«Եթե անգամ դու չզբաղվես քաղաքականությամբ, միևնույն է, քաղաքականությունը կզբաղվի քեզնով»

Յոթ թիվը՝ իբրև արարչագործության խորհուրդ, մեծ նշանակություն ունի հայերիս համար: Արդեն յոթ օր է՝ ես բացել եմ իմ ֆեյսբուքյան էջը: Անչափ շոյված եմ իմ ղեկավարած կառույցի հասարակական գործունեության հանդեպ այդքան մեծ հետաքրքրությունից, հազարավոր համակիրների ու համախոհների աջակցությունից: Մեկ շաբաթվա ընթացքում մեր հայրենակիցներն այցելել են իմ էջը 55 հազար 640 անգամ, էջը հավանել են 2246 հոգի, հարյուրավոր մարդիկ գրել են մեզ, հայտնել իրենց պատրաստակամությունը՝ լինելու մեր կողքին, աջակցելու մեր ծրագրերին…
Շնորհակալ եմ նաև այն 2 կին լրագրողներին, որոնք հաջողեցին բացասական նոտաներ որսալ իմ աշխատանքում, այդ մասին բարձրաձայնեցին դեղին մամուլի էջերում… և իրենց կամքից անկախ գովազդեցին ինձ: Ես ակամայից հիշեցի հայտնի միտքը. «Եթե անգամ դու չզբաղվես քաղաքականությամբ, միևնույն է, քաղաքականությունը կզբաղվի քեզնով»:
… 88 թվականն էր: Ես Բժշկական ինստիտուտի ուսանող էի, ապրում և ստեղծագործում էի խաղաղ և հզոր հայրենիքում: Քաղաքականացված չէի, և քաղաքականացված չէր հայ երիտասարդությունը: Բայց երբ սկսեցին անկանխատեսելի իրադարձություններ զարգանալ, մենք հարկադրաբար պայքարի ելանք՝ տեր կանգնելով մեր ոտնահարված իրավունքներին: Հիշում եմ՝ այն տարիներին էլ զգաստության կոչ անողների պակաս չկար, բայց իմ սերունդը հայի այն տեսակն էր, որ հարկ եղած դեպքում չէր խուսափի կենաց-մահու պայքարից: Մենք ոչ քաղաքական պայքար էինք ուզում, ոչ պատերազմ, բայց իմ ընկերները զենք վերցրին՝ պաշտպանելու արցախահայությանը: Այդ տարիներին էր, որ կազմավորվեց «Նիկոլ Դուման» բժիշկների ազատագրական ջոկատը, և իմ ընկերները կամավոր մեկնեցին ճակատ: Նրանք հաղթեցին անհավասար պատերազմում: Շատերը զոհվեցին: Շատերը վերադարձան հաշմված ու քայքայված առողջությամբ, բայց աննկուն ոգով: Նրանք չմնացին կես ճանապարհին. ոչ միայն ազատագրեցին մեր բռնադատված հողերը, այլև այսօր՝ խաղաղության տարիներին, դիմակայելով բազմաթիվ դժվարությունների՝ արժանապատվորեն ու անտրտունջ հայրենիք են կառուցում: Ես պաշտում եմ այդ պայքարող ու հաղթող տեսակը, որոնցից մեկն էլ իմ ամուսինն է: Նա պայքարի ու հաղթության խորհրդանիշ է ինձ համար:
Իմ սիրելի հայրենակիցներ, երախտագիտությունս եմ հայտնում այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ, ովքեր գնահատում են իմ ջանքերը, որոնք ուղղված են սահմանում կանգնած զինվորի առողջության պահպանմանը, ռազմաբժշկական կառույցի կատարելագործմանն ու զինվորական բժշկի արժանապատիվ կեցությանը: Ձեր սերն ու հավատը պարտավորեցնում է ինձ. ավելի մեծ ջանասիրությամբ շարունակելու իմ աշխատանքը: Ու եթե շահագրգիռ ուժերը փորձեն այս գործընթացները տեղափոխել քաղաքական դաշտ, ես պատրաստ եմ դիմակայելու:
Հ.Գ.
Անգամ քաղաքական պայքարի թոհուբոհում ես նախընտրում եմ պայքարի բարոյական տարբերակը:
Սիրով՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան