Լեգենդ, որ չի ավարտվելու

Բանաստեղծուհի ՄԵՏԱՔՍԵ

Ես առաջին անգամ Արցախը տեսա 1980-ին։ Ես որբ, Ղարաբաղը՝ որբ, գտանք իրար։ Ղարաբաղը՝ շքեղ ու մոռացված, լքված ու հպարտ, կորուսյալ եդեմի պես տենչալի։ Ինձ շատ լավ ընդունեցին Ղարաբաղում, պատվեցին։ Շուշիի քաղկոմի 2-րդ և 3-րդ քարտուղարները թրքուհիներ էին, եւ նրանց ներկայությամբ ուղեկիցս՝ Գուրգեն Գաբրիելյանը առաջարկեց առաջինը այցելել մզկիթի թանգարան։ Ես զայրացած պատասխանեցի. «Տատս էն գլխից պատվիրել է, որ Ղարաբաղ ոտք դնելուն պես առաջինը Ղազանչեցոց եկեղեցի մտնեմ»: Թրքուհի պաշտոնյաները բազմանշանակ լռեցին, բայց չհամարձակվեցին հակառակել։ Կզարմանաք՝ բայց ես նրանց աչքերում հիացմունք տեսա։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի՜ն… դժվար է բառերով պատմել զգացածս. ավերակ, անարգված, լքյալ Հայոց տաճարը։ Ծանր լռության մեջ լսվում էր միայն թռչունների ծլվլոցը՝ աղոթքի պես, օրհնության նման։ Արցունքներս հոսում էին։ Հանկարծ ինքս էլ չիմացա՝ ինչպես սկսեցի երգել, ու սուրբ-սուրբը պատարագի պես տարածվեց խոնարհված եկեղեցու կամարների տակ։ Թուրքերը լռել էին՝ սեւեռուն, մտախոհ։ Հետո գնացինք Սահակի աղբյուրը։ Դա մի հրաշալի վայր էր՝ չորս կողմն անտառ, իսկ կենտրոնում՝ աղբյուրը։ Բացօթյա ռեստորանում թուրքեր էին զվարճանում, իսկ Ամարաս տանող աստիճանների գլխին մի ծերունի քամանչայով Սայաթ-Նովա էր նվագում։ Նվագում էր վերացած, հուզմունքով։ Կրկին երգելու պահանջ զգացի, ցանկացա զորացնել ծերունու քամանչայից պոկվող հնչյունները, զորավիգ լինել։ Ծերունին բացեց աչքերը, հետո սկսեց արտասվել։ Թուրքերը մոռացել էին իրենց լիքը ափսեներն ու լսում էին զարմացած. մի ծեր երաժիշտ ու մի հերարձակ, երկարափեշ հայուհի մորմոքում էին կորցրած հայրենիքի ու կիսավեր տան կարոտը։ Թուրք պաշտոնյաները չէին ուզում, որ ես իջնեմ Ամարաս։ Ներքեւում օձեր կան՝ ասում էին, վտանգավոր է։ Այն, ինչ տեսա Ամարասում, անհնար էր պատկերացնել։ Պատերը դիտավորյալ մրոտել էին, ամեն ինչ քարուքանդ արել։ Սուրբ Գրիգորիսի գերեզմանի տեղը պղտոր գոլ էր, փորել էին, որ գանձ գտնեն։ Ամենուր զգացվում էր օտարի ծանր, բարբարոս շունչը։ Հայերը վախվորած էին, զգուշանում էին։ Չկար տիրոջ ինքնավստահություն՝ տիրոջ կամք, տիրոջ ուժ։ Կեւորկովի հետ ծանր խոսակցություն ունեցանք։ Հայաստան վերադարձա հուզված, դառնացած։ Եվ այդ ժամանակ ծնվեց «Արցախն ինչպես տեսա» շարքը։

