Ճակատամարտի հրաշագործը

Վարազդատ Կազանջյանը ծնվել է 1879թ մարտի 18-ին Երզնկայում` Հովհաննես և Մարիա Կազանջյանների ընտանիքում: 5 տարեկանից փոքրիկ Վարազդատն ականատես է լինում թուրքերի անմարդկային վայրագություններին: Նրանց ընտանիքը շուտով տեղափոխվում է Սվազ, որտեղ էլ պատանի Վարազդատը սովորում է եկեղեցում: Հոր մահից հետո կիսատ թողնելով ուսումը` ավագ եղբոր հետ սկսում է գրքեր վաճառել: Հաճախում է հայրենասիրական խմբակներ, քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում, թուրքերի հայատյաց ծրագրերը քննադատող թռուցիկներ բաժանում:

Երիտասարդ հայորդին շուտով հայտնվում է թուրքական ոստիկանության ուշադրության կենտրոնում, սակայն Վարազդատի բարեկամներն, ովքեր արդեն գաղթել, հաստատվել էին ԱՄՆ-ում, արագ կազմակերպում են նրա փախուստը:

Եվ ահա թուրքական սրից ու հրից փրկված ևս մի հայ, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, հայտնվում է Ամերիկա աշխարհում («Զարթոնք» թերթը հետագայում Վարազդատ Կազանջյանի մասին կգրի. «գաղթական տղան, որուն մուտքը Ամերիկա կարգելվեր, այսօր մեր ամենամեծ գիտնականներեն և մարդասերներեն մեկն է»):

Սակայն օտար աշխարհամասում հաջողությունները միանգամից չժպտացին. տարբեր-տարբեր աշխատանքներ կատարեց` աշխատեց է´լ ալրաղացում, է´լ կոշիկի արտադրամասում, մետաքսաթելերի գործարանում, ի դեպ` թելագործի հմտությունները նրան հետագայում պետք եկան վիրաբուժության մեջ:

Աշխատում էր օրնիբուն և վաստակած գումարի կեսը պարտադիր ուղարկում հայրենիք` մորը, մյուս կեսով ապրում, գրադարաններ հաճախում: Ընկերներից մեկի խորհրդով ընդունվում է ատամնաբուժական դպրոց, հետո այնքան հմտանում, որ, լինելով Բոստոնի բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, պրոթեզային լաբորատորիա ղեկավարելու առաջարկ է ստանում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա փառքը հասնում է գագաթնակետին, նրա անունը թնդում է ամենուր: Բրիտանական բանակը հատուկ բժշկական կենտրոն է հիմնում և մեր հայրենակցին հրավիրում այն գլխավորելու: Ռազմաճակատի ծանր պայմաններում, արկերի պայությունների տակ Վարազդատ Կազանջյանը կատարում է բժշկության նոր ճյուղի` դիմային վիրաբուժության առաջին քայլերը և «վերանորոգում» մարդկանց այլանդակված, անճանաչելիորեն, սարսափելիորեն փոխված դեմքերը` պատերազմի դեմքերը: Պատերազմի ընթացքում նրա շնորհիվ իրենց «մարդկային դեմքը» գտան հազարավոր զինվորներ, բժիշկը զարմանալի հմտությամբ, ոսկերչի ճշգրտությամբ կարողանում էր շտկել, վերականգնել ջնջխված դեմքեր, բուժում էր այնպիսի վիրավորների, որոնց դեմքի մի մասը պարզապես չկար, «հավաքում» էր պահպանված հյուսվածքները, ջարդված ոսկորները կցում իրար…

«Դեմքը գտած» զինվորները նրան պաշտում էին, իսկ լրագրողները բժշկին կնքել էին «ճակատամարտի հրաշագործ» մականունով` Miracle Man of the Western front:

Բրիտանական բանակի հրամանատարությունը բարձր գնահատեց Վարազդատ Կազանջյանի ծառայությունը` նրան մարտական շքանշանների արժանացնելով: 1919 թվականին Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ 5-րդը հենց Բուկինգհեմյան պալատում անձամբ նրան ընդունեց և շնորհեց թագավորական բարձրաստիճան շքանշան:

40 տարեկանում Կազանջյանը վերադարձավ ԱՄՆ, վերջնականապես ավարտեց ուսումը և որոշեց հիմնել մի կենտրոն նրանց համար, ովքեր հնարավորություն, միջոց չունեին շտկելու իրենց արատները:

Վարազդատ Կազանջյանին ԱՄՆ-ում համարում են պլաստիկ վիրաբուժության նախահայր: Նրա և Ջոն Մարքիզ Կոնվերսի համատեղ հրատարակած գիրքը` «Դեմքի վնասվածքների վիրահատական բուժումը», այսօր ուսումնական լուրջ ձեռնարկ է` ոլորտի մասնագետների համար: Վարազդատ Կազանջյանը հեղինակ է ավելի քան 700 գիտական աշխատությունների:

Բացի գիտական գործունեությունից, չպետք է մոռանալ նաև նրա հայանպաստ, հայրենանվեր աշխատանքը. Հայրենիքում ծավալված դեպքերը չէին կարող անտարբեր թողնել Կազանջյանին, նա հաճախակի էր նյութական աջակցություն ցուցաբերում հայկական համայնքներին, ֆինանսապես սատարում էր Ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքներին: Ֆրանսիական բանակի հայկական լեգեոնի ձևավորման ժամանակ անձամբ գնում էր հավաքատեղի, ստուգում հայրենակիցների առողջական վիճակը:

Թեև Հայաստանից հեռու էր, բայց մշտապես ապրում էր հայրենիքի հոգսերով և իր ամբողջ կյանքի ընթացքում էլ նվիրված մնաց հայրենիքին, իր ժողովրդին: Համաշխարհային հռչակ վայելող բժիշկը կյանքից հեռացավ 1974 թվականին 95 տարեկանում: Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար, աշխարհի առաջատար վիրաբույժի համբավ ունեցող լորդ Արա Դարզին, որը ևս հայկական ծագում ունի, իր հռչակավոր հայրենակցի մասին այսպես է արտահայտվել. «Ես աննկարագրելի հպարտություն ապրեցի, երբ իմացա Կազանջյանի մասին: Բրիտանիայում նրա մասին միայն լեգենդներ են շրջում»:

Պատրաստեց` Ալիս Ալավերդյանը