Եթե չես կորցրել հոգուդ ուժը…

” Եթե չես կորցրել հոգուդ ուժը… “

-Ինքդ քեզ, քո տեսակն ու էությունը ճանաչելու համար առաջին հերթին պապերիդ կենսագրությունը պիտի հասկանաս, քո ինքնությունը նախնիներիդ պատմության մեջ պիտի փնտրես,-բժիշկ, զինվորական, ազատամարտիկ Միքայել Բայաթյանն այս խոսքերով է սկսում իր ինքնակենսագրությունը։

Քո տոհմը իշխանական ծագում ունի՝ ումի՞ց լսեց առաջին անգամ։

Փոքր էր, բայց հասցրել էր կարդալ հայոց պատմական վեպերն ու շատ էր ոգեւորվել իր իշխանական ծագման վարկածով։ Սկսեց հետաքրքրվել, հարցուփորձ անել ու կարողացավ ի մի բերել, ամբողջացնել հոր՝ մանկատանը հասակ առած Ռաֆիկ Բայաթյանի մոռացված կենսագրությունը՝ վեհաշունչ ու հերոսական…

Պապը՝ Միսակ Բայաթյանը, Վայքի մարզի Բարձունք գյուղից էր։ Նրա գերդաստանը մեծ էր, ուժեղ, հարգված, պատվով, նրանք ունեւոր էին, ազդեցիկ ու սիրված, քանի որ արդար էին, գթասիրտ, օգնում էին կարիքավորներին, պահում որբերին։ Գյուղի հնաբնակները հպարտությամբ պատմում էին, թե ինչպես էին թուրքերը վախենում Բայաթյաններից, աշխատում էին հեռու մնալ։ Բայաթյանները տիրություն էին անում ողջ գյուղին։ Նրանք շատ հայրենասեր էին, ըմբոստ։ Միսակ պապը Ֆիննական պատերազմից տուն էր եկել վիրավոր ու մեդալներով, նրա հսկա գրադարանը լիքն էր պատմական գրքերով, անգամ բռնադատման տարիներին չէր բաժանվում Անդրանիկի նկարից։ Խորհրդային իշխանությունը “կուլակաթափ” արեց Բայաթյաններին։ Նրանց հսկա տունը քանդեցին ու այդ քարերով կառուցեցին գյուղի մշակույթի տունը, նրանց գրադարանով հիմնեցին գյուղի գրադարանը։ “Ազգայնացրին” ամեն ինչ, անգամ մեղվի փեթակները ու ցանկացան Միսակ պապին աքսորել Սիբիր։ Բայց ամբողջ գյուղը ոտքի կանգնեց ու փակեց ճամփան, մեծ ու փոքրով ընդդիմացան ու փրկեցին իրենց բարերարին։ Գյուղի նահապետը մյուս ունեւորների հետ մնաց անտուն։ Ֆիննական պատերազմում վիրավորված ու արդեն տարիքն առած Միսակ պապին Մեծ հայրենականի ժամանակ գյուղխորհրդի նախագահն իր որդու փոխարեն ճակատ ուղարկեց։ Միսակ Բայաթյանը հերոսի մահով զոհվեց Կերչում՝ մանկահասակ երեխաներին թողնելով կնոջ խնամքին։ Սովի տարիներին Միսակ Բայաթյանի երկու որդիները՝ Ռաֆիկն ու Ալբերտը, ընկնում են մանկատուն։ <Հայրս՝ Ռաֆիկը, ժառանգել էր իր նախնիների աշխատասիրությունը, կամքը, լավատեսությունը,-պատմում է Միքայել Բայաթյանը,-նա ամեն ինչ սկսում է զրոյից, ամուսնանում, տունուտեղ է դնում, դառնում շեն օջախ>։ Միքայել Բայաթյանի կարծիքով՝ մարդու էությունը, խառնվածքը, բնավորության գծերը, թերություններն ու առաքինությունները փոխանցվում են ժառանգաբար, իսկ ընտանիքն ու միջավայրն ավելի ակներեւ ու հաստատուն են դարձնում դրանք։ Հայրը ճակատագրի բերումով չէր կարողացել բարձրագույն կրթություն ստանալ, բայց չէր կորցրել գրքի սերն ու հարգը ուսման հանդեպ։

