Ջիվան բեյ Անանյան

Ջիվան Անանյանը ծնվել է 1848 թ.: Կրթությունը ստացել է Բերայի Մխիթարյան վարժարանում: 1863 թ. ավարտելով Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը՝ օսմանյան կառավարության կողմից ուղարկվել է Փարիզ՝ տեղի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում տեսական և գործնական գիտելիքները խորացնելու: Երեք տարի ֆրանսիացի նշանավոր բժիշկների մոտ հմտանալով՝ վերադարձել է Կ. Պոլիս:

Որպես փորձառու բժիշկ՝ Ջիվան բեյ Անանյանը մեծ հեղինակություն է վայելել թուրք ավագանու մոտ: 30 տարի դասավանդելով Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում՝ բազմաթիվ երիտասարդների է կրթել՝ նրանց դարձնելով բարձրակարգ զինվորական բժիշկներ: Սակայն թուրք պաշտոնակիցները սադրել, հալածել են նրան և ստիպել, որ Ջիվան Անանյանը թողնի վարժարանը:

Հասել է գնդապետության աստիճանի:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բազմաթիվ հայ երիտասարդների ազատել է զինվորական ծառայությունից՝ այդպիսով փրկելով նրանց ստույգ մահից:

Զինադադարից հետո թողնելով Կ. Պոլիսը՝ հաստատվել է Փարիզում:

Անահիտ Աստոյան