Լավ պահեք այն հայրենիքը

Նկարիչ Լևոն Մանասերյան

Յոթ տարեկանում կորցրի հորս: Մենք աղքատ էինք ապրում, բայց անիրավված չէինք, որովհետև շուրջբոլորը մեզ նման մարդիկ էին, խրճիթների կողքին հինգհարկանի առանձնատներ չկային: Էջմիածնում եմ մեծացել: Իմ քույրը ամուսնացավ մեր շրջանի դատավորի եղբոր հետ: Դատավորի տանը նույն կահկարասին էր, որը կար մեր տանը: Դրա համար էլ մենք հավատում էինք, որ բոլորս միասին ավելի լավ ենք ապրելու: Երբ ես ընդունվում էի կոմերիտմիության շարքերը, լաց եղա ուրախությունից, հպարտությունից: Գիտեք, հավատն ու խանդավառությունը կարող են հրաշքներ գործել:

Գրեթե ամեն օր հիշում եմ պատերազմը: Սկզբում Քանաքեռի հրամանատարական դպրոցում սովորեցի: Ես ու մանկության ընկերս միասին էինք: Հետո, չգիտես ինչու, որոշեցին նրան ճակատ ուղարկել, իսկ ինձ` ոչ: Ես դիմեցի հրամանատարիս, խնդրեցի, որ ընկերոջս հետ լինեմ: Մեզ լցրեցին բեռնատար վագոնները ու տարան: Չհասցրի նույնիսկ մորս հրաժեշտ տալ: Ազովի ծովի մոտ՝ Պերեկոպի մատույցներում, ադրբեջանական դիվիզիան վերակազմավորվում էր: Մեզ միացրին այդ դիվիզիային: Դասակի հրամանատարը` ադրբեջանցի էր, իսկ վաշտի հրամանատարը` ոչ: Երկուսին էլ ատում էի: Զինվորները ամենից շատ կոտրվում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ հրամանատարը հավասար աչքով չի նայում իրենց, մի մասին հովանավորում է, մի մասին` անտեսում: Մեր դասակի հրամանատարը ակնհայտորեն չէր սիրում հայերին: Մենք վիճեցինք: Նա զեկուցեց վաշտի հրամանատարին, սա էլ առանց ճշտելու, թե ինչ է կատարվել իրականում, առանց ինձ լսելու, պատժեց: Ինձ ձիանոցից հանեցին, գցեցին շան բույնը, վրաս էլ ժամապահ կարգեցին: Երբեք չեմ մոռանա այդ օրը:

Բայց դա պատերազմի ամենադաժան հուշը չէ:Մի օր իրիկնամուտին մի քանի զինվոր եկան բլինդաժ ու սկսեցին դատարկել ավարը` փող, նամակներ, նկարներ, իրեր… Դիակապտություն էին արել: Նրանք ջոկջոկում էին, պետքական իրերը վերցնում, իսկ նամակներն ու նկարները գցում կրակը: Ես նուրբ, նկարչի հոգով տղա էի ու ցնցվեցի այդ տեսարանից. խարույկի մեջ այրվում էին զոհված զինվորների անցյալը, հույզերը, կարոտները, սերերը: Հանկարծ ընկերս կատաղությամբ գրպանից հանեց իր սիրած աղջկա նկարն ու փորձեց գցել կրակի մեջ: Ես հասցրի խլել նկարը: Ասեմ, որ ես պահպանեցի ընկերոջս սիրած աղջկա լուսանկարը: Երբ պատերազմն ավարտվեց, նկարը վերադարձրի տիրոջը:

….Ճարտարապետ Քյուրքչյանի տան բակում մի մեծ քար կար` սև, մամռակալած: Ո՛չ էրգրից էր բերված, ո՛չ էլ վրան խաչ կամ հայկական բառեր էին փորագրված: Բայց երբ բակում աշխատող բանվորները ցեխոտ շորերով նստեցին քարին, Քյուրքչյանը ոնց հուզվեց, ոնց գոռաց…. Այդ քարը փոքրիկ հայրենիք էր Քյուրքչյանի համար: Հայրենիքը քո սիրո տարածքն է: Որքան մեծ է սերդ, հայրենիքդ այնքան կմեծանա: Իսկ երկրի առաջընթացը, բարոյական ինքնամաքրումը, նույնիսկ տնտեսական զարգացումը մշակույթով ու արվեստով է պայմանավորված: Մշակույթն է հասարակության շարժիչ ուժը: Ու հայրենասիրություն արթնացնելու համար պարտադիր չէ խոսել Եղեռնից ու ներբողել Մասիսը: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է զգում զենքը ձեռքին թշնամու դեմ կանգնած զինվորը: Լավ պահեք այն հայրենիքը, որի համար զինվորի արյունն է թափվում: Ու այնպես արեք, որ զինվորի գլխից մազ չպակսի…

Գայանե Պողոսյան

(Հատված հարցազրույցից)