Զինվորների Գայանե քույրիկը

 

Գունավոր ուլունքներ, թել, կտավ, ճիշտ հաշվարկ, մանրակրկիտ աշխատանք ու մեկը մյուսին չկրկնող, գեղեցիկ ու գունեղ գործեր են ծնվում…

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի երիտասարդ հերթապահ-բուժքույր Գայանե Մամաջանյանն արդեն 4 տարի ասեղնագործում է ուլունքներով` կտավի վրա ստանալով հետաքրքիր ու յուրահատուկ պատկերներ …

Գայանեն արդեն շուրջ 4 տասնյակի հասնող աշխատանքներ ունի, որոնց մեջ գերակշռում են բազմերանգ ծաղիկները, սրբապատկերները, դիմանկարները….

– Գայանե, հետաքրքիր է, ունես բուժքրոջ մասնագիտություն, միաժամանակ այսքան գեղեցիկ ասեղնագործում ես… Մասնակցե՞լ ես որևէ դասընթացի…

– Ես ուսանել եմ Երևանի հենակետային բժշկական քոլեջի մանկաբարձական բաժնում: Ուսումս ավարտելուց հետո մեկ տարի չաշխատեցի: Այդ ժամանակ էլ սկսեցի ասեղնագործել…

Ես ծնվել ու մեծացել եմ այնպիսի մթնոլորտում, որտեղ արվեստը մեծ տեղ է ունեցել… Տատիկս ասեղնագործում է (գորգեր, գոբելեներ է գործում), հրաշալի գործեր ունի, որոնք էլ ինձ ոգեշնչեցին, և ինքս էլ որոշեցի փորձել: Որևէ դասընթացի չեմ մասնակցել: Մի քանի անգամ նայեցի, ապա սկսեցի ընտրել ինձ հոգեհարազատ պատկերներ, գույներ և սկսեցի ասեղնագործել:

Պապս նկարիչ է, գեղեցիկ գործեր ունի, մորեղբայրներս` քանդակագործ, հորեղբայրս նկարում էր և փայտից գեղեցիկ գործեր էր ստեղծում: Այդպիսի ընտանիքում եմ ծնվել: Տատիկիս և պապիկիս տանը մի անկյուն կա, որտեղ ներկայացված են նրանց աշխատանքները. այնտեղ ես հանգստանում եմ, կտրվում առօրյայից: Երազում եմ, որ մի օր էլ ես կարողանամ նման անկյուն ստեղծել:

Մինչ այսօր ունեմ 35 գործ, որոնցից 9-ը նվիրել եմ: Մեծ դժվարությամբ եմ բաժանվել դրանցից, սակայն սիրով ու սրտանց եմ նվիրել. երբ աշխատանքիդ մեջ հոգի ես դնում, դրանք դառնում են հարազատ, դառնում են քոնը: Բավական դժվար աշխատանք է, մեծ համբերություն է պահանջվում, ճիշտ հաշվարկ. եթե ուլունքներից մեկը սխալ տեղադրվի կամ սխալ գույն ընտրեմ, պատկերը չի ստացվի… Սիրում եմ ավելի շատ բնություն, ծաղիկներ, սրբապատկերներ:

Իմ ամենասիրելի աշխատանքը «Խորհրդավոր ընթրիքն» է: Աշխատել եմ 3 ամիս, օգտագործել եմ 90.500 ուլունք…

Ասեղնագործելն ինձ հանգստացնում է, լիցքավորում: Ես իմ աշխատանքներով ապրում եմ…

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիր զինվորական բուժքրոջ մասնագիտությունը… գիտակցու՞մ էիր այն հսկայական պատասխանատվությունը, որ պետք է կրեիր որպես զինվորական բուժհիմնարկում` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում աշխատող բուժքույր:

 

– Ես բնույթով ուշադիր ու հոգատար եմ, սիրում եմ խնամել, ցավը մեղմել, զրուցել, խորհուրդ տալ… Կարծում եմ` ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում սիրով եմ աշխատում: Չափազանց պատասխանատու աշխատանք է… Պատվաբեր է հատկապես մեր բաժանունքի անձնակազմի հետ աշխատելը: Հրաշալի բժիշկներ ունենք: Մեր բաժանմունքի պետի, ավագ բուժքրոջ և բոլորիս շնորհիվ մենք մի մեծ ընտանիք ենք: Այստեղ խաղաղություն ու համերաշխություն է տիրում: Նվիրված ենք միմյանց, աշխատում ենք իրար օգնել: Մեր բաժանմունքում մթնոլորտը ջերմ է, և այդ ջերմությունը փոխանցվում է նաև մեր զինվորներին և և բաժանմունքում բուժվող յուրաքանչյուր հիվանդի:

– Գրեթե զինվորների տարեկիցն ես… Հավանաբար, ավելի ընկերական են ձեր փոխհարաբերությունները:

– Մեր զինվորներն ինձ ընդունում են որպես իրենց քույր, այդպես էլ դիմում են` Գայանե քույրիկ: Ես էլ իրենց եմ ընդունում որպես եղբայր: Անկախ տրամադրությունից` իրենց նկատմամբ միշտ հոգատար եմ, ջերմ… գիտակցելով, որ իրենց հարազատներից հեռու են և ջերմության կարիք են զգում, փորձում եմ տալ այդ ջերմությունը: Օգնում եմ ինչով կարող եմ…

Երբեմն փոքրիկ նվերներ են անում` իրենց նկարածը, կամ իրենց ստեղծագործությունը:

Զինվորներից մեկը իր գրած բանաստեղծություն էր ինձ նվիրել:

Դրամապանակի մե՞ջ ես պահում… ու այդքան խնամքով…

– Այո, (ժպտում է): Զինվոր է նվիրել: Սա ինձ համար թանկ նվեր է.

Տղաները շատ ընկերական են.. երբեմն անկեղծանում են, հաճախ իրենց սիրո պատմությունն են պատմում:

Շատ խիզախ, գիտակից տղաներ ունենք: Միայն թե տեսնեք՝ ինչպիսի տղամարդկային արժանապատվությամբ են դիմանում ցավին….

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12