Կա` ասում ենք, ու լինելու է

Թշնամին սահմաններ էր գծում զենքի, ուժի զորությամբ, մենք հայրենիքի սահմանները անխախտ էինք պահում մեր հոգում, մեր կարոտավառ աչքերի մեջ։ Թշնամին գերեվար հող էր ժառանգում իր սերունդներին, մենք հողի կարոտ էինք կտակում։ Իրական հողը ամրակուռ սահմաններով հայրենիք չէր դառնում թշնամու զավակի համար, մինչդեռ հայի հոգում հողի կարոտը հայրենիքի սեր էր դառնում, պաշտամունք, երկրպագություն։ Մենք հաղթում էինք պարտվելով, թշնամին պարտվում էր հաղթելով։ Մեր սերը խաչքար էր դառնում, եկեղեցի, կոթող։ Քարը շունչ էր առնում, խոսում-պատմում էր հայերեն, հայաբարբառ, հայեցի, իսկ թշնամու ատելությունը մոխիր ու ավեր էր սփռում՝ օտարաշունչ, օտարաբառ, վանող։ Մենք հաղթում ենք կառուցելով, շենացնելով։ Թշնամին պարտվում էր տիրելով, ավերելով։ Թշնամին ասում էր՝ չկա, չի եղել, վանք ու մատուռ, խաչքար ու կոթող անթեղում էր հողի տակ, հողի տերերին բնավեր անում, ցրում աշխարհով մեկ։ Բայց երկրագնդի ամենահեռավոր ծայրում մենք կրկին խաչքար էինք կերտում, քարի վրա մեկիկ-մեկիկ ասեղնագործում էինք նվիրական անուններ՝ մեր հոգուց, մեր սրտից հանած. Վան, Մուշ, Սասուն, Անի… Ու կար` ասում էինք։ Ու կա՝ ասում ենք։ Ու լինելու է։ Քանի որ կա մեր հոգու մեջ, մեր անպարփակ սիրո անդաստանում, մեր արյան ու գենի հիշողության մեջ։ Մենք զգում ենք նրան, ինչպես կտրված ծառն է զգում իր արմատը։ Կա` ասում ենք, ու լինելու է….Քանի դեռ Ավստրալիայում ապրող հայն իրեն մշեցի է համարում, սասունցի, վանեցի։ Ու թե հարցնես` մանրամասն կպատմի, կնկարագրի իր տան տեղը, փողոցը, քաղաքը, որ գիտի մեծ տատի պատմածով ու ինքն էլ հաստատ իր թոռանն է պատմելու։ Ու Ավստրալիայում ծնված թոռը սասունցի, վանեցի, մշեցի է կոչելու իրեն։ Ասել կուզի՝ հաղթական մայիսները ընդմիջող լռությունը, որ մենք թյուրիմացաբար պարտություն ենք համարել, նոր հաղթանակների ավիշ է եղել ու սնունդ՝ կենսառատ ու հաստատուն։ Ու ծնունդ է տվել Սարդարապատին։ Մեր կարոտը, ցավը, սերը, վրիժառությունը ամրակուռ բռունցք դարձած իջել է թշնամու քառատվող ողնաշարին ու հասկացրել, որ մենք իր լեզվով էլ խոսել գիտենք, որ մենք արարելու հետ կռվել էլ գիտենք ու մեզ պաշտպանելու չափ արիություն ունենք, հաստատ։
Գայանե Պողոսյան