ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐՈՒՄ Է

Կոմպոզիտոր ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ

Պատերազմ ասելիս անմիջապես հիշում եմ մեր փոքրիկ «սարայի» գերանով ու ղամիշով պատված առաստաղը, տանտիրուհու այգին ու ինձ՝ էշի վրա, քաղալագի (զամբյուղի) մեջ նստած այգի գնալիս։ …Ինձ վրա մեծ տպավորություն էին թողել ջուր ծախող տղաները։ Ես ժամանակին մի երգ նվիրեցի նրանց՝ «Երգ ջուր ծախողի մասին»: Իմ հիշողության մեջ անջինջ կմնա Մեծ հայրենականը։ Նոր էի ավարտել կոնսերվատորիան, երբ պայթեց մեծ պատերազմը։ Հրաման կար. արվեստագետներին չէին զորակոչում, սակայն ժամանակ առ ժամանակ կանչում էին զինկոմիսարիատ։ Ինձ համար դժվար էր նստել տանը, երբ իմ հասակակիցները բանակում էին։ Ամեն քայլափոխի պատերին փակցված պլակատները հիշեցնում էին. «Իսկ դու գրվե՞լ ես կամավոր», հիշեցնում էին «Մայր հայրենիքն է կանչում», պահանջում էին «Ամեն ինչ ճակատի համար»: Համոզեցի մերոնց ու խնդրեցի զինկոմիսարիատի աշխատակիցներին, որ ինձ էլ զորակոչեն:

…Այդ տարիներին ես մի երգ գրեցի Աշոտ Վշտունու խոսքերով, որը կոչվում է «Հայրենիքն է կանչում»:

Հայրենիքն է կանչում իր առյուծ զավակաց,

Եվ խոլ կանչը նրա՝ փոթորիկ ու ցասում,

Սիբիրից մինչ Կարպատ ու մինչ վեհ Արագած

Վեր ելան միլիոններ դյուցազուն:

Երգը տարածվեց ե՛ւ ռազմաճակատում, ե՛ւ ժողովրդի մեջ։ Երբ ինձ զորակոչեցին, հայրս նվիրեց իր լուսանկարը՝ մակագրությամբ. «Համոզված եմ, որ պարտքդ կկատարես հայրենիքիդ առաջ»: Ես ծառայության անցա 42 թվականին 409-րդ դիվիզիայի 864-րդ հրետանային գնդում։ Այդ տարիներին դժվար էր օրինակելի չլինել։ Երկիրը պատերազմի մեջ էր, ուստի ռեժիմն ու կարգապահությունը օդ ու ջրի պես պետք էին բանակին։ Երբ ես զինվորի համազգեստ հագա, զգացի այն ահռելի պատասխանատվությունը, որը դրված էր ինձ վրա, ասես միանգամից հասունացա։ Բանակային կյանքը բոլորովին ուրիշ է, իր չգրված օրենքներն ունի։ Մեր վաշտը համալրված էր ղարաբաղցիներով ու լենինականցիներով։ Զարմանալի բան է. նրանք այնքան տարբեր էին իրարից՝ մտածելակերպով, ճաշակով, ավանդույթներով, թերություններով ու առավելություններով, կարծես թե անհամատեղելի էին, բայց բանակային կարգապահությունն ու օրենքները ստիպում էին հարգել միմյանց, զիջել, հարմարվել։ Մի զվարճալի բան պատմեմ «ճաշակի» մասին։ Մեզ հաճախ ապխտած ձուկ էին տալիս, ամեն մեկիս՝ մեկական ձուկ, ղարաբաղցիներն ամեն անգամ իրենց բաժին շաքարավազը փոխում էին լենինականցիների ապխտած ձկան գլխի հետ։ Դա մի ամբողջ արարողություն էր։ Ու կողմերից յուրաքանչյուրին թվում էր, թե ինքը շահեց:

Իմ զինվորական կյանքը երկար չտեւեց, սակայն տարիների փորձառություն տվեց ինձ։ Չեմ մոռանա Հայրենական պատերազմի ավարտը։ Նման խանդավառություն, նման տոն չեմ տեսել։

Արցախի ազատագրումը մեծ, փառավոր պատմական իրադարձություն էր։ Արցախյան գոյամարտը մեկ անգամ եւս հաստատեց, որ մեր ժողովուրդը իրավունք ունի ազատ ու ինքնիշխան ապրելու, քանի որ հայրենասեր է, արժանապատիվ, ըմբոստ, արիասիրտ։ Սակայն, ցավոք, հետագա տարիները համահունչ չէին հաղթանակած ժողովրդի կամքին, ոգուն։ Եվ պատճառը բնավ էլ մարդկանց ֆինանսական վիճակը չէր։ Հայրենական պատերազմից հետո շատ ավելի ծանր կացություն էր, սակայն հավատ կար, որ պայծառ օրեր են գալու։ Հավատ՝ չէ՛, համոզմունք կար:

Գայանե Պողոսյան

(Հատված հարցազրույցից)