Գործնական մթնոլորտում

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը, որին ներկա էին ՀՀ ԶՈԻ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետԿամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ասոցիացիայի խորհրդի անդամներ, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության աշխատակիցներ, զինվորական բժիշկներ:

Բացման խոսքում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, կարևորելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության դերը ռազմաբժշկական ծառայության համակարգում, հորդորեց ներկաներին տրամադրվել գործնական ու կառուցողական զրույցի, բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք իսկապես մտահոգիչ են և ունեն հրատապ լուծման կարիք, առաջարկեց ներկայացնել իրենց հուզող բոլոր հարցերը, ծավալել անկեղծ և մտերմիկ քննարկում, որի հիման վրա ստեղծել մեկ ընդհանրական զեկույց և ներկայացնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

Զինվորական բժիշկներին իր ողջույնի, երախտիքի խոսքն ասաց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը: Խոսելով մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նա նշեց.«Մեր հասարակական կազմակերպության թիվ մեկ առաքելությունը զինվորների առողջության համար հոգալն է, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելն ու իրավասու ատյաններին իրազեկելը: Այսուհետ նույնպես մենք լինելու ենք զինվորների ու նրանց ծնողների կողքին, մեր դռները միշտ բաց են լինելու բոլորի առջև, մենք լսելու ենք յուրաքանչյուրին ու ջանալու ենք մեր հնարավորությունների չափով աջակցել նրանց խնդիրների լուծմանը»: Ապա շնորհավորելով ներկաներին հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ՝ Ռուզաննա Խաչատրյանը մաղթեց ձեռքբերումներով լի և արդյունավետ աշխատանք՝ հիշեցնելով, որ մեզանից յուրաքանչյուրի համար ամենամեծ ձեռքբերումը առողջ զինվորներով համալրված մարտունակ բանակի իրողությունն է՝ որպես Հայրենիքի լինելության ու հայ ժողովրդի անվտանգ կեցության գլխավոր երաշխիք:

ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը ուրախությամբ նշեց . «Արդեն մեկ տարի է, ինչ գործում է բոլորիս հոգեհարազատ այս կազմակերպությունը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան», որը մի գերագույն նպատակ է դրել իր առջև՝ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության որակը ՀՀ Զինված ուժերում և ապահովել նրա շարունակական զարգացումը, միաժամանակ ներկայացնել մեր խնդիրները պաշտպանական գերատեսչության ղեկավարին և փորձել հնարավորինս արագ և անաչառ գտնել դրանց լուծումները»:

Կարճ ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունը էական քայլեր է արել ռազմաբժշկական կառույցը կատարելագործելու ուղղությամբ: Առաջին և թերևս ամենանշանակալի արդյունքը «Ռազմական բժշկության արդի հիմախնդիրները» միջազգային գիտաժողովն էր, որը ծավալներով, կազմակերպվածությամբ և արդյունավետությամբ աննախադեպ էր բանակի պատմության մեջ:

Ասոցիացիայի ընթացիկ գործունեության կարևոր ձեռքերբումներից է նաև ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ժամկետային զինծառայողների առողջական և սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու ծրագիրը: Ծրագրի առաջին փուլը ներառում է առաջին կարգի հաշմանդամներին: Արդեն ուսումնասիրվել են նրանց անձնական գործերը, ճշտվել առաջնահերթությունները, յուրաքանչյուրի համար մշակվել է առանձին սոցիալական փաթեթ: Ծրագիրն արդեն մեկնարկել է և լինելու է շարունակական:

«Ռազմաբժշկական ծառայության որակի բարձրացման հարցում կարևոր նշանակություն ունի բարձրակարգ կրթության ապահովումը, հետագա վերապատրաստումները և, ինչու ոչ, նաև գիտական գործունեության ծավալումը աշխատանքային գործունեությանը զուգահեռ, իսկ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սրտացավ, բանիմաց խորհրդատու կարող է լինել այդ հարցում, քանի որ բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը լսելու և աջակցելու այն զինվորական բժիշկներին, որոնք իրենց գիտական խոսքն են ուզում ասել այս ասպարեզում,- նշեց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը,– մյուս կողմից, անհրաժեշտ է կատարելագործել զինվորական բժիշկների ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև բարձրացնել մարտական պատրաստվածությունը: Մոտ ապագայում մենք փորձելու ենք կյանքի կոչել ևս մեկ կարևոր ծրագիր՝ սանհրահանգիչների պատրաստման դպրոցը»:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, լսելով զինվորական բժիշկներին, կիսելով նրանց մտահոգությունները, ասաց.«Դուք բժիշկներ եք, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայոց բանակի զինվորին ու սպային, դուք մտավորականներ եք, որոնք այսօր իրավունք ունեն իրենց տեսակետը, դիրքորոշումը հայտնելու, իրենց իրավունքները պաշտպանելու և ցույց տալու, որ իրենք գործում են և իրենց աշխատանքով բանակի մարտունակությունն են ապահովում»: Ասոցիացիայի անդամները որոշեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

 

Էդիտա Մելքոնյան

 

  • 2
  • 3
  • 5
  • 6
  • 8
  • 9
  • sa4
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 11327954_986831121361270_1828530074_o
  • het