Պետք լինել ազգիս, ժողովրդիս, ընտանիքիս

Ալբերտ Եսայանը ծնվել է 1945 թ. Վրաստանի Բոլնիս քաղաքում՝ բանվորի ընտանիքում: 1970 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և երկու տարով զորակոչվել զինվորական ծառայության ՝ որպես բ/ծ լեյտենանտ Խաբարովսկի սահմանապահ զորքերում: Զինվորական ծառայության ավարտից հետո վերադարձել է Երևան և աշխատանքի անցել վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ 1986 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ընտրվել որպես ավագ գիտաշխատող: 1991 թ. տեղափոխվել է Երևանի երկաթգծի հիվանդանոց, որտեղ հիմնել է վնասվածքաբանական բաժանմունքը և ղեկավարել այն: 1994 թ. նշանակվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ:

1980-1982 թթ. որպես գլխավոր վնասվածքաբան գործուղվել է Կանաչ Հրվանդանի Հանրապետություն:

1990-ից որպես բժիշկ մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պատերազմին: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ շքանշաններով, մեդալներով և շնորհակալագրերով:

-1990 թվականին առաջին անգամ իմ երկու ընկերների՝ Արմեն Չարչյանի և Կարեն Քոլոյանի հետ մեկնեցի Գետաշեն: Այդ ժամանակ Գետաշենը հսկվում էր նախկին խորհրդային զորքերի զինվորների կողմից, և անցագրային ռեժիմ էր հայտարարված: Հիվանդանոցում մեզ զգուշացրին, որ դուրս չգանք այնտեղից…

Մի օր էլ ներս մտավ հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Սարգիս Հակոբքյոխվյանը, և դիմելով մեզ՝ անհանգստացած ասաց.

-Շուտ վերցրեք ձեր իրերն ու արագ հեռացեք: 10-15 րոպեից ուղղաթիռը ձեր ետևից կգա:

Գետաշենը բավականին մեծ գյուղ է: Որպեսզի ժամանակին հասցնենք ուղղաթիռին, մեզ ավելի կարճ ու անվտանգ ճանապարհ ցույց տվեցին՝ դեպի հանդիպակաց սարը, որի գագաթին, ըստ պայմանավորվածության, պետք է վայրէջք կատարեր ուղղաթիռը: Դեռ չէինք հասցրել դուրս գալ գյուղից, երբ նկատեցինք մեր կողմը շտապող խորհրդային զինվորներին: Մեզ ընդամենը 200 մետր էր բաժանում իրարից: Ուղղաթիռը դեռ չէր երևում, բայց շարժիչի ձայնը լսվում էր: Մենք արագ-արագ սկսեցինք մագլցել սարը: Մի երկու րոպեից երևաց և ուղղաթիռը: Այն իջավ սարի գագաթին, բայց չանջատեց շարժիչը, անմիջապես նետվեցինք ուղղաթիռի մեջ և սլացանք վեր: Մի աննկարագրելի բան էր, թե ինչպես էին սարերի միջով գերազանց վարպետությամբ վարում ուղղաթիռը, որը կարծես խաղալիք լիներ նրանց ձեռքին: Շատ եմ ափսոսում, որ այն ժամանակ չիմացա օդաչուների անունները: Հազար փառք ու պատիվ նրանց:

Հետո Ալբերտ Եսայանը պարբերաբար մեկնում է Ստեփանակերտ և մարզային կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժօգնություն ցույց տալիս վիրավորներին: Հաշվի առնելով նրա մասնագիտական բարձր կարողությունները ՝ Ստեփանակերտի առողջապահության ղեկավարությունը նրան դաշտային հոսպիտալ չէր ուղարկում: Եվ չդադարող ռմբակոծության ներքո, նկուղային հարկում, մոմի լույսի տակ հարյուրավոր վիրահատություններ էր կատարում, իսկ պատերազմի ժամանակ, ինչպես նա է ասում, «ամենամեծ համաճարակը վնասվածքն է, կոտրվածքը»:

-1992 թվականն էր, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում էի: Հիվանդանոցի շենքը հաճախակի կրկնվող ռմբակոծություններից կիսաքանդ էր: Մենք վիրահատություններ էինք կատարում շենքի մութ ու խոնավ նկուղում, մոմի լույսի տակ, իսկ վիրավորների հոսքին վերջ չկար… Ինչպես երկրաշարժի ժամանակ, այստեղ էլ աշխատում էինք առանց հանգստի և որքան էլ հոգնած ու անքուն՝ դիմանում էինք:

Հակառակորդի «Սու»-երը կես ժամը մեկ ռմբակոծում էին Ստեփանակերտը, իսկ Շուշիից էլ «Գրադ» կայանքն էր արկերի տարափ թափում: Հիվանդանոցը ուղիղ նայում էր Շուշիին, որտեղից էլ երբեմն նշանառուներն էին կրակում: Մի անգամ նույնիսկ հրաշքով փրկվեցինք: Նոր էի եկել, և դեռ չէին հասցրել նախազգուշացնել, որ այդ կողմում չկանգնեմ, քանի որ հակառակորդի նշանառուները այդ ուղղությամբ կրակում են: Ես դուրս էի եկել ու նայում էի Շուշիի ուղղությամբ, երբ ինչ-որ բան, ականջիս կողքով սուրալով, մտավ պատի մեջ: Շրջվեցի ու տեսա փամփուշտը:

Իսկ Շուշիի ազատագրման օրը բոլորս լուսաբացը պատշգամբում դիմավորեցինք, որտեղից պարզ երևում էր, թե ինչ է կատարվում այնտեղ: Ամեն ինչ մեր աչքերի առջև էր, ու մենք ևս ականատես եղանք այդ անմոռանալի իրադարձությանը՝ Շուշիի ազատագրմանը: Առավոտյան ավտոմեքենաներով իրար հետևից բերեցին վիրավորներին: Մենք արդեն ամեն ինչ նախապատրաստել էինք ու նրանց էինք սպասում: Վիրավորներին վիրահատելուց ու տեղավորելուց հետո ես էլ մեկնեցի Շուշի՝ սեփական աչքերով տեսնելու ազատագրված քաղաքը: Հիմա ես խոսում եմ քեզ հետ, ու աչքերիս առջևից կինոժապավենի նման անցնում է այն ամենը, ինչ որ կատարվում էր այնտեղ: Տեղ հասնելով՝ մի քիչ քայլեցի փողոցներով, ապա քայլերս ուղղեցի դեպի եկեղեցի, որը ավելի շատ զինապահեստ էր հիշեցնում: Մի հարմար տեղ գտա ու վառեցի ինձ հետ տարած մոմերը: Քաղաքի ամեն անկյունից աղմուկ-աղաղակի ուրախ ձայներ էին լսվում: Մարդիկ, որ վաղուց էին սպասում այդ օրվան, ցնծության մեջ էին: Իմ հոգին էլ էր ցնծում, մի ավտոմատ էլ ես վերցրի ու համազարկ տվեցի: Դա պատմական մեծ իրադարձություն էր, որի վկան եղա և ինչ-որ չափով մասնակիցը:

-Պատերազմի տարիներին՝ Ստեփանակերտում գտնվելու ժամանակ, ամենածանր օրը…

-…Շուշիի ազատագրումից առաջ էր: Լենինականի ջոկատներից մեկի տղաները շրջափակման մեջ էին ընկել: Մի քանի օր անց՝ գիշերով, բեռնատար ավտոմեքենաներով բերեցին նրանց դիակները: 12 հոգի էին: Հիշում եմ, վարար անձրև էր գալիս: Հիվանդանոցի աշխատակիցները տուն էին գնացել, հերթապահ բժիշկներն էլ քնած էին: Ես և Արմեն Չարչյանն էինք արթուն: Երբ ավտոմեքենան հիվանդանոցի բակ մտավ, մեզ թվաց՝ վիրավորներ են բերել, անմիջապես մոտեցանք: «Դիակներ են»,- ասաց վարորդը: Արմենի հետ իջեցրինք նրանց և շենքի սենյակներից մեկում կողք կողքի շարեցինք… Ահավոր խավար գիշեր էր, ոչինչ չէր երևում, վարորդն էլ մոմն էր բռնել, որ լուսավորի մեր ճանապարհը: Երբ վերջին դին էինք տեղափոխում, վարորդը մոմի լույսը պահեց դիակների վրա: Ես ու Արմենը սարսռացինք… տղաները այնպես էին խոշտանգված, որ սեփական մայրն էլ չէր կարող ճանաչել:

Ալբերտը լռում է, անցյալի սրտմաշուկ հուշերից մռայլվում է դեմքը: Թվում է՝ երկրաշարժի ու պատերազմի սարսափներ տեսած մարդուն այլևս ոչինչ ավելի մեծ ցավ չէր կարող պատճառել, բայց… բարբարոս հակառակորդի կողմից խոշտանգված դիակները ահավոր, անդարմանելի հետք էին թողել իմ հերոսի հոգում…

-Իսկ ի՞նչ էիք զգում, երբ պատերազմի ժամանակ միանգամից բազմաթիվ ծանր վիրավորներ էին բերում:

-Հոգեբանորեն շատ դժվար է. վիրավորները գոռում են, մեկը՝ ցավից, մյուսը՝ վախից, բայց բժիշկը պետք է ուժեղ լինի, տիրապետի իրեն և խուճապի մեջ չընկնի, այլապես չի կարողանա ժամանակին համապատասխան օգնություն ցույց տալ վիրավորներին, իսկ յուրաքանչյուր կորցրած րոպեն կարող է մարդկային կյանք արժենալ:

-Հե՞շտ է զինվորի հետ աշխատելը:

-Մեզ մոտ՝ վնասվածքաբանության բաժանմունքում, բուժվող զինվորների զգալի մասը գամված է անկողնուն կամ շարժասայլակին: Նրանք բացի ֆիզիկական ցավից, հոգու խոր ցավ ունեն: Մոտենալով նրանցից յուրաքանչյուրին՝ ես էլ նույն ցավը զգում եմ և փորձում ամեն ինչ անել նրանց համար՝ բուժել, վերականգնել ոչ միայն փշրված ոսկորները, այլև խաթարված հոգիները:

-Ի՞նչ եք զգում այսօր՝ երկրաշարժից, պատերազմից տարիներ անց:

-Իմ հայրենիքի, ժողովրդի համար այդ ծանր, ողբերգական օրերին ես արեցի այն, ինչ կարող էի, ինչ թույլ էին տալիս իմ ֆիզիկական, իմ մասնագիտական կարողությունները: Հոգեպես հանգիստ եմ. որպես մարդ, որպես հայ և այս երկրի քաղաքացի իմ պարտքն եմ կատարել ժողովդիս և հայրենիքիս առաջ, չնայած երբեմն մտածում եմ՝ ուրիշ ինչ կարող էի անել, որ չարեցի…

-Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կմեկնե՞ք:

-Անշուշտ: Համոզված եմ, որ ոչ միայն ես, այլև նրանք կմեկնեն, ովքեր դեռ այն ժամանակ պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի:

-Ձեր նշանաբանը:

-Պետք լինել ազգիս, ժողովրդիս, ընտանիքիս:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)