«ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ԸՆԿԱԾԻՆ»

«Արմենիա» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկագիտության թեկնածու, դոցենտ Դավիթ Պատրիկյանը պարգևատրվել է ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ԸՆԿԱԾԻՆ

Իմ մանկության ամենավառ կերպարը Գոհար տատս է։ Նա թրքախոս էր, հայերեն չգիտեր, սակայն «Նարեկը» ծայրից ծայր անգիր էր ասում։ Նրա «Նարեկը» մեր ընտանիքի ամենակարևոր մասունքն է մինչ օրս։ Տատս պատմում էր, որ բախտ է ունեցել իրականացնելու իր կյանքի երեք ամենակարևոր ուխտերը՝ գնացել է Երուսաղեմ, տեսել է Էջմիածինը և աղոթել է Արմաշի Չարխափան եկեղեցում։ Երբ մեծացա, ես էլ հասկացա այդ երեք ուխտերի մեծ և սքանչելի խորհուրդը։ Տատիս ուխտագնացությունից 111 տարի անց ես քայլեցի այն հողի վրայով, որին Տիրոջ ոտքերն են հպվել, բարձրացա Գողգոթա, խոնարհվեցի Խաչին, ծնկեցի այնտեղ, որտեղ տատս էր երկրպագել Տիրոջը։

…Երբ վերադարձա, վերաիմաստավորվեց նաև Էջմիածինը։ Հրեաների երկրում ծնված Տերը, այնուամենայնիվ, մեկ անգամ հպվեց մեր հողին։ Ես միշտ էլ մի առանձնահատուկ ներշնչանքով ու երկյուղածությամբ եմ գնում Էջմիածին։ Տատս պատմում էր, որ Արմաշի Չարխափան եկեղեցում Տիրամոր պատկերը տարին մեկ անգամ նույն օրը արտասվում է, Աստվածամոր աչքերից արցունքներ են գլորվում։ …Մանկություն ասելիս հառնում է տատիս կերպարանքը՝ ձեռքերը իրար միացրած, հայացքը՝ երկնքին` աղոթելիս։

Աշխարհի ամբողջ բարոյականությունն ամփոփված է 10 պատվիրանների մեջ, բայց ես դրանց կավելացնեի նաև երկուսը՝ մի՛ սովորեցրու չիմացածդ ու ձեռք մեկնիր ընկածին։

Բոլորիս հանդուրժողականությամբ ու թույլտվությամբ մեր երկրում ծաղկեցին աղանդները, որոնք անբարոյականությունը հռչակեցին որպես գաղափարախոսություն, քարոզեցին անպաշտպան թողնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, չփրկել նրանց թշնամու հարձակումներից, հիվանդին զրկեցին արյան փոխներարկմամբ մահից խուսափելու հնարավորությունից… Եվ այս ամենը 2000-ամյա հավատի երկրում ու մի հողի վրա, որը բազմադարյա խաչքարերի ու եկեղեցիների թանգարան է…

ՄԵՆՔ ՊԱՇՏՈՒՄ ԷԻՆՔ ԱՍՏԾՈՒՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ

«ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ԸՆԿԱԾԻՆ»Հայրս կոշկակար էր, մայրս՝ դերձակուհի։ Նրանք պոլսահայեր էին։ Հայաստան էին եկել Հունաստանից հայրենադարձության տարիներին։ Հորս կարած կոշիկների մասին լեգենդներ էին պատմում, խոսում էին, թե որքան գեղեցիկ են դրանք, դիմացկուն և հարմարավետ։ Հայրս աշխատում էր վաղ առավոտից մինչ ուշ երեկո։ Աշխատում էր նաև հանգստյան օրերին։ Նրա արհեստանոցը միայն մեկ օր էր փակվում՝ Զատիկին։ Երբ մեր տանը որևէ տոնակատարություն էր լինում, հորս խնդրում էին, որ մի քիչ շուտ վերադառնա արհեստանոցից, հայրս ներողամիտ ժպտալով պատասխանում էր. «Կգամ սովորական ժամին»։ Բացառություն չէր անում։ Իմ կոշկակար հայրը մտավորական էր՝ կարդացած, կիրթ, վեհանձն, բարոյական։ Մենք դրսում գտած իրը կամ փողը տուն չէինք բերում, որովհետև հայրս մեկ անգամ պահանջել էր, որ տանենք և գտած փողը դնենք այնտեղ, որտեղից վերցրել ենք։
Ես մեծացել եմ մորս կարի մեքենայի չխկչխկոցի տակ։ Մանկության տարիների ամենասիրելի ու ամենակարոտալի հուշը մորս կարի մեքենայի չխկչխկոցն է։ Այդ կարի մեքենան այսօր իմ տան ամենասրբազան մասունքն է։ Մենք խոնարհվել ենք այդ մեքենայի առաջ ինչպես սրբապատկերի առաջ, որովհետև հասկացել ենք, որ այդ գործիքն է կերակրում մեզ։ Մենք պաշտել ենք Աստծուն ու աշխատանքը։

