ԱՊՐՈՒՄ ԵՄ, ԲԺԻ՛ՇԿ

1988-ից հետո Հայաստանում իրավիճակը կտրուկ սրվեց։ Սահմանային գոտիներում ազգային բախումներ էին՝ վտանգված էր մեր մի բուռ դարձած հայրենիքի խաղաղությունը։ Ազգովի զինվորագրվեցինք պայքարին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից։ Պատերազմի տարիներին շատ բժիշկներ, թողնելով իրենց բարեկեցիկ, ապահով կյանքը, շտապեցին սահմանամերձ տարածքներ՝ փրկելու, օգնելու վիրավոր ազատամարտիկներին։ Նրանցից մեկն էլ Նշան Մանուշակյանն էր։

Վիրաբույժ Նշան Մանուշակյանը 1975-ից աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում։ Բժիշկների երրորդ սերնդից է։ Պապը բժշկական կրթությունը Ամերիկայում էր ստացել, սակայն թողնելով ամեն ինչ, 1914թ. եկել է Հայաստան՝ հայրենիքում աշխատելու։ Մասնակցել է նաև Բաշ Ապարանի կռվին։ Ավելի ուշ հայրենանվեր այս մարդուն կաքսորեն Սիբիր… Սակայն այսքան դառնություն ու տառապանք տեսած մարդու սերը երկրի հանդեպ երբևէ չպակասեց ու նույնը ներարկեց իր զավակներին, թոռներին՝ սա մեր հողն ու ջուրն է, մեր հայրենիքը…

Նշան Մանուշակյանի հայրը ևս առողջապահության համակարգի աշխատող էր։ Մասնակցել է Հայրենական պատերազմին, վիրավորվել։ Հայրը պատերազմի ողջ դաժանությունից շատ էր պատմել, սակայն Նշան Մանուշակյանի մտքով երբևիցե չէր անցնի, որ մի օր ինքն էլ կհայտնվի պատերազմի թոհուբոհում (երևի հայի ամեն մի սերունդ իր բաժին պատերազմն ունի)։

Քանի՞ տարի է անցել այդ ժամանակներից։ Օրերը հեռանում են՝ իրենց հետ տանելով մեր կյանքը, ջահելությունը։ Բայց ամենազոր ժամանակը մոռացության չի մատնել հիշողությունը, ու պատերազմական հուշերը գիշերային մենության մեջ գալիս են քեզ հետ կռիվ տալու, սիրտդ ու հոգիդ տակնուվրա անելու։ Պատերազմ էր ու… վիրավորներ, վիրավորներ։ Օդ ու ջրի պես բժիշկներ էին պետք։ «1989-92թթ. Նշան Մանուշակյանը կամավոր մեկնել է Շահումյանի, 1993թ.՝ Մարտակերտի շրջաններ, 1994թ. ապրիլ-մայիսին՝ Ստեփանակերտ, մասնակցել է հիվանդ և վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքին։ Վիրահատել, կյանք է պարգևել հարյուրավոր ազատամարտիկների, որոնց մեծ մասն ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ». բժշկի մասին այս տողերը կարդում ենք «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարանում։

Պատերազմում բժիշկները կռվում են երկու ճակատով՝ թշնամու դեմ և մահվան դեմ՝ վիրավորի կյանքի համար։ 1993թ. Ն.Մանուշակյանը զենքը ձեռքին կռվում էր «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում։ Սակայն բժիշկներին չէին թողնում, արգելում էին կռվել՝ ձեր զենքը ձեր վիրաբուժական դանակն է, փրկեք վիրավորներին։

Ու փրկում էին։ Ամեն վայրկյան, ամեն րոպե իրենց օգնության կարիքը կար։

-1992թ. միանգամից յոթ վիրավոր Ղարաչինարում,- հիշում է բժիշկը։

Պայթյունների վայրի կաղկանձի տակ օդում կախվում էր վիրավոր ազատամարտիկի հարցականը՝ բժի՛շկ, կապրե՞մ։

Քանի՞ կյանք է փրկել բժիշկ Մանուշակյանը պատերազմի տարիներին, հիմա չի էլ հիշում։ Շահումյանի հիվանդանոցը ռմբակոծում էին։ Վիրահատարանը տեղափոխել էին առաջին հարկ (շենքը նկուղային հարկ չուներ)։ Պատուհանի կոտրած ապակիների փոխարեն ավազե պարկեր էին դրել։ Դրսում պատերազմ էր, ներսում էլ էր պատերազմ՝ ազատամարտիկի կյանքի համար։ «Բժի՛շկ, կապրե՞մ»՝ տեսնես քանի՞ անգամ է այս հարցը լսել Նշան Մանուշակյանը։ Հիվանդների թիվը շատ մեծ էր։ Տեղի բնակչության բուժսպասարկումն էլ էին իրականացնում։ Բնակչությունն ի՜նչ հարգանքով ու սիրով էր վերաբերվում սպիտակ խալաթավորներին։ «Թշնամու գերու էլ ենք բուժել,- ասում է բժիշկը։ -Բուժեցինք ու հետո չորս հայի հետ փոխանակեցինք»։

-Պատերազմը տառապանք ու ցավ է, կորուստ… Կողքիդ զոհվում էին հարազատի պես քեզ մտերիմ դարձած ծանոթ տղերքը։

…Պատերազմը մեզ սովորական կյանքի ռիթմից էր կտրել, քարացրել։ Հիշում եմ, մարտի 8-ն էր։ Երևանից եկած տղաներից մեկը մեր բժշկուհուն ծաղիկ նվիրեց։ Մեզանից ամեն մեկը մի քիչ նախանձեց, մի քիչ ափսոսաց, որ ծաղիկ նվիրողը հենց ինքը չէր։ Կարծես այդ պահին միայն նկատեցինք, որ աշխարհում գարուն է, որ աշխարհում կա սեր, քնքշություն ու կին… Ու մի տեսակ կարոտեցինք կյանքի բնական հունը, ու հենց այդ պահին ամեն մեկը մտովի ամենաշատը ցանկացավ, որ շուտ ավարտվի պատերազմը։

1994թ. վերջապես զինադադար է, հրադադար։ Ռազմական գործողությունները դադարում են, վե՛րջ։ Կյանքիս ամենաուրախ օրերից մեկն էր։ Ու ես Շահումյանից մենակ ոտքով ճամփա ընկա դեպի Երևան (մինչև ճանապարհին մի մեքենա կպատահեր)։

***
– Պատերազմից հետո մի տեսակ դյուրագրգիռ դարձա. ամեն անարդարությունից ըմբոստանում էի։ Պատերազմում ուրիշ օրենքներ էին, կյանքում՝ ուրիշ…

Հուշերի խելահեղ ալիքը բժշկին հաճախ է տանում այն օրերը։ Ավելի շատ տեղի շքեղ բնությունն է հիշում, Գյուլիստանի բերդը, Մռավը։ Բնության մեջ է ասես փնտրում վիրավոր հոգու սպեղանին։

-Այն ժամանակ հաճախ էի մտածում՝ եթե հետ էլ չգամ, հայրենիքիս օգնել եմ։

Մեծ է ռազմաբժշկության կայացման գործում Նշան Մանուշակյանի ունեցած ավանդը։ Այդ ամենի խոսուն վկաներն են ԱԺ պատվավոր մեդալը, Անդրանիկ Մարգարյանի կողմից նվեր ստացած ժամացույցը, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալները…

Ինչ խոսք, այս ամենը հաճելի գնահատանք են, բայց կարծում եմ՝ բժշկի համար պակաս կարևոր չեն իր բուժած հիվանդների և հատկապես ազատամարտիկ տղաների երախտիքի ջերմ խոսքերը. «Ապրում եմ, բժի՛շկ, շնորհակալ եմ քեզ»։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