Հայրի՛կ, դու կհպարտանայի՞ր ինձնով…

Նվիրվում է բոլոր նրանց, ում հայրերը զոհվեցին հանուն հայրենիքի ազատագրության, մաղթանքով, որ էլ ոչ մի երեխա չճաշակի անհայր մանկության դառնությունը…

 

Սեղանին լուսանկարներ են, փոքրիկ գրքույկ, որի բացված էջի վրա բանաստեղծություն է, տարիներ շարունակ խնամքով պահած ծալված թերթեր… Յուրաքանչյուրը մի թանկ նշխար է. թերթի կարճ ու ժլատ տողերը վերակենդանացնում են Արցախյան պատերազմի մարտերում հերոսաբար զոհված Անդրանիկ Միքայելյանի կարճ, բայց լեցուն կյանքի ու սխրանքի մի քանի դրվագներ…

– Նման եմ չէ՞ հայրիկիս,- հարցնում է գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորային զորամասի գումարտակներից մեկի բուժկետի պետ, ենթասպա Աննա Միքայելյանը:

– Նման ես, – պատասխանում եմ…

Աննայի հայացքում որևէ բառով չթարգմանվող հպարտություն կա, երբեք-երբեք չամոքվող ցավ…

…6 տարեկան էր, երբ հայրը զոհվեց…

«Հայրիկիս թույլ չէին տալիս գնալ Արցախ, քանի որ բազմազավակ հայր էր: 3 անգամ նրան հետ ուղարկեցին, սակայն վճռական էր տրամադրված. ի վերջո միացավ կամավորականների ջոկատին և մեկնեց Արցախ: Մենք փոքր էինք, չէինք գիտակցում` որտեղ է հայրիկը: Ոչ մի կերպ չէինք հաշտվում նրա բացակայության հետ, չէինք հասկանում, թե ինչու պետք է հայրիկը հեռու լինի մեզնից: Կարոտում էինք, անընդհատ սպասում: Մի օր նա եկավ… շատ լավ եմ հիշում այդ օրը: Համազգեստով էր, զենք էր կրում… Հայրիկի այդ կերպարը միշտ մնաց ինձ հետ: Այդ պահից ես` վեցամյա աղջնակս, սկսեցի երազել… երազել զինվոր դառնալու և հայրիկի նման զենք կրելու մասին»:

Արագածոտնի մարզի Կոշ գյուղում ապրող Միքայելյանների ընտանիքին վիճակված էր կրել պատերազմի դառնությունն ու ցավը… հետո նաև անսփոփ ցավից ծնված հպարտությունը: …1993թ. ապրիլին Անդրանիկ Միքայելյանը, երեխաներին թողնելով կնոջ խնամքին, առանց հապաղելու միացավ Երկրապահ կամավորական ջոկատին: Հայոց երկինքն ամպած էր… Արցախը վիրավոր էր, չգնալ չէր կարող: Մասնակցեց Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի և հարակից տարածքների, ապա և Աղդամի ազատագրման մարտերին: 1994թ ապրիլի 13-ին Աղդամի շրջանի Գյոյթափե գյուղի ազատագրման մարտերում ընկավ հերոսի մահով: Պատմում են, որ զինակից ընկերներին փրկելու մղումով դուրս է ելել խրամատից… թշամու գնդակն անմիջապես գտել է նրան. վերքը մահացու էր…

«Հայրիկիս զոհվելուց հետո նրա զենքը, փամփուշտները պահել էինք, և ես վստահ էի, որ հենց իր զենքով պիտի գնամ ծառայության: Դա իմ մանկության ամենակարևոր երազանքն էր: Տարիներ անցան… Ես բուժքրոջ մասնագիտություն ստացա, երազանքս դարձավ նպատակ: Արդեն հինգ տարի ես Հայոց բանակի համազգեստ եմ կրում: Պատվով եմ ծառայում: Իսկ շարքում կանգնում եմ բոլորից հպարտ»:

Աննայի մանկության ամենաջերմ ու ապրեցնող հուշերի առանցքում հայրն է.

