Որ հողը հայրենիք դառնա…

Նորայր Անդրանիկի Շահբազյանը ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1988 թ. օգոստոսից աշխատել Հոկտեմբերյանի կենտրոնական հիվանդանոցում նախ որպես բժիշկ-թերապևտ, ապա սրտաբան: Առողջապահության նախարարության հրամանագրով 1990 թ. գործուղվել է ԼՂ՝ Հադրութի շրջան, և որպես գլխավոր բժիշկ վեց ամիս աշխատել Առաքյուլի ենթաշրջանի տեղամասային հիվանդանոցում ՝ ստացած ամբողջ աշխատավարձը փոխանցելով հիվանդանոցի ֆոնդին: 1990 թ. դեկտեմբերից մինչև 1991 թ. մայիսը ԼՂ Շուշիի, Բերդաձորի ենթաշրջանի բժիշկն էր: 1991 թ. գործուղվել է Շահումյանի շրջան և ստանձնել Բուզլուխ-Մանաշիդ- Էրքեջ ռազմագծի բժշկի պարտականությունները՝ միաժամանակ մասնակցելով ինքնապաշտպանության կազմակերպման և ինքնապաշտպանական մարտերին: Շահումյանի հանձնումից հետո ինքնապաշտպանական ջոկատների հետ ապահովել է բնակչության արտագաղթը, ապա տեղափոխվել նոր ձևավորվող Շուշիի առանձնակի գումարտակ՝ լինելով գումարտակի անփոփոխ բժիշկը: Գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի, Հադրութի ինքնապաշտպանական, ապա Աղդամի, Կուբաթլիի, Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Զանգելանի ազատագրման մարտական գործողություններին:

Հրադադրից հետո՝ 1994-1998 թթ., որպես սրտաբան ծառայել է ԼՂՀ ՊԲ: Զբաղվել է հասարակական գործունեությամբ: Ներկայումս վարում է Ռազմաբժշկական թանգարանի տնօրենի պաշտոնը:

-Իմ Արցախյան կենսագրությունը սկսվում է 1990 թ. Հադրութից՝ Առաքյուլ գյուղի հիվանդանոցից, որտեղ աշխատեցի 6 ամիս, հետո եղա Տողում, Բերդաձորում, որտեղ էլ խորհրդային զինվորները ձերբակալեցին ինձ: Դեպքը տեղի ունեցավ 1991 թ. հունվարի 12-ին: Մեր տղաներից մեկը զոհվել էր, երեքը վիրավորվել էին (նրանց վրա ռուսներն էին կրակել): Գնացի օգնության, բայց մինչ կմոտենայի վիրավորներին, ռուս զինվորները զրահամեքենայի լուսարձակները ուղղեցին ինձ վրա և ստիպեցին պառկել: Մի քանիսի հետ ինձ էլ ձերբակալեցին: Բախտս բերեց, որ Բերդաձորի պարետը ինձ անձամբ էր ճանաչում(նա մի քանի անգամ ինձանից դեղորայք էր խնդրել կնոջ համար), հակառակ դեպքում մեզ կուղարկեին Շուշի, որը հավասար էր մահվան…

Հետո մեկնեցի Շահումյան, ութ ամիս մնացի այնտեղ, մինչ այն պահը, երբ թշնամին ներխուժեց… Այդ ընթացքում ես հասցրի մոտիկից շփվել շահումյանցիների հետ և սիրել նրանց: Իրոք, բացառիկ մարդիկ էին՝ ջերմ, հոգատար, սրտաբաց, հյուրընկալ: Այդ օրերին այնտեղ էր նաև երգիչ Մկրտիչ Մկրտչյանը՝ Մակիչը: Նրա հետ ինձ Վերին շենի հրամանատար Նովիկը ծանոթացրեց: Հաջորդ օրը՝ առավոտյան, արթնանալով՝ Մակիչին չգտա: Անհանգստացած դուրս եկանք նրան փնտրելու… ու հանկարծ, ի զարմանս ինձ, Մանաշիդի եկեղեցուց հոգեզմայլ երգի ելևէջներ հասան ականջիս: Ներս մտանք. Մակիչը , կանգնած խորանի առջև, ինքնամոռաց երգում էր՝ Տեր, ողորմեա… Այնքան գեղեցիկ էր, այնքան տպավորիչ, որ թեև երգը ավարտվել էր, բայց կարծես թևածում էր դեռ, և մենք վայելում էինք…

-Ե՞րբ եք մեկնել Շահումյան, որքա՞ն եք եք մնացել այնտեղ և ի՞նչ դրվագներ եք հիշում:

