Ապրել նշանակում է գնալ դեպի կողքիդ մարդը

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան

Մանկություն բառը զանազան պատկերներ արթնացրեց… Կախվում էի մեքենաների պոչից ու սահում սառույցի վրա։ Երբ երաժշտական դպրոց էի գնում, թաղի երեխաները հետեւիցս կանչում էին Չառլի… Իմ նոտայի տետրի վրա Մուսորգսկու նկարն էր, չգիտեմ՝ ես էի այդ տետրով հիշեցնում Չարլի Չապլինին, թե Մուսորգսկին…

Ամոթխած, զգայուն, կարեկից երեխա էի, հիշում եմ՝ «Արտեկ» ճամբարում ծանոթացա երկու եղբայրների հետ։ Երբ իմացա, որ նրանք որբ են, այնքան հուզվեցի, որ տղաներին ասացի՝ եթե ձեզ նեղացնող լինի, ինձ կասեք, ես թույլ չեմ տա, որ ձեզ նեղացնեն։ Թե ինչպես պիտի թույլ չտայի, ինքս էլ չգիտեի։

…Ի՞նչ անել, որ երեխադ լինի այնպիսին, ինչպիսին դու ես ուզում տեսնել նրան. լինի ազնիվ, գթասիրտ, մարդկային… Ինչպե՞ս փոխանցել այդ առաքինությունները, ինչպե՞ս դաստիարակել….Պարզապես, ինքդ պիտի լինես այդպիսին։ Հիմա, երբ հիշում եմ, նախանձում եմ ծնողներիս։ Նրանք ապրում էին իրենց երազած երկիրը կառուցելու բաղձանքով, նրանք այնքան հավատավոր էին, այնքան ազնիվ, այնքան լավատես։ Հորս աշխատանքի էին նշանակել Վաշինգտոնում Սովետմիության դեսպանատանը, բայց նա հրաժարվեց, մնաց Հայաստանում, աշխատեց Հայաստանում։ Նրա ընկալմամբ՝ աշխատանքը միայն փող վաստակելու եւ կենցաղային խնդիրները լուծելու միջոց չէր, առաջին հերթին գործ էր հայրենիքի համար, մարդկանց համար, արարում էր։ Իմ մանկության տարիներին մարդիկ շատ ավելի աղքատ էին, շատ ավելի դժվար էին ապրում, բայց չկար այսօրվա օտարացումը։ Այսօր իրար կողքի ապրող մարդիկ հեռու են իրարից մտածելու կերպով, գեղագիտությամբ, առաքինություններով, արժեքներով, ձգտումներով, եւ չկա հորիզոնական ձգողություն, խախտված է փոխադարձ կապը մարդկանց միջեւ, փոխզգացողությունը։ Կյանքը երկու մարդու միջեւ ընկած տարածություն է, ապրել նշանակում է գնալ դեպի կողքիդ մարդը։ Ինքդ պիտի գնաս, ինքդ պիտի լցնես քեզ կողքինիդ կապող տարածությունը։ Ինքդ պիտի ապրես, ոչ թե սովորեցնես ապրել, ինքդ պիտի սիրես, ոչ թե սովորեցնես սիրել, պիտի թողնես, որ մարդը նախաձեռնի, ստեղծագործի։

Ես մի տետր ունեմ, որտեղ մի քանի պարզ մեղեդիներ են նոտագրված, վրան ճեմարանական ձեռագրով գրված է՝ ստեղծագործություն։ Իմ ուսուցիչն է գրել՝ կոմպոզիտոր Կարո Զաքարյանը։ Ուսուցչի հանդեպ իմ ամենանվիրական զգացումները կապված են Կարո Զաքարյանի անվան հետ։ Նա առաջինը նկատեց մեղեդին զգալու ունակությունս, առաջինը իմ թոթովանքներն անվանեց ստեղծագործություն։ Ուսուցիչը պետք է չխանգարի աշակերտին եւ պետք է անի ամեն ինչ, որ նա կայանա։ Ինչպես ծնողն է օգնում երեխային, որ քայլի։ Ծնողը քայլել չի սովորեցնում, չի ասում ձախից հետո աջ ոտքդ շարժիր, այդ ամենը կա երեխայի մեջ, պարզապես պիտի օգնես, որ արթնանա։

Երաժշտությունն արթնացնում է մարդու հոգու գեղեցիկ թրթիռները, առաքինությունները, զգացմունքները։ …Երաժշտությունն արթնացնում է գեղեցիկի հետ հաղորդակցվելու ունակությունը։ Երաժշտությունը միջնորդ է մարդու եւ գեղեցիկի, վեհի, բարու միջեւ։ Երաժշտությունը ճանապարհ է դեպի հոգին։Հակառակ դեպքում կնմանվի միայնակ հեռագրասյան։ Ամեն արվեստ ստեղծագործություն է, բայց ամեն ստեղծագործություն չէ, որ արվեստ է։ Եթե արվեստը հղում չունի հոգուն, արվեստ չէ։ Արվեստը միտք է, ասելիք է, գաղափար է, նպատակ է։ Արվեստը հոգեւոր առեղծված է, յուրաքանչյուրը վերծանում է իր հոգու ծավալի չափով։ Շփումն արվեստի հետ օգնում է, որ մարդը հետզհետե նոր շերտեր բացի իր համար, նոր խորքեր պեղի։ Արվեստը շենացնում է հոգին։

Մի օր, երբ թերթում էի հորս անձնական գործը, տեսա՝ ծագումը բառի դիմաց գրված է՝ աղքատ գյուղացու ընտանիքից։ Ես մտածեցի, որ գրվածը անհեթեթություն է, որովհետեւ աղքատ գյուղացի կամ հարուստ քաղաքացի արտահայտությունները ոչ մի կապ չունեն ծագման հետ։ Ինչպես բարձրագույն կրթությունն ու զանազան տիտղոսները մտավորական կոչվելու երաշխիք չեն։ Եթե հովիվը ոչխարները սարում արածեցնելիս հոգնած մեկնվում է ծառի ստվերում ու սկսում է մտածել իր հայրենիքի, իր ժողովրդի, մարդկային հարաբերությունների, իր շրջապատի մարդկանց մասին, եթե նրա ուղեղում ծնվում են գեղեցիկ մտքեր, ազնիվ գաղափարներ, անանձնական խոհեր, ուրեմն նա մտավորական է։ Իմ հայրը մտավորական էր։ Նա իրավաբան-միջազգայնագետ էր, դասավանդում էր պետական համալսարանում։ Հայրս ինձ նստեցնում էր ծնկներին եւ, ծակող բեղերը այտիս հպելով, ականջիս տակ դնդնում էր մեր ազգային-գեղջկական երգերը…

Գայանե Պողոսյան

(Հատված հարցազրույցից)