Գրիգոր բեյ Ասլանյան (1859-1934 թթ.)

Ասլանյան տոհմը հայտնի է իր 17 հռչակավոր բժիշկներով: Գրիգոր բեյ Ասլանյանը Ստեփան փաշա Ասլանյանի եղբորորդին է: Ավարտել է Կ.Պոլսի Կեդրոնական և Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանները:

Հարյուրապետի աստիճանով անցել է զինվորական ծառայության և քսաներեք տարի եղել Էդիրնեի զինվորական հիվանդանոցի բժիշկներից: Տասը տարի ծառայել է Կ.Պոլսի Մալթեփեի զինվորական հիվանդանոցում, վեց ամիս՝Եմենում:

1908թ. Սահմանադրության հռչակումից հետո հասնում է հազարապետի աստիճանի և նշանակվում Ելտըզի Նըշանճի վաշտի բժիշկ: Իր ծառայությունը շարունակել է Ալբանիայում: Փոխգնդապետի աստիճանով եղել է Բաղդադի զինվորական հիվանդանոցի փոխբժշկապետ: 1914 թվականին՝ 30 տարվա զինվորական ծառայությունից հետո, հանգստի է կոչվել: Սակայն նույն թվականից անցել է Բասրա և աշխատել թաղապետարանի բժշկի պաշտոնում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է այդ քաղաքի զինվորական հիվանդանոցի բժշկապետը: Չորս տարի Բասրայում ապրել է իբրև պատերազմական գերի (պահպանելով զինվորական կոչումը): Նրան էր հանձնված փոխադրության ոչ ենթակա հիվանդների բուժումն ու խնամքը: Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Կ.Պոլիս և հանգստի կոչվել:

Գրիգոր Ասլանյանն իր երկարամյա զինվորական անբասիր ծառայության համար արժանացել է Օսմանիեի Դ, Մեջիդիեի Դ և այլ պատվանշանների:

Անահիտ Աստոյան