Սարդարապատի ճակատամարտի մասնակից բժիշկը` Հայրենական մեծ պատերազմում

Ք. Ն. Փիրումովի ծննդյան 120-ամյակին

Հայաստանի Հանրապետությունում սանիտարա-համաճարակային ծառայության հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քրիստափոր Նիկոլայի Փիրումովը ծնվել է 1895 թվականի ապրիլի 20-ին Շուշի քաղաքում: Վեց տարեկան էր, երբ զրկվեց հորից: Դպրոցական տարիներին ուսմանը զուգընթաց նաև աշխատում էր` թեթևացնելով ընտանիքի հոգսը: 1913 թվականին ավարտում է տեղի ռեալական դպրոցը և նույն թվականին ընդունվում Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ: Նորավարտ երիտասարդը 1917 թ. ժամանակավոր կառավարության կողմից զորակոչվում է բանակ և կրտսեր բժշկի պաշտոնով ուղարկվում Հարավարևմտյան ճակատի 6-րդ պահեստային գունդ:

1918 թվականին գնում է Թիֆլիս, իսկ այնտեղից ուղարկվում Հայաստան, նշանակվում գնդի բժիշկ և այդ գնդի կազմում մասնակցում հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցած Սարդարապատի հայտնի ճակատամարտին…

… Դեռևս առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանում լայնորեն տարածված սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու և դրանց տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվում էին տարբեր միջոցառումներ: Մասնակից դառնալով այդ միջոցառումներին` Ք. Փիրումովը հսկայական գործ է կատարում Երևանում և Ալեքսանդրապոլում բռնկված խոլերայի համաճարակի վերացման ուղղությամբ ծավալված պայքարում:

Այնուհետև աշխատում է Ղարսի և Սարիղամիշի զինվորական հիվանդանոցներում: 1920 թ. Ղարսում գտնվող զինվորական լազարեթի ողջ անձնակազմի հետ գերի է վերցվում թուրքերի կողմից և միայն Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի հատուկ միջամտությունից հետո (Ա. Նուրիջանյանի օգնությամբ) ազատվում է թուրքական գերությունից:

1921 թվականին նշանակվում է Երևանի զինվորական կայազորի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, ապա` գլխավոր բժիշկ: 1922 թ. նա հանրապետության առժողկոմատի զորասանիտարական, ապա` սանհամաճարակաբանության բաժինների վարիչն էր…

… Երևանում նոր կազմավորված տրոպիկական հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, Մալարիայի ու բժշկական պարազիտաբանության ինստիտուտի տնօրեն, Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկան, նույն ինստիտուտի տրոպիկական հիվանդութունների ամբիոնի վարիչ, առժողկոմի տեղակալ. ահա պաշտոնների այն ոչ լրիվ ցանկը, որ տարբեր ժամանակներում ստանձնել ու վարել է հայ բժշկագիտության մեծ երախտավորը: Բայց սրանք նրա միայն քաղաքացիական ծառայություններն են: Նրա վաստակը նշանակալից է նաև ռազմաբժշկական ծառայության բնագավառում:

Սարդարապատի հերոսամարտի մասնակիցը Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին նշանակվում է էվակուհոսպիտալի գլխավոր բժիշկ, իսկ 1942-43 թթ` Հարավարևմտյան ռազմաճակատի 9-րդ բանակի համաճարակաբան:

1943-1944թ նա վարում է առանձին մերձծովյան բանակի սանիտարահամաճարակաբանության բաժնի պետի, իսկ հետո` Առաջին ուկրաինական ռազմաճակատի նույնանուն բաժնի լաբորատորիայի պետի պաշտոնները:

Մի շրջան որոշվում է փորձառու բժշկին աշխատանքի ուղարկել թիկունք, բայց ընդառաջելով նրա խնդրանքին` կրկին ուղարկում են գործող բանակ և նշանակում բանակի համաճարակաբան, նախ` Առաջին, ապա` Չորրորդ ուկրաինական ռազմաճակատներում:

… Բավական է ասել, որ պատերազմի ընթացքում, ի տարբերություն գերմանական բանակի ստորաբաժանումների, ռազմաճակատի ոչ մի հատվածում, Խորհրդային բանակի ոչ մի ստորաբաժանման մեջ համաճարակի բռնկում չեղավ, որևէ տեղ չարձանագրվեց ժանտախտի, խոլերայի, ծաղկի և հարակից այլ հիվանդությունների դեպք: Դա Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային բժիշկների, հատկապես համաճարակաբանների եռանդուն ու անձնվեր աշխատանքի հանրագումար արդյունքն էր, որտեղ իր ծանրակշիռ ավանդն ուներ Քրիստափոր Փիրումովը:

Սարդարապատի ճակատամարտի մասնակից փորձառու բժիշկը մասնակից եղավ ու նսպաստեց նաև Թուրքիայի դաշնակից գերմանական բարբարոսների առաջխաղացման կասեցմանը, ֆաշիստական ժանտախտի տարածման կանխմանը…

… Բարձր են գնահատվել բժիշկ-կազմակերպչի, բժիշկ-մանկավարժի, բժիշկ-գիտնականի քաղաքացիական ու զինվորական ծառայությունները: Նա պարգևատրվել է Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Կարմիր աստղի, Չեխոսլովակյան «Մարտական խաչ» և Խորհրդային ժամանակների տարբեր շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով: Նրան շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի և Հայաստանի Աշխատանքային հերոսի պատվավոր կոչում:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Փիրումովը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնց մեծ մասը խոշոր ներդրում է հայրենական բժշկագիտության բնագավառում: Մեծ է նրա վաստակը հատկապես համաճարակագիտության և հարակից գիտությունների զարգացման բնագավառներում:

Երևանի պատվավոր քաղաքացի, հայրենական բժշկագիտության մեծ երախտավոր Քրիստափոր Փիրումովը վախճանվեց 1985 թ. Երևանում, 90 տարեկան հասակում:

Վ. Ալավերդյան