Շնորհավոր Հայ ժողովրդի Եռատոնը

Սիրելի հայրենակիցներ, Հայրենական պատերազմի վետերաններ, Ազգային բանակի զինվորներ ու սպաներ, զինվորական բժիշկներ, մեր ամենամեծ պարտության ու մեր անհատնում կորուստների ապրիլին, ինչպես լուսաբացի արև՝ մութ գիշերից հետո, հաջորդել է մեր հաղթանակների տաք ու ապրեցնող մայիսը: Եկել է…բայց ոչ իբրև վերաշնորհ պարգև, իբրև բախտի նվեր… Մեր ժողովուրդը փրկագնել է այն ՝ վճարելով առատորեն, ամենաթանկը դնելով իր ազատության ու ազգային հպարտության զոհասեղանին: Մեր ժողովուրդը իր այրամբ է գծել Հայաստան հայրենիքի սահմանները: Մենք սրբագործել ենք մեր հաղթանակների մայիսը ասքերով, առասպելներով ու հերոսապատումներով: Դեպի Հաղթանակ մեր ճանապարհը Եռաբլուրով է անցել: Ու Մայիսը զարթոնքի ու ավետումի ամիս է դարձել մեզ համար, հույսի ու հավատի, մաքառումի ու վերելքի: Թող շնորհավոր լինի Հայ ժողովրդի Հաղթանակի եռատոնը, խորհին խոնարհում մեր բոլոր թանկ կորուստների առջև, և սեր ու մեծարանք՝ նրանց, ովքեր հպարտության ու փառքի Մայիս նվիրեցին մեզ: Բայց մենք դեռ վերելքի դժվարին ճանապարհ ունենք անցնելու: Դեռ գալու է մեր ազգի ամենափառավոր Մայիսը: Ծնվելու է Հայրենիքի հանդեպ մեր անսահման սիրուց, մեր նվիրումից, մեր խիզախությունից, մեր ազնվությունից, մեր կամքից…Հպարտ ու արժանապատիվ ապրելու մեր դժվար նվաճված իրավունքից…Հայաստանը հզոր, արդար ու պաշտպանված տեսենելու մեր երազանքից…Մեր ամուր հավատից, որ մենք ենք մեր ապագայի տերը, մենք ենք կռելու մեր ճակատագիրը, մենք ենք գրելու մեր ապագայի պատմությունը: Ու թող օհնվի այն Մայիսը, որ անկասելիորեն բացվելու է մեր ժողովրդի ճանապարհին:

 

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան