Տիգրան փաշա Փեշտիմալճյան (1837-1894 թթ.)

Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի թաղային վարժարաններից մեկում, մասնագիտական կրթությունը՝ Փարիզի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում:

Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն (1876-1909 թթ.), գնահատելով Տիգրան Փեշտիմալճյանի՝ բժշկի տաղանդը, նրան դարձրել է իր խորհրդատու բժիշկը:

1869 թ. ընտվել է որպես Կայսերական բժշկական ընկերության անդամ, հետագայում վարել է նախագահի պաշտոնը:

Անդամակցել է նաև Ֆրանսիայի Առողջապահական ընկերությանը:

Զինվորական աստիճանի բարձրացումով արժանացել է փաշայի տիտղոսի: Իր բարեխիղճ գործունեության համար գնահատվել է թե պետական, և թե ազգային շրջանակների կողմից:

Տիգրան փաշա Փեշտիմալճյանը հայ վերածննդի ամենապայծառ դեմքերից էր: Մշտապես սատարել է ազգային բարեսիրական հաստատություններին և հատկապես գուրգուրանքով է վերաբերվել իր ծննդավայր Խասգյուղի Սուրբ Ներսեսյան վարժարանին:

Եղել է Կ. Պոլսի Միացյալ ընկերության Հայոց բարեգործական կազմակերպության գործադիր մարմնի նախագահը:

Աշխատակցել է Կ. Պոլսի ու Կովկասի հայ մամուլին: Որպես հրապարակագիր «Արևելք», «Մասիս» և «Փարոս Հայաստանի» պարբերականներում հրատարակել է Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող հոդվածներ: Հրատարակել է նաև բժշկությանը նվիրված աշխատություններ:

Անահիտ Աստոյան