Պատերազմը նոր էր սկսվել, գրողների միությունում հանդիպեցի ծանոթ ազատամարտիկի։ Ասաց՝ Մետաքսե ջան, սովը՝ ոչինչ, ցրտին չենք դիմանում։ Կոշիկները հանելով՝ ցույց տվեց սեւացած, ցրտահարված մատները։ Ես շատ հուզվեցի։ Երեկոյան զանգեցի լրագրող Ռիմա Պետրոսյանին ու եթեր դուրս գալու հնարավորություն խնդրեցի։ Խոսքս անկեղծ էր, ազդեցիկ, հուզառատ։ Խնդրեցի օգնել կռվող տղաներին, գուլպաներ բերել։ Ձայնս կերկերում էր, լացը դեմ էր առել կոկորդիս։ Առավոտյան մտա գրողների միություն ու ապշեցի։ Նախագահի ընդունարանում ասեղ գցելու տեղ չկար։ Մի կին վերմակի բուրդն էր մանել ու գուլպաներ գործել, մյուսը երկարափեշ շրջազգեստն էր քանդել։ Մի քանի ժամում արկղերով գուլպա հավաքվեց։ Հետո սկսեցին տաք վերնազգեստներ բերել, շորեր, տարբեր իրեր, փող։ Խորհրդանշական էր, որ առաջին ներդրումը Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւորական տեր Շահենը կատարեց, ու ասես ի սկզբանե մեր ձեռնարկումն օրհնվեց, օրեցօր ընդլայնվեց, ծավալները մեծացան, նույնիսկ Սփյուռքը ներգրավվեց։ Երանությամբ եմ հիշում այդ օրերի ջերմությունը, սրտացավությունը, անշահախնդիր նվիրումը։ Նախադպրոցական երեխաները բակում համերգ էին տվել, երգել, արտասանել էին ու հանգանակած գումարը նվիրել ազատամարտիկներին։ Համաժողովրդական շարժում սկսվեց, մարդիկ հավատում էին, վստահում, ցանկանում էին իրենց ավանդը տալ Արցախին, կռվող տղաներին։ Մենք այցելում էինք հիվանդանոցներում ապաքինվող վիրավորներին, ճակատ ուղարկվող յուրաքանչյուր ծանրոցի մեջ սիրով ու ջերմությամբ, լավատեսությամբ ու կորովով լեցուն նամակներ էինք դնում։ Պատահում էր՝ պատասխանում էին։ Մինչ օրս սիրով պահում եմ Սեյդիշենի ջոկատի ազատամարտիկների նամակը. «Սիրելի մայրեր, քույրեր, ձեր տաք մատներով հյուսված գուլպաներն ու ձեռնոցները լցրին մեր սրտերն անմար ջերմությամբ, կրկնակի եռանդով։ Ձեր սերն է ուժ տալիս մեզ, ձեր մայրական օրհնանքն ենք տանում կռվի դաշտ, ձեր զորությամբ ենք արծվանում, Մայր Հայաստանի սիրով է գոտեպնդվում ու ազատագրվում Արցախ զավակը, ձեր պատվով ենք հպարտանում՝ չենք վերադառնա մեր ընտանիքի գիրկը, մինչեւ վերջին թշնամուն չհալածենք Արցախի սահմաններից»: Իսկ Կարաչինարի ազատամարտիկները, շնորհակալությամբ ընդունելով մեր ուղարկած տաք հանդերձանքը, խոստանում էին հաղթանակից հետո իրենց բարերարնեին հրավիրել ազատագրված Արցախ։ Մեզ երախտագիտության խոսքեր հղեց նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը, բարձր գնահատեց Արցախին օգնելու համաժողովրդական պաթոսը, խանդավառությունը՝ համարելով հաղթանակի երաշխիքներից մեկը։ Պատերազմի օրերին խիզախության, հայրենասիրության, ոգու եւ հերոսության այնպիսի պաշար կուտակեցինք, որ դեռ տասնյակ սերունդներ կգրավի, կվարակի մեր հին ու ազնիվ արյունը, կփոխանցվի ժառանգաբար։ Մի դրվագ պատմեմ. Մխիթար Թիզյան անունով ազատամարտիկը պատերազմում կորցրել էր երկու ձեռքը, երկու աչքը։ Ասում էր՝ Մետաքսե, Աստված թող ինձ մի հատիկ աչք տա, կրկին ճակատ կգնամ, կկռվեմ։ Ասք չէ, ի՞նչ է հապա, դյուցազնավեպ է, լեգենդ է։ Մեր ոգու լեգենդն այստեղից է գալիս ու երբեք չի ավարտվելու։

Գայանե Պողոսյան

(Հատված հարցազրույցից)