Այրվեցին նաև պատերազմի վավերագրերը

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից բժիշկ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, պահեստազորի գնդապետ Ալբերտ Եսայանը.

Ստեփանակերտից Երևան վերադառնալու օրը՝ մայիսի 15-ին, Արմենի հետ հավաքեցինք մեր իրերը և մեկնեցինք Խոջալուի օդանավակայան: Օդանավակայանը լեփ-լեցուն էր կամավորական ջոկատների ազատամարտիկներով: Մեր իրերը տեղավորելով ինքնաթիռի մեջ՝ դուրս եկանք ու կանգնեցինք ինքնաթիռի կողքին, մինչև թռիչքի հրաման լինի: Այնտեղ էր և կինոօպերատոր Շավարշ Կարապետյանը: Հանգիստ զրուցում էինք: Հանկարծ ադրբեջանցիները Աղդամից սկսեցին «Գրադով» խփել: Բոլորը սկսեցին այս ու այն կողմ փախչել: Ես ու Արմենն էլ վազեցինք ու թաքնվեցինք մոտակա խրամատում: «Գրադի» արձակած արկի բեկորներից մեկը կպավ այն ինքնաթիռին, որով պատրաստվում էինք թռչել: Ինքնաթիռը սկսեց վառվել: Դա մի սարսափելի տեսարան էր: Կրակը այնպիսի արագությամբ էր տարածվում, որ անհնար էր որևէ բան ձեռնարկել այն հանգցնելու համար: Մեր բոլորի իրերը մնացել էին վառվող ինքնաթիռի մեջ: Ինքնաթիռի մեջ էին մնացել նաև Շավարշի տեսախցիկն ու տեսաերիզները, որոնք նկարահանել էր այնքան մեծ դժվարությամբ, կյանքը վտանգելով… Կարծես կորուստը քիչ էր, ոտքից էլ վիրավորվեց: Արկի բեկորը ջարդել էր ազդոսկրը: Արմենի հետ Շավարշին տեղափոխեցի Ստեփանակերտի հիվանդանոց: …Լվացվեցինք ու անմիջապես սկսեցինք վիրահատությունը: Շավարշը շատ հուզված էր, բայց ոչ վիրավորվելուց կամ վախից, այլ տեսաերիզների կորստից: Նա գնացել էր մարտական գործողությունների ամենաթեժ կետերը, կյանքը վտանգելով նկարահանումներ արել, ինչպես ինքն էր ասում, անպատմելի, անկրկնելի կադրեր նկարել… ու հիմա մի քանի րոպեում ոչնչացան, մոխրացան:

Անահիտ Չիբուխչյան

(կրճատումներով)