Առաջինը լինելու երջանկությունը

Զրույց ազատամարտիկ- բուժքույր ՓԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ

-Այնպիսի զգացողություն ունեմ՝ ասես իմ կյանքն սկսվել է 1989-ին, երբ առաջին անգամ օպերայի հրապարակում մենք միացանք, հավաքվեցինք ոչ թե անձնական խնդիր լուծելու, այլեւ մեր կորցրած հայրենիքի մի մասը փրկելու համար։ Այդ պահից իմ կյանքն իմաստավորվեց, գորշ, միապաղաղ, անգույն կյանքիս մեջ լույսեր վառվեցին, ասես սիրտս կենդանացավ… Ես ուրիշ մարդ դարձա։ Բոլորովին ուրիշ։ Այդ կերպարանափոխությունը նույնիսկ ինձ համար էր զարմանալի:

-Դուք անսովոր կին եք՝ կին ազատամարտիկ։ Մեկը այն քաջերից, որ խիզախեց զինվորագրվել ֆիդայական ջոկատին, գնալ առաջնագիծ ու կռիվ տալ թուրքի դեմ իր հայրենիքը ազատագրելու համար:

-Անսովո՞ր… Ես միշտ էլ շատ սովորական եմ եղել, աննկատ, աչքի չեմ ընկել։ Երբ սկսվեց ազատագրական շարժումը, ես երեսունն անց կին էի, բայց եթե հարցնեք, ոչ մի հետաքրքիր բան չեմ կարող պատմել այդ տարիների մասին։ Չկա ոչ մի վառ հիշողություն, ոչ մի կարեւոր ասելիք։ Թերեւս… իմ կյանքի ամենամեծ ուրախությունը Հայրենական պատերազմի մասին պատմող ֆիլմերն էին։ Հայրս ճակատային էր, ու այդ ֆիլմերը նայում էր մեծ հետաքրքրությամբ։ Ես էլ՝ նրա հետ։ Բոլոր ֆիլմերն անգիր էի արել։ Եթե իմ հասակակից աղջիկների կուռքը գեղեցկադեմ երգիչներն ու դերասաններն էին, ես պաշտում էի քաջ, ինքնազոհ, հայրենիքի համար մեռնելու պատրաստ հերոսներին։ «Պատմություն» առարկայից բարձր գնահատական էի ստանում, երբ դասը վերաբերում էր այս կամ այն ճակատամարտին։ Մտածում էի, որ տղա ունենամ, զինվորական կդառնա։ Չունեցած որդուս (որ այդպես էլ չունեցա) զինվորական համազգեստով էի պատկերացնում՝ թիկնեղ, բարձրահասակ ու ամուր։ Ո՞նց ասեմ… առաջնորդ, առջեւից գնացող, ուրիշների համար ճանապարհ բացող:

-Փոխարենը Դուք զինվորական համազգեստ հագաք, առաջիններից մեկը…

-Նախկինում ես երբեք առաջինը չէի եղել։ «Առաջինը» տեսակ է, մարդու տեսակ, հոգու տեսակ… Ես չեմ համարձակվել։ Առաջինը լինելու համար շատ բան է պետք՝ հոգու ուժ, քաջություն, պատասխանատվություն, սկզբունքայնություն, ինտելեկտ, ինքնավստահություն… Շարժման օրերին ես հասկացա, որ պատրաստ եմ առաջինը լինել, պատրաստ եմ կանգնել հայրենիքի ազատագրության համար պայքարողների առաջին շարքում՝ ընդունելով առաջին հարվածը։ Ես հասկացա, որ եկել է կյանքիս ամենակարեւոր գործը անելու ժամանակը, որ ինձ կյանքս իմաստավորելու, գոյությունս արդարացնելու հնարավորություն է տրված։ Ու ես մեկնեցի ռազմաճակատ:

Երբ կարդում էի Ձեր կենսագրությունը, իմացա, որ երկրաշարժի ժամանակ ավելի քան 60 օր փրկարարական ջոկատի կազմում օգնություն եք ցուցաբերել աղետյալներին ամենածանր գոտում՝ Նալբանդ գյուղում:

-Ցրտաշունչ ձմեռ էր, ու մենք վրանների տակ էինք ապրում։ Միակ զգացումը, որ ինձ կարող է երջանիկ դարձնել, պետքական լինելու զգացումն է։ Այդ զգացումը իմ սիրտը լցնում է ուժով, կյանքով, եռանդով, ինքնավստահությամբ։ Ես պետք էի Նալբանդում, առավոտից իրիկուն առանց հոգնելու օգնում էի աղետյալներին, բժշկում էի նրանց (մասնագիտությամբ բուժքույր եմ): Այդ ժամանակ ես մի զարմանալի բացահայտում արեցի՝ մարդու ֆիզիկական ուժերի ակունքը հոգու մեջ է։ Մեծ, կարեւոր, սրտիցդ բխող ցանկություններն ու նպատակները կարող են մարդուն օժտել գերբնական ուժով։ Իսկ եթե հոգիդ անտարբեր է, ֆիզիկական ուժերդ արագ կսպառվեն։ Մի բան էլ հասկացա, թե որքան մեծ ուժ կարող է լինել մարդու մեջ։ Հայի մեջ։ Մեկը կորցրել էր ամբողջ ընտանիքը, մնացել էր ծծկեր թոռան հետ, բայց չէր վհատվում, ամուր կառչել էր կյանքից։ Ինքը 74 տարեկան՝ ասում էր՝ պիտի ապրեմ, որ թոռիս մեծացնեմ, իր նպատակին հասցնեմ։ Մեկ ուրիշը կորցրել էր ոտքերը, երիտասարդ տղա էր, բժիշկ-սրտաբան։ Ասում էր՝ փառք Աստծո, ձեռքեր ունեմ, ականջ ունեմ, կարող եմ լսել մարդկանց սրտի զարկերն ու բուժել։ Մենք այսպիսին ենք։ Գուցե դա գալիս է մեր դաժան ճակատագրից. դարեդար կյանքի հարվածները մեզ պնդացրել են, դարձրել անպարտելի…

Շատերը զարմանում են, թե ինչպես կարողացանք հաղթել Արցախյան պատերազմում, երբ ադրբեջանցիները մարդկանց քանակով, զենքով մի քանի անգամ գերազանցում էին մեզ։ Զարմանում են այն մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է պատերազմը։ Իսկ նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են ռազմաճակատում, գիտեն, որ հողի համար կռիվը դուրս է բոլոր օրինաչափություններից, առավել եւս՝ տարրական թվաբանության շրջանակից։ Պատերազմում հաղթում է նա, ով ավելի շատ է սիրում այն հողը, որի համար կռվում էր:

-Թե՞ նա, ով ավելի խիզախ է, ավելի լավ է տիրապետում զենքին, ավելի լավ գիտի ռազմական գործը…

-Ձեր նշած հատկությունները գալիս են հողը սիրելուց, հայրենիքը սիրելուց:

-Ադրբեջանցիները չէի՞ն սիրում Արցախը։ Ղարաբաղը նրանց համար ծննդավայր էր, տուն…

-Կա գենի հիշողություն, արյան կանչ։ Իմ ազգականի երեխաները ծնվել են Լոնդոնում։ Լոնդոնը նրանց ծննդավայրն է, տունը, բայց Հայաստան ասելիս արցունքոտվում են, Արցախ ասելիս հպարտությունից լաց են լինում։ Ուզում են գալ Հայաստան, ապրել հարազատ հողում։ Ծննդավայրը ծննդավայր, բայց կա մեկ ուրիշ ավելի մեծ արժեք՝ հայրենիքը։ Այն հողը, որին պապերիդ աճյունն է խառնվել։ Այն հողը, որի վրա դարեդար ապրել են հեռավոր նախնիներդ, որտեղ քո արյան կենսագրությունն է՝ հազարավոր տարիների կենսագրությունը։ Մեր արյունն ուժեղ է մեզնից։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, թե՝ շատ փող ունենք, շատ զենք ունենք… Եթե Արցախը չկարողանան պահել այն մարդիկ՝ ադրբեջանցիները, ովքեր Արցախում էին ծնվել, Արցախում թողել էին իրենց տունը, Արցախին կապված էին հիշողություններով, երիտասարդ սերունդը կկռվի՞ Արցախի համար։ Արցախի գինը մարդկային կյանքն է, հազարավոր մարդկանց կյանքերը… Այդ կյանքը պիտի զոհաբերվի ինքնաբուխ, անհատույց։ Մարդկային կյանքը փողով չես գնի։ Ադրբեջանն ասում է՝ ժամանակը աշխատում է մեր օգտին։ Ինքն էլ գիտի, որ ստում է… Ժամանակը նրան հեռացնում է Արցախից առաջին հերթին հոգեպես։ Արցախում պարտվածները նորից զենք չեն վերցնի։ Արցախը չտեսած ջահելները՝ առավել եւս:

