Ռազմաբժշկական ծառայության հայ երախտավորը

«Մաններհայմի գծի» ճեղքումից մինչև Կվանտունյան բանակի ջախջախում

Բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Իգնատի Բուռնազյանը ծնվել է 1906 թ. ապրիլի 7-ին Նոր Բայազետ (Կամո) քաղաքում: Փոքր հասակում զրկվելով ծնողներից` որբ և անօգնական չորսամյա երեխան ապավինում է ազգականների խնամքին:

1924 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ընդունվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ: Համալսարանում բժշկի որակավորում ստացած երիտասարդը 1928 թ. ընդունվում է Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա և հաջողությամբ ավարտում այն:

Աշխատանքային գործունեությունը սկսվում է Մինսկի ռազմական օկրուգում, որտեղ որպես զինվորական բժիշկ աշխատում է նախ զորամասերում, ապա` օկրուգի շտաբում:

Ա. Բուռնազյանն իր ռազմական գիտելիքները կատարելագործելու նպատակով ընդունվում է նաև Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և այն ավարտում 1935 թ.:

Երկու ակադեմիա ավարտած, հարուստ գիտելիքներով զինված` Ա. Բուռնազյանը պատվավոր ու պատասխանատու աշխատանքի է նշանակվում ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմատի բժշկասանիտարական գլխավոր վարչությունում:

1939 թվականին նա մասնկացում է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, իսկ 1939-40 թվականներին` որպես համազորային բանակների սանիտարական վարչության պետ, խորհրդա-ֆիննական պատերազմում կազմակերպում է բանակի ռազմասանիտարական աշխատանքները և անմիջական մասնակցություն ունենում «Մաններհայմի գծի» ճեղքմանը: «Մաններհայմի» գիծը գրավելու մարտերից մեկի ժամանակ բժիշկ Բուռնազյանը վիրավորվում է:

… Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Հենց առաջին օրվանից նա մեկնում է ռազմաճակատ և պատվով ու սրբությամբ կատարում ճակատային բժշկի իր մարդասիրական պարտքը:

Բուռնազյանը լինում է տարբեր ռազմաճակատներում. նախ ստանձնում է Հյուսիսարևմտյան ռազմաճակատի բանակի ռազմասանիտարական ծառայության պետի, ապա` Մերձբալթյան առաջին ռազմաճակատի սանիտարական վարչության պետի պաշտոնները: Նա մասնակցում է Լատվիական ու Լիտվական հանրապետությունների ազատագրման համար մղված համառ մարտերին, ինչպես նաև Քյոնիգսբերգի գրավմանը:

Ռազմի դաշտում` թեժ կռիվների, հրի ու բոցերի մեջ, Բուռնազյանը մշակում էր բուժման նոր մեթոդներ, հատկապես նյարդախտաբանության բնագավառում: Նա իր բժշկական գիտելիքները առանց մնացորդի նվիրում էր հազարավոր զինվորների ու սպաների վերքերը բուժելու և նրանց նորից շարք վերադարձնելու գործին:

Մարդկային լավագույն գծերով օժտված, աշխատասեր, ուժեղ կամքի տեր բժիշկը ռազմաճակատում մեծ հարգանք էր վայելում բոլորի կողմից: Նկատի առնելով նրա անձնվեր աշխատանքն ու մատուցած ծառայությունները` Խորհրդային կառավարությունը 1943 թ. մարտի 31-ին Ա. Ի. Բուռնազյանին շնորհում է բժշկական ծառայության գեներալ-մայորի, իսկ երկու տարի անց` 1945-ի մայիսին` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

… 1945 թ. մայիսի վերջերին նա տեղափոխվում է Հեռավորարևելյան ռազմաճակատ և իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերում նաև Կվանտունյան բանակի ջախջախմանը…

Պատերազմի ավարտից հետո նա վարում էր Հեռավորարևելյան ռազմական օկրուգի բժշկական վարչության պետի պաշտոնը:

Սկսկած 1947 թվականից` Ա. Ի. Բուռնազյանը ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալն էր և ղեկավարում էր առողջապահության, բժշկության հետ կապված կարևոր մի շարք բնագավառների աշխատանքները:

Հեղինակ է բժշկական ծառայության տակտիկայի, կազմակերպման և ճառագայթային բժշկագիտության վերաբերյալ աշխատությունների: ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է:

Ավետիք Իգնատի Բուռնազյանի ծառայությունները բարձր են գնահատվել Խորհրդային կառավարության կողմից: Նրան շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Պարգևատրվել է Մարտական կարմիր դրոշի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» և Խորհրդային շրջանի այլ շքանշաններով, բազմաթիվ մեդալներով:

Բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ա. Ի. Բուռնազյանը վախճանվել է 1981 թ. հոկտեմբերին:

Վ. Ալավերդյան