Կարինե Մկրտչյան. բանաստեղծություններ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի հերթապահ բուժքույր, բանաստեղծուհի, երգչուհի Կարինե Մկրտչյանը ստեղծագործում է մանկուց: Երկու` «Լույս և ստվեր»(2003թ.) և «Իմ վազքն ու քո ծիածանը»(2012թ.) գրքերի հեղինակ է: Ներկայացնում ենք Կարինե Մկրտչյանի բանաստեղծություններից մի քանիսը:

Հիշողություն

Հացատանը մի ճրագ, թոնրի շուրթին վառ կրակ,

Անքաշ պանիր, փրփուր հաց, սերով մածուն, սուփրան բաց:

Տատս, թևերը քշտած, խմորն առնում էր թևին,

Ամեն թխած հացի հետ օրհնում պայծառ արևին:

Ավելուկի հյուսքերում իր վշտերն էին գալարվում,

Արցունքն առած աչքի մեջ` դանդաղ իլիկ էր մանում…

… Հիմա տատս էլ չկա, չկան սուփրան ու հացը,

Բայց ամեն տեղ խմվում է տատիս անմահ կենացը:

Հերթապահ բուժքույր

-Հերթապահ բուժքույր, լսիր զինվորիս,

Մայր ես ու քույր ես այստեղ բոլորիս:

Ցերեկը վազում, գիշերը անքուն

Բոլորիս ցավը հոգում ես, տանում:

Շնորհակալ ենք, որ կաս աշխարհում,

Հերթապահ բուժքույր, ազնիվ ու խոհուն:

-Ես պարտավոր եմ հասնել բոլորիդ,

Հայոց բանակի քաջ մարտիկներիդ,

Որ լինեք առողջ, ձեր ուժով բազկի

Դառնաք պարծանքը մեր Հայոց ազգի:

Հավատ

Եթե ձմեռ է, ցուրտ է ու մռայլ,

Քո հոգին ջերմ ու բարի թող լինի:

Դու չհավատաս խոսքերին այն չար,

Թե հային էլ նոր գարուն չի լինի:

Անմիտ խոսքեր են ու թունոտ խաբկանք,

Լցված թշնամու նախանձով` նենգ, բիրտ,

Քանի դեռ ողջ ենք ու քանի դեռ կանք,

Չի կորչի երբեք ոչ մի հայի սիրտ:

Տարիներս

Տարիներս` գալիք ու հին

Գույնն են փոխում մազերիս:

Դու մի խաբվիր ճերմակ գույնին,

Դեռ ջահել եմ, սիրելիս:

Իմ մեծ սրտում մի խենթ հոգի`

Կյանքի սիրով առլեցուն:

Չեմ մեղադրի ես ոչ ոքի,

Ով ինձ լավ չի ճանաչում:

Իսկ դուք գիտեք` խենթ լինելն էլ

Մեծ արվեստ է այս դարում:

Ինձ պես կյանքը սիրողները

Թող շատանան աշխարհում: