5 ԽՈՐՀՈՒՐԴ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հին ժամանակներում զինվոր, կին ընտրելիս առաջին հերթին նայում էին ատամներին։ Առողջ ատամները մարդու օրգանիզմի հայելին են։

Ժպիտը գեղեցկացնում է մարդուն, իսկ առողջ ատամներով ժպտացող մարդն ավելի մեծ հավատ է ներշնչում դիմացինին։ Առողջ ատամների առաջին նախապայմանը դրանց ամենօրյա խնամքն է։ Այսօր վաճառքում կան բերանի խոռոչի հիգիենայի համար նախատեսված բազմաթիվ պարագաներ։ Թվում է՝ այս պայմաններում պետք է վաղուց մոռացած լինեինք կարիեսի, ատամի մնացած հիվանդությունների մասին։ Սակայն պատկերը բոլորովին այլ է։ Առողջ ատամները ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև հոգեկան առողջության գրավականն են։ Իսկ ի՞նչ կարող եք անել դուք ինքնուրույն։

1. Պետք է ճիշտ օգտվել ատամի խոզանակից։ Ցանկալի է լվանալ ատամները յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո։ Հնարավորություն չլինելու դեպքում անհրաժեշտ է ողողել բերանի խոռոչը սովորական ջրով կամ օգտագործել մաստակ` առանց շաքարի պարունակության։ Ատամները պետք է լվանալ 2-3 րոպե տևողությամբ` օրը երկու անգամ (առավոտյան և երեկոյան)։

2. Բացի ատամներից, պետք է լվանալ նաև լեզուն (20-30 վայրկյան տևողությամբ, հատկապես պետք է ուշադիր լինել լեզվի արմատի շրջանում) և այտերի լորձաթաղանթը։ Վաճառքում կան հատուկ խոզանակներ, որոնց հակառակ կողմը նախատեսված է այդ մակերեսը մաքրելու համար։

3. Միջատամնային տարածություններից սննդի մնացորդները մաքրելու համար պետք է օգտվել հատուկ թելերից։ Պետք է բացառել ատամի փայտիկների օգտագործումը, որը բերում է լնդերի վնասմանը։

4. Օգտագործել օրվա ընթացքում ճիշտ չափաբաժնով մաքուր ջուր (1 կգ-ին՝ 40 մլ զանգվածով, օրինակ՝ 60 կգ քաշ ունեցող մարդը պետք է խմի օրվա ընթացքում 2 լ 400 մլ մաքուր ջուր)։ Սնունդը պետք է հագեցած լինի սպիտակուցով։ Նախապատվությունը տալ բջջաթաղանթով հարուստ սննդին, մրգեր (խնձոր, տանձ և այլն) և բանջարեղենին (գազար, բողկ, վարունգ), որոնք ատամների բնական «մաքրիչներ» են, ինչպես նաև մերսում են լնդերը։ Սննդի ընդունումից, ինչպես նաև ցիտրուսներ ուտելուց հետո հարկավոր է ողողել բերանի խոռոչը։ Սննդի ընդունումների միջև հարկավոր է կատարել 2-3-ժամյա ընդմիջում, որպեսզի թուքը հասցնի չեզոքացնել թթուների ներգործությունը Էմալի վրա և վերականգնել այն։ Ցիտրուսների, գազավորված և էներգետիկ ըմպելիքների ընդունումից միայն 30 րոպե հետո կարելի է լվանալ ատամները, քանի որ նրանցում պարունակվող թթուն փափկեցնում է էմալի շերտը, և խոզանակը կարող է վնասել այն։

Ընդունեք կալցիումով հարուստ սնունդ՝ կաթ, պանիր, մածուն, ընկուզեղեն։ Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ածխաջրերով հարուստ սնունդը՝ տորթեր, հացաբուլկեղեն, թխվածքաբլիթ և այլն։ Քաղցր թեյի և սուրճի անընդհատ ընդունումը վնասակար է ատամներին։

5. Հրաժարվեք ծխախոտից։ Ծխողների բերանի խոռոչում հիվանդագին պրոցեսների զարգացման հավանականությունը մեծանում է (ընդհուպ մինչև չարորակ գոյացություններ)։ Ծխախոտի օգտագործումը բերում է նաև տհաճ ու վնասակար, գորշ շագանակագույն նիկոտինային փառի առաջացմանը։

Իսկ ո՞ր դեպքում է անհրաժեշտ դիմել բժիշկ-ստոմատոլոգի օգնությանը. ատամների զգայունության, ցավի դեպքում, ատամնափառի և ատամնաքարի առկայության ժամանակ, լնդերի արյունահոսության, այտուցվածության, ցավի դեպքում։ Պետք է նկատի ունենալ, որ ստոմատոլոգին այցելելուց առաջ պետք է չօգտագործել անզգայացնողներ, դրանք կարող են բացասաբար անդրադառնալ ախտորոշման և բուժման վրա։ Եթե կորցրել եք ատամը, հարկավոր է շուտ վերականգնել բացակա ատամը, քանի որ որոշ ժամանակ անց ատամնաշարը ձեւախախտվում է։

Ատամի և բերանի խոռոչի խնամքը պետք է դառնա սովորույթ, որի շնորհիվ դուք ձեր շրջապատին կզարմացնեք գեղեցիկ և առողջ ժպիտով։ Ժպտացե՛ք, և թող ոչինչ չկաշկանդի ձեր գեղեցիկ ժպիտը։

ՏԱԹԵՎԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
բժիշկ-ստոմատոլոգ