Անիկ տատիկը հայելու առաջ սանրում է ձյան պես ճերմակ մազերը, հագուստը հարդարում ու մոտենում է ինձ… Գեղեցիկ, տաք ու շողուն ժպիտ ունի…

«Բանվորի ընտանիքում եմ ծնվել… հայրս բանվոր էր, մայրս սովորական համեստ, գյուղացի կին… մենք ունևոր չէինք, դժվար կյանք ենք ապրել: Ծնողներս օրնիբուն աշխատում էին, որ կարողանան խնամել մեզ… 7 երեխա էինք` 4 եղբայր, 3 քույր: Այսօր մնացել ենք ես և փոքր եղբայրս»,- ձայնը նկատելի դողում է, ուզում է զսպել հուզմունքը…

«Ես շատ աշխույժ, ճարպիկ երեխա էի…հիշում եմ՝ դպրոցում ռազմագիտության դասաժամերին շատ դիպուկ էի կրակում: Իսկ այ մաթեմատիկայից թույլ էի: Երբ 7-րդ դասարանը ավարտեցի, ցանկանում էի բորտուղեկցորդուհի դառնալ: Անգամ հասցրեցի դիմում գրել և դրական պատասխան ստանալ, որ կարող եմ գնալ քննություն հանձնել: Երբ ոգևորված թուղթը եղբորս ցույց տվեցի, սարսափելի զայրացավ` ասաց դու անգամ ռուսերեն չգիտես…. Գյուղի աղջիկ ես, դու ուր, բորտուղեկցորդուհին ուր… բուժաշխատող կդառնաս…Ու այդպես որոշվեց կյանքիս ուղին»:

1938 թվականին Անիկ Պապյանը ընդունվում է Երևանի բժշկական տեխնիկում: Վերջին կուրսում էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը…

«Մինչ օրս հիշում եմ` վերջին քննությունս էր վիրաբուժությունից, երբ հայտարարեցին, որ Հիտլերը հարձակվել է Խորհրդային միության վրա: Ես ավարտեցի որպես բուժքույր … մինչև հիմա լավ երակ եմ մտնում (ժպտում է): Ինձ անմիջապես ուղարկեցին Դիլիջան` հոսպիտալում ծառայելու: Այնտեղ վիրավորներ էինք ընդունում: Դեռ 1 տարի չծառայած` գործուղվեցի Իջևանի հոսպիտալ»:

…Հետո հուշերը տանում են 7 տասնամյակ հետ…. տարիների հեռվից կամաց-կամաց կենդանանում են ռազմաճակատային դրվագները…

«1943 թվականին ինձ ուղարկեցին Անդրկովկասյան զինվորական օկրուգ (Закавказский военный округ), որտեղից էլ անմիջապես Ուկրաինա: Ծառայության անցա բժշկական սանիտարական գումարտակում (медсанбат- медицинский санитарный батальон) Դեռ երեխա էի` մի տեսակ վախվորած: Հրամանատարներից մեկի կողմից առաջադրանք ստացա. պետք է մեկ կիլոմետր ճանապարհ կտրեի և առաջին կարգի արյուն բերեի: Անդամահատված վիրավոր ունեինք: Շտապ էր: Հրամանատարը կանչեց, գաղտնաբառն ասաց, և ուղարկեց ինձ: Անփորձ էի, վախեցած, լարված: Ցանկանում էի առաջադրանքն անթերի կատարել: Գիտեի, թե որքան կարևոր է ժամանակին արյուն հասցնելը: Ամբողջ ճանապարհին լարված կրկնում էի գաղտնաբառը, որպեսզի հանկարծ չմոռանամ: Ոտքս քարի դեմ առավ, ընկա… ցավից էր, թե անսպասելիությունից` գաղտնաբառը մոռացա: Սահմանապահները մոտեցան և սկսեցին հարցուփորձ անել… Բոլոր հարցերին հերթով պատասխանեցի… : ճանապարհեցին, կարողացա ժամանակին արյունը հասցնել վիրավորին, արյուն, որ կյանք էր նրա համար »:

Անիկ տատիկը, հանկարծ ինչ-որ բան հիշելով, ցույց է տալիս դողդոջուն ձեռքի ափը…Ափին սպի կա …

«Ռազմաճակատում վիրավոր ունեինք: Վիճակը ծանր էր: Ջնջխված վերք ուներ: Ես շտապում էի օգնելու: Հանկարծ մեկը գոռաց` թե նախ ինձ օգնիր: Ձեռքն էր վիրավոր: Այդ պահին գուցե փոքր-ինչ կոպիտ ասացի, որ նախ ծանր վիրավորին պետք է օգնեմ… ձեռքս կոպտորեն քաշեց ու դանակով Z դաջեց ափիս մեջ… այդպես էլ չհասկացա՝ ով էր, չհասկացա՝ ինչ էր նշանակում այս տառը»:

Անիկ տատիկը ևս երկու սպի ունի, որոնք պատերազմի սարսափների լուռ վկաներն են: Սպիներից մեկը գլխին է: Հիշում է` բեկորային վիրավորում է եղել: Եվս մի վերք ունեցել է կրծքավանդակին. պատգարակը ընկել և վնասել է:

Պատմում է, որ հաճախ է արյուն հանձնել` վիրավորներին փրկելու համար:

«Այնքան էի արյուն հանձնել, որ հիվանդացել էի… մի անգամ հիշում եմ` բարձր ջերմություն ունեի, բայց շարունակում էի վիրավորներին օգնել… հետո …երևի ուշաթափվեցի, երբ աչքերս բացեցի, տեսա, որ ուրիշներն են ինձ օգնում: Առողջական խնդիրների պատճառով ինձ հետ ուղարկեցին Անդրկովկասյան զինվորական օկրուգ, ապա և որպես ճակատայինի` Իջևանի հոսպիտալ` բուժվելու և այնտեղ շարունակելու ծառայությունս »:

Հետագայում այնտեղ էլ հանդիպեց ապագա ամուսնուն` Գրիգոր Ֆանարջյանին, որը ռազմաճակատում վիրավորվել էր և բուժում էր ստանում:

« Ապագա ամուսինս Ախալցխայից էր: Երբ ծնողները եկել էին իրենց որդուն տեսնելու, ինձ հետ ծանոթացան, ինձ հավանեցին (ժպտում է): Մատանի դրեցին մատս, նշանեցին: Ամուսնացանք 1946 թվականին:Պատերազմի ավարտից հետո մեզ անմիջապես չզորացրեցին: Վիրավորները շատ էին: Առաջնեկս ծնվեց Իջևանում` 1947-ին: Նույն թվականին տեղափոխվեցինք Վրաստան: Ամուսնուս հայրը ազդեցիկ մարդ էր. Ինձ անմիջապես աշխատանքի տեղավորեցին դպրոցում` որպես երգեցողության և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, նաև բուժկետի վարիչ»:

1949 թվականին տեղափոխվեցին Երևան: Հետո…տարիները հոսել են իրենց հունով. աշխատանք, ընտանիք, դժվարություններ ու հաջողություններ, կորուստներ ու ուրախություններ…

Անիկ Պապյանն այսօր 2 դուստր ունի, 7 թոռ, 17 ծոռ և 1 թոռան թոռ:

Միասին նայում ենք լուսանկարները… բազմաթիվ մեդալները. դրանցից յուրաքանչյուրը մի պատմություն է, մի հուշ, մի սխրանքի վավերագիր: Ամեն տարի ավելանում են նորերը: Բոլորն էլ թանկ են … Առանձնակի սիրով է ցույց տալիս վերջին օրերին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ստացած «Ծովակալ Իսակով» մեդալը:

Մեծ Հայրենականն ինձ համար ցավ է և հպարտություն՝ ասում է պատերազմի վետերանը:

…Դժվարությամբ եմ հրաժեշտ տալիս Անիկ տատիկին. Գրկում եմ ամուր, ինչպես հարազատ տատիս կգրկեի… ու սրտանց ցանկանում եմ, որ դեռ երկար ապրի, որ երբեք չտխրեն նրա ջերմ ու բարի աչքերը:

Հասմիկ Գյոզալյան

  • Anik1
  • Anik2