Թշնամու և մահվան դեմ

« Հիշում ենք և հպարտանում» խորագիրն էր կրում ապրիլի 29-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում կազմակերպված մեծարման ցերեկույթը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վետերան բժիշկներին: Միջոցառման ընթացքում խոսվեց պատերազմի ժամանակ բժիշկների ունեցած անուրանալի ավանդի մասին եւ կարեւորվեց հայ զինվորական բժիշկների ներդրումը:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատերազմի վետերան բժիշկները արժանացան պատվոգրերի, իսկ բուհի ռեկտորիի կողմից՝ բժշկական համալսարանի ոսկե մեդալի:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնվեր ծառայության համար գերատեսչական մեդալներ հանձնեց Մեծ հայրենականի մասնակից վետերան բժիշկներին:

Հայրենական պատերազմի վետերան, բժշկական ծառայության մայոր Սուրեն Ստեփանյանի բնակարանում ենք: Սեղանին գրքեր, ամսագրեր, փաստաթղթեր են` վետերանի մարտական ուղու մասին պատմող վկայություններ: Զինվորական համազգեստին էլ անցած հերոսական ուղու խոսուն վկաներն են՝ 35-ից ավելի շքանշաններ ու մեդալներ՝ Կարմիր աստղի 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի , Քյոնիգսբերգի գրավման , Մարտական ծառայության, «Առողջապահության գերազանցիկ» ….

18-19 տարեկան էր Սուրենը, երբ հայտնվեց պատերազմի թոհուբոհում: «Բելառուսի Վիտեբսկ քաղաքում էր,- հիշում է վետերանը,- ներկայացա գլխավոր բժիշկ Սմիրնովին եւ զեկուցեցի, որ բժշկական տեխնիկումը կարմիր դիպլոմով ավարտել եմ եւ եկել ռազմաճակատ: « Նշանակվում ես սանիտարական դասակի հրամանատար».ասաց նա, հանձնարարեց միանգամից անցնել գործի եւ վերակազմավորել երրորդ դասակի բուժկետը, որը գրեթե գոյություն էլ չուներ, ամբողջովին ռմբահարվել էր: Գլխավորին ասացի, որ ես դեռ փորձ չունեմ , միայն տեսականորեն եմ լավ տիրապետում մասնագիտությանս եւ խնդրեցի առայժմ առաջին գիծ ուղարկել, որպեսզի անհրաժեշտ փորձառություն, հմտություն ձեռք բերեմ, եւ նա ընդառաջեց»:

Հենց առաջին օրն էլ նորաթուխ բժիշկն ընկնում է դիպուկահարների կրակոցների տակ, մահը սուրում էր շուրջբոլորը, մեռնելու հավանականություն ավելի մեծ էր, քան ապրելու, բայց վստահ էր, որ իրեն ոչինչ չի պատահելու: «Ես չեմ զոհվելու,- ասում էր անընդհատ, իսկ զինակից ընկերները հոգու հետ էին խաղում.« Ռմբակոծության տակ կընկնես, մարմինդ արկերից ծվեն-ծվեն կլինի, ու ամենամեծ կտորն էլ ականջդ կմնա»:

-Միեւնույն է, չեմ մեռնելու,- պնդում էր եւ էլ ավելի համոզված ավելացնում,- անգամ չեմ էլ վիրավորվելու, ես մարզիկ եմ, ո՞նց կմարզվեմ, եթե վիրավորվեմ: Չե՞ք հավատում ՝ով ողջ կմնա կհամոզվի…

Սուրեն Ստեփանյանը կռվել է Մերձբալթյան առաջին եւ Բելառուսական ռազմաճակատներում:

-Մեր դիվիզիան առաջինը մտավ Արեւելյան Պրուսիս,- մարտական դրվագներ է հիշում վետերանը,- երկու ամիս չէինք կարողանում գրավել Քյոնիգսբերգը, քաղաքն ամբողջությամբ ջրային պատնեշներով էր շրջապատվան: Քաղաքի պարետ Օտտո ֆոն Լյաշը անդրդվելի էր, կատաղի դիմադրություն էր ցույց տալիս, չէր հանձնվում: Քաղաք-ամրոցիի գրավումը հանձնարարվեց Հովհաննես Բաղրամյանին: Նա գրոհն այնքան մանրամասն ու հիմնավոր ձեռնարկեց , որ հաղթանակը չուշացավ:

