Տիգրան բեյ Աճեմյան (1852-1913 թթ.)

Նախնական կրթությունը ստացել է Գումգաբուի Պեզճյան Մայր վարժարանում: 1874 թ. հարյուրապետի աստիճանով ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանը և շատ չանցած՝ կառավարության կողմից ուղարկվել Վիեննա՝ մասնագիտական կրթության մեջ խորանալու: 1877 թ. վերադարձել է Կ. Պոլիս և պաշտոնավարել զինվորական տարբեր հիվանդանոցներում: Վարել է Կայսերական բժշկական ընկերության փոխատենապետի պաշտոնը, Ազգային երեսփոխական ժողովի և Ուսումնական խորհրդի ատենապետի պաշտոնները:

Իր ժամանակի ամենաճարտար և նշանավոր ակնաբույժն էր: Թողել է ակնաբուժությանը նվիրված ուսանելի հրատարակութուններ:

Շուրջ 30 տարի դասախոսել է Կայսերական զինվորական բժշկական բարձրագույն վարժարանում, սակայն նրա բազմամյա մանկավարժական գործունեությունը ըստ արժանվույն չի գնահատվել: Փաշայի տիտղոսին արժանացնելու փոխարեն՝ նրան զրկել են պաշտոնից:

Աճեմյանը վախճանվել է գնդապետի աստիճանում:

Անահիտ Աստոյան