Շնորհավորում ենք աշխարհի բոլոր մանուկներին` մաղթելով հեքիաթային գույներով լեցուն անհոգ մանկություն

Այսօր` հունիսի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով տոնական տրամադրություն էր տիրում: Շուրջբոլորը թևածում էր մանկությունը` հեքիաթային ու վառ գույներով, մանկան հրճվանքով ու պայծառ ժպիտներով…

ՀՀ ՊՆ աշխատակիցների, զինծառայողների տասնյակ երեխաներ այսօր իրենց ծնողների հետ եկել էին Պաշտպանության նախարարություն` նշելու Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնը: Երեխաներին իսկական տոն պարգևեցին Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաները, լարախաղացի կատարումները: Առանձնակի ոգևորությամբ մանուկները ՊՆ վարչական համալիրի տարածքում զբոսնեցին կառքով և ուրախ գնացքով, կավիճով նկարեցին իրենց երազանքներն ու հեքիաթների սիրած հերոսներին…

Իրենց հասակակիցների հետ տոնին մասնակցում էին նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երեխաները՝ Մուշեղը և Լաուրան: Նրանք եկել էին իրենց մայրիկի՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ:

«Այսօր ամբողջ աշխարհում տոնվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: ՄԱԿ-ի կողմից այն ընդունվել է նաև որպես ծնողների տոն: Ես երկու բալիկների մայր եմ և ցանկանում եմ, որ բոլորս՝ բոլոր հայ ծնողները պատասխաատվությամբ վերաբերվենք այս տոնին, հասկանանք նրա խորհուրդը: Երեխաներին օրինակ ծառայենք մեր ազնվությամբ, մեր հայրենասիրությամբ, մարդկային առաքինություններով, որպեսզի գալիք սերունդը կրի այն արժեքները, որոնք դարեր շարունակ կրել է մեր ժողովուրդը ու փոխանցել սերնդեսերունդ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուզաննա Խաչատրյանը:

Թոռան` Էրիկի հետ միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ով մեր խնդրանքով իր ջերմ մաղթանքները հղեց բոլոր մանուկներին:

«Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանուկներին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ամենակարևոր մաղթանքը խաղաղությունն է: Ցանկանում եմ, որ մեր մանուկները խաղաղ երկնքի տակ մեծանան: Ուզում եմ վստահեցնել բոլորին, որ ՀՀ Զինված ուժերը հայ մանուկների խաղաղության ու անվտանգության հուսալի երաշխավորն է»:

Էրիկն առանց վարանելու ասաց, որ անպայման պապիկի նման գեներալ է դառնալու և բոլոր մանուկներին առողջություն մաղթեց:

Բուժծառայող, բ/ծ կապիտան Սոնա Նանյանը միջոցառմանը ներկա էր 5-ամյա որդու` Արամի հետ.

«Այսօր մեր փոքրիկների տոնն է: Իհարկե, երեխաների տոնն ամեն օր է, բայց այս օրը առանձնահատուկ ենք նշում: Որպես բժշկուհի` բոլոր փոքրիկներին մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն»:

ՀՀ ԶՈւ Ռազմաբժշկական վարչության ավագ սպա, բ/ծ մայոր Գեղամ Փաշիկյանը մեզ հետ զրույցում իր մաղթանքները հղեց օրվա հերոսներին.

«Մանուկները մեր ապագան են: Մեր ծառայությունը, առօրյա գործունեությունը ուղղակի թե անուղղակի ձևով ուղղված է մեր փոքրիկների բարօրությանը: Սրտանց շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին: Որպես բժիշկ` առաջին հերթին նրանց առողջություն եմ մաղթում, որպես զինվորական` խաղաղ մանկություն: Ես սահմանամերձ բնակավայրում եմ ծնվել` Նոյեմբերյանում: Իմ մանկությունն անցել է կրակոցների տակ… Ես ցանկանում եմ, որ ոչ մի երեխա զենքի որոտ երբևէ չլսի: Յուրաքանչյուր տարի այս օրը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ մեր երեխաների համար տոնական միջոցառում է կազմակերպվում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»:

Բ/ծ մայոր Գեղամ Փաշիկյանի 6-ամյա երկվորյակ որդիները մեծահասակի լրջությամբ պատասխանեցին հարցերին:

Նարեկը ցանկանում է հայրիկի նման բժիշկ դառնալ և բուժել աշխարհի բոլոր մանուկներին: Իր հասակակիցներին մաղթում է անհոգ մանկություն ու երջանկություն: Իսկ Գոռը ցանկանում է դատախազ դառնալ և զգուշացնել մարդկանց վատ արարք չանել:

«Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները ուրախ լինեն, ժպտան ու երբեք չհիվանդանան»,- ամփոփեց Գոռը:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերականգնողական բաժանմունքի բուժքույր, ենթասպա Լուսինե Ավետիսյանը 4-ամյա որդու` Գևորգի հետ էր, ով թեև դժվարությամբ, բայց հայտնեց իր ցանկությունը` ուզում եմ գնդապետ դառնալ:

«Շատ ողջունելի է, որ այսպիսի միջոցառում է կազմակերպվել, և մեր փոքրիկները կարողանում են լիարժեք ուրախանալ և վայելել տոնը: Բոլոր մանուկներին առողջություն եմ մաղթում և անհոգ մանկություն»,- ասաց Լուսինե Ավետիսյանը: Զրուցեցինք նաև Անի և Սոնա Շահսուվարյանների հետ, ովքեր եկել էին պապիկի` պահեստազորի գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հետ:

Անին երկրորդ դասարանում է, լավ է սովորում… իր իսկ խոսքով` «Կեցցես, լավ է, գոհ եմ» գնահատականների է աժանանում:

– Բժշկուհի կդառնամ,- ասում է Անին:

-Իսկ ես ատամնաբույժ եմ դառնալու, որ երեխաների ատամները բուժեմ,- լրացնում է Սոնան:

Միանալով այսօր հնչած գեղեցիկ բարեմաղթանքներին` սրտանց շնորհավորում ենք աշխարհի բոլոր մանուկներին` մաղթելով հեքիաթային գույներով լեցուն անհոգ մանկություն:

Հասմիկ Գյոզալյան

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9