…Իմ մանկության խճանկարը ամբողջական չի լինի, եթե ես չխոսեմ մի տխուր իրողության մասին, որ մինչ օրս ցավեցնում է սիրտս։ Այդ տագնապը… Մենք մի ծածկոց ունեինք, որի վրա մայրս քուղեր էր կարել… Որպեսզի երբ մեզ աքսորեն, արագ հավաքենք իրերը, լցնենք այդ մեծ ծածկոցի մեջ ու քուղերով կապենք։ Իմ մանկությունը մի սրտամաշ սպասում էր, որ ուր որ է՝ ներս կմտնեն ու…

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ»

Ինձ չհարցնեք, թե ինչու եմ գրիչ վերցնում ու բանաստեղծություն գրում։ Ես չգիտեմ։ Թերևս ամեն ինչ չէ, որ կարող ես ասել վիրահատական նշտարով։ Ուստի գրիչն է գալիս օգնության։ Իմ բանաստեղծությունները սիրո ու ջերմության մասին են։ Իմ պատմվածքները արտացոլում են մարդու ամենանվիրական զգացմունքները։ «Երջանկություն մայրամուտից առաջ»՝ այսպես է վերնագրված իմ պատմվածքներից մեկը։ Նույնիսկ մայրամուտից առաջ մարդ կարող է երջանիկ լինել, եթե կողքինի ցավը մեղմելու ու դրանով երջանկանալու հոգու կարողություն ունի։ Այս կյանքը սիրո ծնունդ է։ Երբ լրագրողները հարցնում են, թե ո՞րն է տղամարդկային երջանկության իմ մոդելը, ես պատասխանում եմ՝ սիրած կին և սիրելի աշխատանք։ Սիրուց են ծնվում և՛ երջանկությունը, և՛ նվիրումը, և՛ հանդուրժողականությունը, և՛ մեղմությունը… Երբ հասկանում են ոչ միայն քո խոսքերը, այլ քո լռությունն անգամ։ Դա անբացատրելի վայելք է։ Ես շատ եմ կարդացել հեղինակավոր բժիշկների կենսագրությունը, ստեղծագործություններն ու մտքերը՝ Չեխովի, Բուլգակովի, մյուսների… Մեծ հաշվով, լավ աշխատանքն այն է, որը դու սիրում ես։ Որտեղ դու կարողանում ես բացահայտել քո բացառիկ ունակությունները, որտեղ դու վարպետ ես, առաջնորդ ես, տիրակալ ես… Ահա սա է երջանկության գաղտնիքը։

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ

Մայրս էր այսպես ասում՝ «Սա տղան քուլխի (գլխի) բժիշկ պիտի դառնա»։ Երբ մայրս ճաշ էր եփում ու ձկան կամ հավի գլուխները դնում էր մի կողմ, ես, փոքրիկ երեխա, այդ գլուխները վերցնում, դանակով բացում էի ու սկսում էի ժամերով ուսումնասիրել… Հենց ամենասկզբից որոշված էր, որ ես պիտի բժիշկ դառնամ։ Երբեմն ինձ հարց են տալիս՝ ինչն է կարևոր բժշկի աշխատանքում, բնավորության ո՞ր գծերն են երաշխավորում բժշկի հաջողությունը, ես պատասխանում եմ՝ մարդասիրությունը և խիզախությունը։ Բժիշկը պիտի սիրի իր հիվանդին։ Դա շատ կարևոր է, որովհետև միմիայն մեծ ու ճշմարիտ սերը քեզ կարող է մղել ինքնազոհողության ու քաջության։ Հիվանդը շատ զգայուն է, նրան չես խաբի։ Եթե հիվանդը չի զգում քո սիրո էներգիան, ներքուստ չի վստահում քեզ, ապա չի հավատում, որ կլավանա, իսկ դա ինքնին դանդաղեցնում է ապաքինման ընթացքը։ Բժշկի մասնագիտությունը թերևս ամենախիզախ մասնագիտությունն է։ Երբ դու մտնում ես վիրահատարան նշտարը ձեռքիդ, արդեն խիզախություն է… Ես ամբողջ ուժերով կռիվ եմ տալիս մահվան դեմ։ Ես շատ ինքնաբավարարված մարդ եմ, ես հպարտ եմ իմ գործով… Գիտե՞ք, քանի ճակատամարտ եմ հաղթանակով ավարտել։ Հաշիվ չկա, թե քանի անգամ եմ մեկնել Արցախ պատերազմի տարիներից մինչ օրս, քանի վիրահատություն եմ արել ռումբերի տարափի տակ, պատերազմական գործողությունների կիզակետում, քանի ազատամարտիկի ու զինվորի կյանք եմ փրկել… Ես կյանք եմ պարգևում մարդկանց։ Դուք գիտե՞ք ավելի մեծ բախտավորություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