 Այդպիսին էր նաեւ Ալբերտ հորեղբայրը, նրանք միշտ կարդում էին, Շեքսպիր ու Թումանյան էին արտասանում։ <Հայրս մանկատանն էր մեծացել, բայց աչքը կուշտ էր,- ասում է Միքայելը,-իր նախնիների աղայությունը, ազնվականությունը նրան էր անցել, շռայլ էր, առատաձեռն, գրպանի վերջին փողը կիսում էր ընկերների հետ։ Որդին մինչ օրս հիշում է հոր ակնածանքը ավագ եղբոր նկատմամբ, ուժեղ, առնական, նույնիսկ մի քիչ չոր ու իր ասածի տեր տղամարդը ավագ եղբոր մոտ դառնում էր զուսպ, հնազանդ։ Նույն հարգանքով էր վերաբերվում նաեւ ավագ քրոջը ու մինչեւ վերջ կարողացավ պահպանել հայ ընտանիքին հատուկ ավանդապաշտությունը, ջերմությունը մեծի հանդեպ՝ հարգանք ու խոնարհություն սերմանելով նաեւ զավակների մեջ։ Միքայելի հիշողություններում հայրը մնացել է իր հայրենասիրական ոգեշունչ զրույցներով, պատմություններով։

Պատին ծովից ծով Հայաստանի քարտեզն էր, գրադարանում շարված պատմական գրքերը մեկ առ մեկ կարդում էր զավակների համար ու երազում էր, որ իր Միքայել որդին զինվորական դառնա։ Միքայելը դեռ մանուկ հասակից զենք էր սիրում, պատմական գրքեր էր կարդում ու “ճակատամարտեր” էր հրահրում բակում, զբաղվում էր սպորտով, արեւելյան մարզաձեւեր ու սամբո էր պարապում՝ դառնալով վարպետության թեկնածու, միեւնույն ժամանակ գերազանց գնահատականներ էր ստանում դպրոցում։ Մայրը շատ էր ցանկանում, որ որդին բժիշկ դառնա։ Եվ հայր ու տղա երկար մտածելուց հետո որոշեցին միացնել բոլորի երազանքները։ Արդյունքում ծնվեց ռազմական բժիշկ դառնալու միտքը։ Միքայելն ընդունվեց Լենինգրադի ռազմական ակադեմիան, սակայն ճակատագիրը փոխեց բոլոր ծրագրերը, 20- ամյա տղան բժիշկ կամավորականների հետ հայտնվեց Արցախյան պատերազմի առաջին գծում, կռվեց <Նիկոլ Դուման> ջոկատի կազմում։ <Ինձ շատ օգնեց խորհրդային բանակում ծառայության փորձը։ Երբեք չէի հրապուրվում թիկունքային ծառայությամբ, չէի ցանկանում խոհանոցում աշխատել կամ՝ պահեստում, մեծ ոգեւորությամբ սովորում էի ռազմական գործը, այն ամենը, ինչ պետք էր զինվորին>։

Միքայել Բայաթյանը՝ բժիշկ-ազատամարտիկը ե՛ւ կռվում, ե՛ւ բժշկական օգնություն է ցույց տալիս վիրավորներին. սկսում է Երասխից, ապա մարտնչում է Կիրանցում, Տավուշում, Մարտակերտում… Թուրքերի մեջ ահ ու սարսափ տարածած Միսակ Բայաթյանի թոռը՝ 20-ամյա Միքայելը, նախնիների ըմբոստության, ցավի, վրեժի, հերոսության, նրանց անկատար երազանքների ժառանգորդը՝ իր ազնվական տոհմի չմարած “պարտքերն” էր տալիս թուրքին՝ անվրեպ զենքով ու անկոտրում ոգով։ < Ազերիների այս սերունդը, նրանք, ովքեր տեսել են Արցախյան պատերազմը, երբեք, ոչ մի գնով չեն համարձակվի կրկին հանդիպել մեզ հետ ռազմաճակատում։ Մերոնք կռվում էին նաեւ իրենց նախնիների՝ սեփական տունը օտարին թողած տասնյակ սերունդների փոխարեն, ու հայրենի հողում անթեղված նրանց մարմնի եւ ոգու ուժը ինչ-որ գերբնական հնարով մեր տղաների զորությունն էր բազմապատկում։ Ես տեսել եմ, թե ինչպես են մեր տղաները 20 հոգով խուճապի մատնում, ջախջախում 200 հոգանոց ադրբեջանական ջոկատը>։

Մարտակերտի մատույցներում հերթական ճակատամարտերից մեկն էր։ Թշնամու ուժերը բազմապատիկ ավելի էին։ Փոքրիկ խմբով շրջափակման մեջ ընկան ու հայտնվեցին թշնամու գնդակոծության տակ։ Թուրքերը կռվում էին բոլոր զինատեսակներով։ Միքայելը հստակ գիտակցում էր, որ իր բաժին կռիվն ու կյանքը վայրկյաններ անց ավարտվելու են Արցախյան հողում։