«Ընտանիքի լավ հայր էր… կնոջը, զավակներին նվիրված: Աշխույժ ու կենսասեր էր: Ես չեմ հիշում հայրիկի հետ անցկացրած որևէ օր, որ կատարյալ երջանիկ ու ապահով զգացած չլինեմ ինձ: Նրա զոհվելուց հետո երկար ժամանակ փորձում էի տրամաբանություն գտնել, հասկանալ` ինչպես է, որ բոլոր երեխաները հայր ունեին, ես` ոչ: Երբ մեծացա, հասկացա, որ ես հայր ունեմ: Նա միշտ ինձ հետ է, իմ զրուցակիցը, խորհրդատուն: … Հայրս նվիրվող էր, հասնող, դիմացինին օգնող: Մարդկանց օգնելու անհրաժեշտությունը, նրանց խնդիրների, հոգսերի նկատմամբ սրտացավ լինելը հայրիկիցս ստացած ամենակարևոր դասերից մեկն է: Իմ մասնագիտական գործունեության մեջ դա չափազանց կարևոր է: Խստությունս ևս հայրիկից եմ ժառանգել: Հայրս շատ չի խրատել մեզ, բայց անգամ իրենից հետո մենք իր կերպարով ենք դաստիարակվել: Մինչ օրս յուրաքանչյուր արարք, յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ ես մտովի պատկերացնում եմ` դա հայրիկին դուր կգա՞ր, ինչ կարծիք կունենար հայրս, ինչ կասեր… Որևէ որոշում կայացնելուց առաջ մտովի հարցնում եմ հայրիկիս, լսում նրա կարծիքը: Նա ամեն վայրկայան ինձ հետ է: Երբ մեր հայրերը գնացին պատերազմ, երազում էին, որ բանակ ունենանք… այսօր նրանց երազանքը կատարվել է: Ես հպարտ եմ, որ բանակի մի մասնիկն եմ: Հաճախ, երբ գնում եմ հայրիկիս գերեզման, հարցնում եմ` հայրիկ, դու կհպարտանայի՞ր ինձնով… Ուրա՞խ ես, որ զինվորական համազգեստ եմ կրում: Հաճախ մենակ եմ գնում… Ես փակ մարդ եմ, չեմ կիսվում, իմ խնդիրների մասին ոչ ոք չի իմանում, ինքս եմ դրանք լուծում, ինքնուրույն: Սակայն հայրիկի հետ զրուցում եմ, պատմում»:

… Հայրենյաց պաշտպանին օգնելը, նրա ցավը մեղմելը, ազգային բանակի համազգեստ կրելը, շարք կանգնելն արդեն իրականացված երազանքներ են: Թեև զինվորների սիրելի բուժքույրը խոստովանում է` ծառայության սկզբնական շրջանում ամբողջությամբ չի պատկերացրել սպասվելիք դժվարությունները:

«Մեր ծառայությունն իսկապես դժվար է, չափազանց պատասխանատու աշխատանք է: Ես հիշում եմ, երբ նոր էի անցել ծառայության, շատ փխրուն էի, հուզվում էի անընդհատ: Մենք ռազմաբժշկական դասընթացներ ունենք, ծառայական պարտականություններից ելնելով` ես պետք է դասավանդեի, զրուցեի զինվորների հետ: Երբ առաջին անգամ մտա լսարան, բոլոր զինվորներն ակնդետ ինձ էին նայում… Մի քանի վայրկյան կարողացա դիմանալ այդ հայացքներին, ապա, դասախոսության թերթերի հետևում դեմքս թաքցնելով, լացելով դուրս փախա լսարանից: Հեկեկում էի: Բոլորն անհանգստացել էին, հարցնում էին` միգուցե վիրավորել է ինչ-որ մեկը: Իսկ ես հեկեկալով ասում էի, որ բոլորն ինձ էին նայում…. (Ժպտում է) Հիմա ծառայությունն ընթանում է իր հունով: Դասընթացները ևս հետաքրքիր են անցնում: Զինվորներն ակտիվ հարցեր են տալիս: Բժշկական համալսարան ընդունված զինծառայող ունենք, ինձ շատ է օգում: Մեր աշխատանքում կարևորվում է հոգատարությունը, սրտացավ վերաբերմունքը: Հատկապես երբ զինվորն առողջական խնդիր ունի, կամ կամ որևէ մտահոգություն, բարեկամի, զրուցակցի կարիք է զգում: Ես միշտ փորձել եմ օգնել զինվորին, լուծում տալ խնդրին: Նրանք ավելի խոցելի են, քանի որ հեռու են հարազատներից, ծնողներից, հայտնվել են միանգամայն նոր միջավայրում: Հաճախ զրուցում եմ: Փորձեում եմ քույր լինել նրանց համար: Իրենք էլ իրենց հերթին են աջակցում ինձ շատ հարցերում: Մի դեպք հիշեցի: Հերթապահ էի… զինվոր ունեինք, որ ջերմություն էր ունեցել: Գիշերը մտա հիվանդասենյակ` ստուգելու` ջերմություն ունի, թե ոչ… մոտեցա, ծածկեցի, գլուխը շոյեցի, կիսարթուն ասաց` մամ ջան, եկա՞ր… Հետո արթանացավ ու ասաց` կներես, բուժքույր, կարծեցի մայրս է… Հուզիչ էր… Ես ուրախ եմ, որ կարողանում եմ ջերմություն փոխանցել և մեղմել զինվորի ցավը»:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3