-Իսկ մե՞նք…

-Այդ հարցի պատասխանը նրանց համար է, ովքեր չեն մասնակցել պատերազմին։ Երբեմն ինձ ասում են՝ ո՞նց կարող է պատահել, որ առաքինի կինը խառնվի տղամարդկանց ու գնա ճակատ։ Կինը կարող է պարկեշտ լինել ե՛ւ ճակատում՝ սարերում, անտառներում, կինը կարող է անպարկեշտ լինել ե՛ւ քաղաքում։ Ճակատում չկային տղամարդ ու կին, եղբայր ու քույր էին, պատրաստ էին կյանք տալ մեկը մյուսի համար։ Գիտեք՝ պատերազմը, հայրենիքի համար կռիվը, այդ ոգեղենության մթնոլորտը ազնվացնում են, բարձրացնում, վեհացնում, մաքրում են մարդուն։ Գաղտնիք չէ, որ շատերին պարզապես փողոցից բռնում ու բերում էին ճակատ։ Համարյա զոռով էին բերում։ Բայց առաջին ճակատամարտից հետո այդ մարդիկ միանգամից փոխվում էին, դառնում էին համարձակ, ինքնազոհ, հայրենասեր։ Նրանցից շատերը շարունակում էին կամավոր մարտնչել ու չէին վերադառնում թիկունք։ Մե՞նք… հարցնում եք։ Մենք նույնն ենք։ Երբ կազմավորվեցին ազգային բանակի առաջին ստորաբաժանումները, ես անցա զինվորական ծառայության որպես բուժքույր։ Պատերազմի ավարտից հետո մնացի Արցախում մինչ 2003 թվականը։ Զորամասում էի ծառայում, բժշկական օգնություն էի ցույց տալիս զինվորներին:

Պատերազմի ժամանակ զինվորացած պատանիները՝ ազգային բանակի առաջին զինվորները, ապացուցեցին, որ իրենք Արցախը պաշտպանող քաջերի հարազատ ժառանգներն են։ Զգում էի, որ աչքերի մեջ տագնապ կա, ուզում են ապրել, ընդամենը 18-20 տարեկան են՝ համարյա երեխա, բայց ինչ սառնասրտությամբ էին թաքցնում վախը, չէին ընկրկում, չէին հրաժարվում ամենաբարդ առաջադրանքներից, անտրտունջ դիմանում էին ցրտին, քաղցին, անմարդկային կենսապայմաններին։ Ես տեսնել եմ, թե ինչպես են 13-14 տարեկան երեխաները գնդակների տարափի տակ զինամթերք հասցնում կռվողներին, ինչ քաջությամբ են նայում մահվան աչքերին:

Ոմանց թվում է, թե պատերազմի դաշտում կյանքը զրկվում է արժեքից, բայց այդպես չէ: Ընդհակառակը՝ կյանքն ավելի է արժեւորվում։ Երբ կրակոցները լռում էին, ու նստում էինք հանգստանալու, տղաները սկսում էին զրուցել։ Պատմում էին իրենց կյանքից, լավուվատ օրերից, ընկնում էին հիշողությունների գիրկը, ու հասկանում էիր, թե նրանք որքան են սիրում կյանքը։ Եվ որքան ավելի շատ են սիրում հայրենիքը։ …Մենք մոռանում էինք մահվան մասին, որ չվախենանք մահից։ Որովհետեւ անհնար է մահից չվախենալ։ Հիշում եմ՝ անընդհատ ապագայի մասին էինք խոսում՝ «…երբ տուն գնամ», «…երբ կռիվն ավարտվի», «…երբ Արցախն ազատագրենք»: Փորձում էինք ինքներս մեզ հավատացնել, որ մենք լինելու ենք, երբ կռիվն ավարտվի…

-Ինչպե՞ս եք ապրում հիմա:

-Շնորհակալություն, լավ եմ։ Մենք ճակատային ընկերներով ամեն տարի գնում ենք մեր ազատագրած տարածքները։ Նստում ենք խոտերին։ Հիշում ենք այն ժամանակները, երբ հողն այրվում էր, տներն ավերվում էին, մարդիկ զոհվում էին։ Այնտեղ ամեն թուփ, ամեն քար պատմություն ունի, մի թանկ հուշ։ Այնտեղ ամեն ինչ մասունք է, սրբացած։ Ամենուր հուշարձաններ են՝ մեր ընկերների զոհված վայրերում։ Մենք միասին գնում ենք Արցախ, որ մեկ անգամ եւս լցվենք խաղաղության բերկրանքով ու հպարտությամբ։ Արցախի անվտանգ, ապահով լռությամբ մաքրենք մեր ականջներից ու մեր հոգուց ռումբերի ոռնոցն ու գրադի պայթյունի աղմուկը։ Որ տեսնենք, թե ինչպես է Արցախը ծաղկում, ինչպես են մարդիկ ապրում իրենց ծննդավայրում։ Մենք գնում ենք Արցախ, որ կրկին միասին լինենք, իրարով ուժեղ, իրարով հպարտ։ Մեզ միացնում է կորստի ցավը, հաղթանակի բերկրանքը, անցած օրերի հիշողությունը, հպարտությունը, սերը։ Մենք անքակտելիորեն կապված ենք իրար։

Գայանե Պողոսյան