-Ի՞նչ էիք մտածում վերջին պահին։

-Թուրքը բորենու հոգեբանություն ունի, ոհմակով հարձակվելիս՝ դաժան է ու անխնա։ Մենք երեքով էինք, իրենք՝ մի ամբողջ ջոկատ, պարզ էր, որ հոշոտելու են։ Բայց որպես զինվոր՝ սեփական արժանապատվության համար պարտավոր ես կռվել մինչեւ վերջ, քանի դեռ ուժ ունես զենք բռնելու։

Հերթական պայթյունը ամեն ինչ թողեց խավարում։ Թուրքերը շարունակում էին կրակել, ու անշարժ մարմինները մի քանի ժամ մնացին ճակատամարտի դաշտում, գնդակների տարափի տակ։ Ժամեր անց, երբ տղաները կարողացան դուրս բերել յուրայինների մարմինները կրակի գծից, պարզվեց, որ երեքից միայն մեկն է զոհվել, երկուսը կենդանի են։ Միքայելի մի ոտքը անդամահատեցին, մյուսը վիրահատեցին յոթ անգամ ու կարողացան պահպանել։ <Բժիշկներին կյանքով եմ պարտական,- ասում է Միքայել Բայաթյանը,- Արտավազդ Սահակյանը, Սեյրան Սարոյանը փրկեցին կյանքս։ Նրանք հրաշալի մասնագետներ են ու անշահախնդիր, վեհանձն մարդիկ։ Պատերազմի տարիներին հարյուրավոր ազատամարտիկների են խլել մահվան ճիրաններից>։

Պատերազմի մղձավանջը մնացել է հետեւում, իսկ հաղթանակի բերկրանքը, հպարտությունը յուրաքանչյուր ազատամարտիկի հոգում են ընդմիշտ։ Միքայել Բայաթյանը պարգեւատրվել է <Արիության համար> եւ <Մարտական ծառայության համար> մեդալներով եւ բազմաթիվ պատվոգրերով։ Նա ընտանիք է կազմել, երկու երեխա ունի։ Ավարտել է ինստիտուտը, ստացել բժշկի մասնագիտություն, եւ կատարվել է զինվորական դառնալու նրա վաղեմի երազը՝ 1996-ին Սպարապետի կանչով ծառայության է անցել Ազգային բանակում, ծառայել է դաշտային հոսպիտալում, բուժվարչությունում, 2003-ից սկսած` Երեւանի կայազորի հոսպիտալի պետի դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալն է։

-Կարելի է ապրել նաեւ առանց ոտքերի, ապրել լիարյուն կյանքով ու երջանիկ լինել, եթե կարողացել ես պահպանել հոգուդ լույսը, բարությունը, ուժը։ Եթե թույլ չես տվել, որ ցավը, դժբախտությունը, անզորությունն ու հուսահատությունը հաշմեն հոգիդ։ Եթե չես կորցրել կյանքի հանդեպ սերը, հավատը մարդկանց հանդեպ, երազելու ունակությունն ու լավատեսությունը։ Եթե կարող ես ապավեն լինել քո կարիքն զգացողներին ու ինչ-որ բան անել երկրիդ ու ժողովրդիդ համար։

Միքայել Բայաթյանի կարծիքով՝ դաստիարակչական աշխատանքում ամենակարեւորը անձնական օրինակն է։ Չափազանց էական է, թե ու՞մ շուրթերից է հնչում հայրենասիրական պատգամը կամ բարոյական քարոզը։ Միքայել Բայաթյանը զինվոր տղաների տարիքին էր, երբ կամավոր մեկնեց ճակատ` կյանք ու արյուն տալու հայրենիքի ազատության համար։ Հենակների օգնությամբ՝ նրա քայլն անվստահ է ու վարանոտ, բայց աչքերում ինքնահաստատ ուժ կա ու պայծառ լավատեսություն, որ փոխանցվում է եւ՛ սպային, եւ՛ զինվորին։ <Շատ եմ սիրում իմ գործը,-մեր զրույցի ավարտին ասում է մայոր Միքայել Բայաթյանը,-սիրում եմ շփվել ուժեղ, ինքնավստահ, համարձակ զինվորների հետ, որոնց սիրտը լի է նպատակներով ու երազներով, հավատով ու լավատեսությամբ, ովքեր պատվախնդիր են ու ազգասեր, սիրում են իրենց հայրենիքն ու պատրաստ են սեփական ուժերով պաշտպանել հարազատ օջախը։ Պետք է սիրել նրանց, գոտեպնդել, տոգորել ազգային արժանապատվությամբ, հպարտությամբ, ոգով, լինել նրանց ընկերը, բարեկամը, խորհրդատուն։ Նրանք են մեր հողի հպարտությունը, պատիվն ու ուժը>։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