Ճակատային հուշեր

Ելենա Տիգրանի Բուռնազյանը ծնվել է 1914 թ. Շուշիում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում: 1937 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և մինչև 1939 թ. աշխատել Արթիկի հիվանդանոցում և պոլիկլինիկայում: 1939 թ. գործուղվել է Լենինգրադ՝ ասպիրանտուրայում սովորելու: Բայց ուսումն ընդհատվում է. նրան ուղարկում են ռազմաճակատ՝ մասնակցելու սպիտակ ֆինների դեմ մղվող պատերազմին: Տեսնելով պատերազմի արհավիրքը՝ տարիներ անց Ելենան պատմել է.«Կարելիայի ծոցում առաջին անգամ հանդիպեցի բազմաթիվ և բազմապիսի բարդ տրավմատիկ վնասվածքների, որոնք հաճախ կոմբինացվում էին 45-50 աստիճան սառնամանիքի հետևանքով առաջացած ցրտահարությամբ: Այս հիվանդները իմ տեսած հիվանդները չէին, նրանց ցավի արտահայտումը նման չէր սովորական հիվանդների տրտունջներին: Վերքերը բազմապիսի էին, մեկը մյուսից տարբեր. մեկը կռվի դաշտում թողել էր ոտքը, մյուսը եկել էլ առանց ձեռքի, երրորդի դեմքն էր այլակերպվել, չորրորդը… Սարսափելի էր… »:

Պատերազմի ավարտից հետո Ելենան վերադարձել է Լենինգրադ և շարունակել ուսումը ասպիրանտուրայում, որը, սակայն, կրկին ընդհատվում է. սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Եվ նա առաջին իսկ օրերից որպես բժիշկ մասնակցում է Հայրենական պատերազմին: «1942 թ. խոր աշնանն էր: Լադոգա լճի ափին՝ «Շկոլա» կոչվող տեղամասում, բարձունքի վրա կառուցված մի դպրոցական շենք կար, որտեղ տեղակայված բուժկետը աշխատում էր գիշեր ու զօր: Եվ մի օր՝ առավոտյան ժամը 6-ին, սկսվեց ռմբակոծումը: Փլվեց շենքի ճակատային մասը, փշրվեցին ապակիները, և փշուրները թափվեցին մեր դեմքերին, ձեռքերին, պոկվեցին պատուհանների փեղկերը: Սեղանին պառկած վիրավորները, մոռացած իրենց ցավերն ու վերքերը, իջան սեղաններից… բայց մենք չկորցրինք մեր զգոնությունը, խուճապի չմատնվեցինք և ծանր վիրավորներին չորս հոգով տեղափոխեցինք շենքի ետևում գտնվող փոսը, օգնեցինք, որ ապահով թաքնվեն, արագ վիրակապեցինք բոլոր վիրավորներին…»: Լենինգրադի ամենածանր օրերին Ելենան տեսել ու զգացել է քաղաքի սովահար մարդկանց տառապանքը: Ոչ միայն որպես բժիշկ, այլև որպես զինվոր դարձել է քաղաքի պաշտպաններից մեկը: 1944 թ. վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել:

1944-1949 թթ. որպես վիրաբույժ-օրդինատոր աշխատել է Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցում, 1949-1951 թթ. վարել Հանրապետության շտապ օգնության կայանի պետի պաշտոնը, ապա որպես վիրաբույժ աշխատել պրոֆ. Յոլյանի անվան հիվանդանոցում:

1964 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան