ՓՈԽԵ՛Ք ՁԵՐ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ

«Մարդը երջանիկ է, երբ առողջ է»։
Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

 

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մարդու առողջության 50%-ը կախված է իր ապրելակերպից, 20%-ը՝ ժառանգականությունից, 10%-ը՝ բժիշկներից, 20%-ը՝ միջավայրի գործոններից։ «Առողջ ապրելակերպ վարեք»` հաճախակի ենք լսում այս խորհուրդը: Որո՞նք են առողջ ապրելակերպի հիմունքները` պարզաբանում է բուժծառայության կապիտան ԼՈՒՍԻՆԵ ԲԱԽՇՅԱՆԸ։

-Ճիշտ և առողջ ապրելակերպ ասելով` հասկանում ենք ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելուն ուղղված բոլոր միջոցառումների ամբողջությունը,- նշեց բժշկուհին,- առողջ ապրելակերպի կարևորագույն մասն է կազմում ճիշտ և լիարժեք սնվելը։ Սնունդը պետք է պարունակի վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ, հեղուկներ, սպիտակուցներ և ճարպեր, բայց այս ամենը պետք է լինի ճիշտ հարաբերակցության մեջ։ Պետք է խուսափել յուղալի մթերքից, տապակած սննդից: Ուտելուց առաջ հեռացրեք հավի, հնդկահավի կաշին, սահմանափակեք աղին և քաղցրը, շատ օգտագործեք արևածաղկի, ձիթապտղի, եգիպտացորենի ձեթ։ Հաճախ ենք խոսում խոլեստերինի վնասներից, բայց շատերը չգիտեն, որ այն մեր օրգանիզմի աշխատանքի համար անհրաժեշտ «վառելանյութ» է։ Պարզապես պետք է վերահսկել դրա քանակը (վերջինիս ավելցուկը կուտակվելով զարկերակային պատերին` առաջացնում է խցանումներ, դժվարացնում արյան նորմալ շրջանառությունը)։ Սնունդն ընդունելիս պետք չէ միաժամանակ այլ գործերով զբաղվել (գիրք կարդալ, հեռուստացույց դիտել)։ Ցանկալի է միշտ սնվել նույն ժամերին (իհարկե, ոչ գիշերները)։ Մշտապես հիշեք՝ գրագետ սնունդն առողջության առաջին գրավականն է։ Այն պահպանում է օրգանիզմը հիվանդություններից, բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում մարմնի քաշի ավելացումը։

Հետևեք քաշին- Ավելորդ քաշը ևս պարարտ հող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման համար (շաքարախտ, լեղապարկի, սիրտ-անոթային և այլ հիվանդություններ)։ Քաշը նաև նորմայից ցածր չպետք է լինի։

Ակտիվ շարժունություն- Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը ևս զգալիորեն նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը։ Ֆիզիկական վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի, արյունատար անոթների աշխատանքի վրա։ Առողջ ապրելակերպի համար նախևառաջ պետք է վերջ տալ անառողջ նստելակերպին։

Մարմնի մաքրություն- Հիգիենայի կանոններին չհետևելը ևս կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների առաջացմանը։ Բազմաթիվ վարակներ հեշտորեն թափանցում են օրգանիզմ և իրենց ավերիչ հետևանքները թողնում։

Առողջ հոգի առողջ մարմնում- Վերահսկեք նյարդային համակարգը։ Խուսափել սթրեսային իրավիճակներից մեր այս խելահեղ դարում, ինչ խոսք, հնարավոր չէ, սակայն լավ ինքնատիրապետման շնորհիվ կարելի է այն որոշ չափով վերահսկել։ Ամրացնելով, կոփելով նյարդերը, կփրկեք ձեր առողջությունը (խնայեք նյարդերը, քանի որ հիվանդությունների գերակշիռ մասը նյարդային ծագում ունեն)։

Հրաժարվեք բոլոր վնասակար սովորույթներից։

Մի՛ մոռացեք նաև մաքուր օդում զբոսնելու, լիարժեք հանգստի, բավարար քնի մասին։ Ցանկալի է գոնե տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննման ենթարկվել (օրինակ՝ բոլոր զինծառայողները տարին մեկ անգամ պարտադիր բուժզննվում են՝ դիսպանսերիզացվում)։

Մի՛ զլացեք պատշաճ ուշադրություն և ժամանակ տրամադրել սեփական առողջությանը։ Ի վերջո, և՛ կինը, և՛ տղամարդը պետք է գիտակցեն, որ սեփական առողջության մասին հոգ տանելով որոշ չափով նաև ապահովվում են ժառանգների առողջությունը։ Ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ ունենալը ռազմավարական նշանակություն ունի` առողջ ընտանիքը, առողջ սերունդը առողջ պետության հիմքերն են։ Բոլորս պետք է առողջ և ճիշտ ապրելակերպ որդեգրենք:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