700-ից ավելի ինքնաթիռ մի քանի օր անընդմեջ ռմբահարում էր Քյոնիգսբերգը, եւ երբ բունկերից սպիտակ դրոշը պարզած դուրս եկավ Օտտո ֆոն Լյաշը , նա այլեւս քաղաք չտեսավ, ավերակների կույտ էր….

-Դաժան բան է պատերազմը,-շարունակում է բժիշկ վետերանը,- ավերակված տներ, քաղաքներ, մարդկային մեծ կորուստներ ու վիրավորներ՝ անթիվ, անհամար, որոնց բժիշկներս հազիվ էինք հասցնում օգնություն ցուցաբերել:

….

Իսկ պատերազմի ժամանակ բժիշկներն ամենուրեք էին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում, պարտիզանական ջոկատներում, նրանք կռվում էին երկու ճակատով՝ թշնամու դեմ եւ մահվան դեմ: Ճակատային բժշկի համար օրն ավարտ չուներ, անքուն անցկացրած օրերին թիվ-հաշիվ չկար, անվերջ նոր վիրավորներ էին բերում, եւ ռումբերի խելագար կաղկանձի տակ անտրտունջ իրենց պարտքն էին կատարում, հաճախ վրաններում, առանց հոսանքի, ճրագի մարմրող լույսի տակ անում անհնարինը, հրաշքներ գործում…

Պատերազմի տարիներին վիրավոր եւ հիվանդ մարտիկներին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ վիթխարի գործ է կատարվել: Ըստ պատերազմական վիճակագրության տվյալների՝ ռազմաբժշկական անձնակազմի անձնվեր ջանքերի շնորհիվ շարք են վերադարձել վիրավոր մարտիկների 72,3% եւ հիվանդների 90%: Խոսուն թվերն են, այնպես չէ՞…

-Ամեն գումարտակ ուներ իր սանիտարական դասակը: Մեր խնդիրն էր առաջին բուժօգնությունը ցուցաբերել, փրկել վիրավորի կյանքը: Առաջին օգնություն ճիշտ ցուցաբերելուց էր կախված հիվանդի հետագա ճակատագիրը: Ծանր վիճակում գտնվողներին արագ ցավազրկող էինք ներարկում, ուղարկում բուժսանիտարական գումարտակ , այնտեղից՝ հոսպիտալներ, –պատմում է բժիշկը,- Տարբեր ազգեր կային՝ վրացիներ, ռուսներ, ադրբեջանցիներ, բոլորի նկատմամբ նույն հոգատարությունը, նույն սրտացավությունը, բուժում էինք անգամ գերմանացիներին: Չէի դնում որեւէ խտրականություն՝ թշնամի է , թե մերոնցից, ով ավելի ծանր է եղել, առաջին հերթին նրան եմ օգնություն ցուցաբերել, կարող է նույնիսկ բուժելուց հետո նրան դատեին կամ գնդակահարեին, միեւնույն է, դա ինձ չէր վերաբերում, ես իմ բժշկի պարտականությունն էի կատարում, բժշկի առաքելությունը հիվանդին բուժելն է…

Եվ բուժում էր: Ի ‘նչ դաժան պատկերների է ականատես եղել: Ամենատարբեր վնասվածքներ ստացած վիրավոր մարտիկներ՝ ծանր, անհուսալի վիճակում, բայց հավատով, հույսով իրեն հառած աչքեր՝ Օգնի՜ր բժիշկ, փրկիր, ապրել եմ ուզում…

Ու մի կերպ, թաքցնելով մարդկային զգացումները, ապրումները, հուզմունքը կոկորդում սեղմելով, ջանալով չկորցնել սառնասրտությունը, անցնում էր գործի… Կռիվ էր տալիս մահվան դեմ՝ զինվորն ապրել էր ուզում, իսկ աշխարհում պատերազմ էր… .

…..Ճակատում բժիշկը երբեք ձեռքերը ծալած չի նստել, անգամ նորամուծություններ էր արել. նորակոչիկների համար գրել էր, թե այս կամ այն վնասվածքի ժամանակ ինչ օգնություն էր հարկավոր ցուցաբերել եւ փակցրել զինվորների հագուստին, որ սովորեն, հարկ եղած դեպքում օգնեն միմյանց:

-Մի օր էլ Մերձբալթյան ճակատի գլխավոր բժիշկ գեներալ Բուդեւիչն էր եկել ստուգումների ,-վետերանը հին օրերից եւս մի պատառիկ է հիշել ու տաք ժպտում է,- Դուրս եմ գալիս ու ձեռքս պարզում, որ բարեւեմ: «Ինչ է, դու օրենք չգիտե՞ս»,-չորում է նա: Իսկապես, ըստ օրենքի՝ ես իրավունք չունեմ ձեռք պարզելու, եթե նա կպարզի, նոր միայն… փորձում եմ արդարանալ՝ մեխանիկորեն ստացվեց: Խիստ ու խոժոռ նայում է, ապա ասում՝ ցույց տուր որտե՞ղ ես ընդունում հիվանդներին: Իսկ ինձ մոտ ամեն ինչ փայլուն վիճակում է, տեղը տեղին , կանոնավոր, դասակարգված՝ ծանր հիվանդներին որտեղ եմ ընդունում, թեթեւներին՝ որտեղ: Հետո ստուգում է սանիտարկային, նրա մոտ եւս ամեն ինչ անթերի է, վստահ էլ պատասխանում է բոլոր հարցերին: Գեներալը որոշ ցուցումներ է տալիս: Դուրս գալիս ձեռքը մեկնում է հրաժեշտ տալու: Հաջորդ օրը բժշկական շրջայցից վերադառնում եմ, տեսնեմ՝ գնդի հրամանատարի քաղաքացիական գծով տեղակալ, փոխգնդապետ Ստրիպչենկոյին: Վերջինս ժպտում է եւ տեղեկացնում, որ գեներալը գոհ է մնացել, հրամայել է, որ ինձ շնորհակալություն հայտնեն. իմ ենթակայությամբ գործող բուժկետը համարվել էր լավագույնը:

….Պատերազմն ավարտվեց, երկիրը կամաց-կամաց ընկավ իր բնականոն հունի մեջ: Ավերված, ավերակված շեները վերականգնվեցին: Սուրեն Ստեփանյանը վերադարձավ հայրենիք, ընտանիք կազմեց, զավակներ ունեցավ՝երկու աղջիկ եւ մեկ տղա եւ շարունակեց զբաղվել իր մասնագիտությամբ:

Ինքն իր մասին խոսելիս ասում է.«Պատերազմում ես ոչ մի հերոսական արարք չեմ կատարել, ոչ վիրավոր ընկել եմ, ոչ էլ մարմնովս եմ պաշտպանել մարտընկերոջս, իսկ մարդկանց բուժել- փրկելն իմ պարտականությունն էր…»:

-Տղաս բժիշկ է աշխատում Մոսկվայում: Մեկ-մեկ ասում է՝ հայրիկ, 100-ամյակդ մեծ շուքով ենք նշելու:

-Բա 100-ից հետո՞, -կատակում եմ ես:

– Էհ, ժամանակի դեմ ամեն ինչ անզոր է,- տխուր դառնությամբ խոստովանում է վետերան բժիշկը,-ինչ ընկերներ ունեի , մնացին անցյալում: Հավաքվում էինք, հիշում պատերազմական օրերը, արցունք ու ժպիտ խառնվում էին իրար….

Հրաժեշտ եմ տալիս ծերունազարդ զինվորին, քաջառողջություն մաղթում ու, իհարկե, մեկ անգամ էլ շնորհավորում օրերս ստացած մեդալների համար:

Միայն թե այլեւս պատերազմ չլինի, պատերազմ չլինի…,- հնչում է բժիշկ վետերանի հրաժեշտի խոսքը:

Ալիս Ալավերդյան

  • veteran