-1991-ի օգոստոս ամիսն էր: Երկու շաբաթ աշխատեցի Ներքին շենի հիվանդանոցում, հետո ինձ առաջարկեցին ժամանակավորապես տեղափոխվել Վերին շեն՝ մինչև Արտակ Խաչատրյանի վերադարձը, սակայն երբ Արտակը վերադարձավ, որոշեցինք միասին աշխատել. նա իրոք նվիրյալ էր, բարի, օժտված կազմակերպչական ջիղով: Արտակի հետ որոշել էինք Նոր տարվա գիշերը Ջամբազի դիրքերում անցկացնել, բայց մեր տղաներից մեկը առանց մեզ տեղյակ պահելու, մեր «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով ինչ-որ տեղ էր գնացել: Ամբողջ օրը լարված, անհանգիստ նրան էինք սպասում: Հայտնվեց գիշերվա ժամը 11-ին… ու առանց «Վիլիսի»… Երկու-երեք ժամ տևեց, մինչև գտանք մեքենան, բայց առանց բանալիների այն գործի դնել չէինք կարող, իսկ առանց ավտոմեքենայի Ջամբազ գնալը խելամիտ չէր: Առավոտյան ժամը 6-ին տագնապալի ծեծեցին մեր սենյակի դուռը. վիրավոր էին բերել Ջամբազից: Նրանք էլ պատմեցին ,որ թուրքերը հարձակվել են դիրքերի վրա, սպանել տղաներին և գրավել Ջամբազը… Դեպքի մասին անմիջապես տեղեկացրինք Շահեն Մեղրյանին: Հունվարի 5-ին մերոնք գրոհով Ջամբազը հետ վերցրին… և հանեցին խոշտանգված ու գլխատված դիակները… դաժան, անմոռանալի տեսարան էր… Դիակները հունվարի 6-ին ուղղաթիռով ուղարկեցինք Երևան: Դժվար չէ պատկերացնել, թե իմ ու Արտակին ինչ կպատահեր, եթե Պավլիկը ավտոմեքենան տարած չլիներ:

-Մտածո՞ւմ էիք, որ Շահումյանը երբևէ կհանձնվի:

-Բոլորովին: Դեռ ավելին, մտածում էինք Գետաշենը վերադարձնելու մասին. հրամանատարությունը ծրագրում էր Գետաշենի ազատագրումը: Հունիսի 13-ի վաղ առավոտյան չորս բժիշկներով՝ Արտակը, Գուրգենը, Արթուրը և ես, տեղացի երկու ազատամարտիկների հետ Վերին շենից իջանք դեպի Մանաշիդ, որտեղ մեր տղաները կազմ-պատրաստ սպասում էին Գետաշենի վրա գրոհելու հրամանին: Մանաշիդ մտնելուն պես մեզ համար էլ անսպասելիորեն հակառակորդը սկսեց մեր ուղղությամբ ականանետներով կրակել: Երկու ազատամարտիկ տեղում մահացան: Կարճ դադարից հետո թշնամին գործի դրեց «գրադ» կայանքը: Մենք անակնկալի եկանք: Հրետակոծությունը չէր դադարում, ուստի փոքրիկ բուժկետ բացեցինք , որտեղ հնարավոր կլիներ առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին: Հետո վերցնելով զենքս՝ գնացի դիրքեր՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ, և թե ինչ տեղեկություններ ունեն նրանք, իսկ երբ հեռադիտակով մեր շուրջն էի նայում, նկատեցի Սարիուսի ուղղությամբ տեղակայված թշնամու «գրադը» ու տանկերը, որոնք արդեն դեպի մեզ էին շարժվում:

Արագ վերադարձա բուժկետ, հարկավոր էր շտապ ինչ-որ բան ձեռնարկել: Արտակն արդեն այնտեղ չէր. վերինշենցի զոհված ազատամարտիկների դիկաներն էր տարել ավտոմեքենայով: Նա չէր կարող վերադառնալ, քանի որ բոլոր ճանապարհները թշնամու հսկողության տակ էին: Գուրգենին և Արթուրին ապահովության համար թողեցի Հոկտեմբերյանի ջոկատի տղաների մոտ, իսկ ես իջա հետախուզելու տարածքը: Թփուտների միջով անցնելով՝ նկատեցի, որ Ջամբազում կուտակումներ կան: Այնտեղից մի քանիսը հեռադիտակով իրենց շուրջն էին նայում: Զգացի, որ ինձ նկատել են: Անմիջապես թաքնվեցի թփուտների մեջ և աննկատ վերադարձա մեր դիրքերը: Տղաներն արդեն գիտեին, որ Ջամբազը գրավել են, և մեր ընդհանուր որոշումը սա էր.«Մնում ենք ու դիմադրում թշնամուն»: Հակառակորդի տանկերն արդեն իջել էին և թնդանոթների փողերը մեր կողմն ուղղել, բայց, չգիտես ինչու, չէին կրակում:

Արդեն ուշ երեկո էր, երբ հանկարծ մի ձիավոր հայտնվեց. Շահեն Մեղրյանի կապավորն էր: Նա հայտնեց, որ հրամայված է թողնել դիրքերն ու հեռանալ, քանի դեռ չենք հայտնվել թշնամու ծուղակում: Արաբոյի ջոկատի տղաներից տասնմեկ մարտիկ հանձն առան իրենց հսկողության տակ առնել ձորակի ճանապարհը և մինչև մյուս ջոկատների դուրս գալը ապահովել բոլորի անվտանգությունը: Բարեհաջող դուրս գալով ձորակից՝ անտառի միջով վերադարձանք Վերին շեն և միացանք մեր հիմնական զորամիավորմանը: Գիշերը հրաման ստացանք թողնելու Վերին շենը և շարժվելու դեպի Գյուլիստան, որտեղ արդեն ծովացել էր Շահումյանի ժողովուրդը… Այնտեղ էլ իմացանք, որ… Շահումյանը հանձնվում է…

Գյուլիստանի Նապատ կոչվող տեղամասի հրապարակում, որտեղ ժողովուրդ էր խմբվել, երկու ուղղաթիռ իջան. օգնություն էին բերել, բայց, ավաղ, արդեն շատ ուշ էր… Ուղղաթիռների մոտ մի ահավոր բան էր կատարվում: Մարդիկ, իրար հրմշտելով, փորձում էին տեղավորվել ուղղաթիռների մեջ: Ես չգիտեմ՝ օդաչուներին ինչպես հաջողվեց ուղղաթիռը օդ բարձրացնել: Ժողովրդի մեծամասնության հետ շարժվեցինք դեպի «Քաչալ» սարը, որտեղից էլ անտառների միջով պիտի հասնեինք Հաթերք:

… Արտակին գտնելու նպատակով անհանգստացած իջա սարից: Հրապարակը դատարկվել էր, այնտեղ այլևս ոչ ոք չկար: Այդ պահին երկու հոգու նկատեցի, որ դանդաղ քայլերով գնում էին դեպի Գյուլիստան, որտեղ թուրքերն էին: Վազեցի նրանց հետևից: Կին ու տղամարդ էին, երկուսն էլ տարիքով: Կինը մոտավորապես 90 տարեկան կլիներ, տղամարդը՝ 70: Նրանք մայր և որդի էին:

-Հայրի՛կ, ո՞ւր եք գնում: Թշնամին արդեն Գյուլիստանին է մոտենում,- դիմելով տղամարդուն՝ ասացի ես:

-Մայրս չի կարող սարը բարձրանալ,- պատասխանեց նա ու բռնելով մոր ձեռքը՝ մոլոր քայլերով հեռացան, ավելի ճիշտ՝ ընդառաջ գնացին մահվանը…

Դա ինձ համար Շահումյանում ապրած ամենաողբերգական պահն էր: Ես ինձ այնքան անզոր էի զգում… Մի քանի րոպե տեղում գամված՝ ամայացած հայացքով ուղեկցում էի նրանց…

Ինձ սթափեցրեց կրակոցների ձայնը… Հետ դարձա, որպեսզի գտնեմ Արտակին: Ճանապարհին հանդիպեցի Նովիկին՝ իր տղաներից մի քանիսի հետ: Նրանցից էլ լսեցի, որ թուրքերը կրակել են երեխաներ ու ծերեր տեղափոխող մեր բեռնատար ավոմեքենաներից մեկի վրա: Բոլորն էլ զոհվել էին…

Շահումյանից վերադառնալուց երեք օր անց նա արդեն Լեռնային Ղարաբաղում էր՝ Ստեփանակերտում, ապա Շուշիում…

-Ստեփանակերտում հանդիպեցի իմ լավագույն բարեկամ, երջանկահիշատակ Արտակ Խաչատրյանին: Որոշեցինք, որ երկուսս էլ մեր հետագա աշխատանքը կշարունակենք Շուշիի նորաստեղծ առանձնակի գումարտակում: Մեկնեցի Շուշի և անմիջապես ձեռնամուխ եղա բուժկետ ստեղծելու աշխատանքներին: Այդ հարցում ինձ շատ օգնեց երիտասարդ բժիշկ Նորայր Խաչատրյանը: Հետո Արտակը ինձ տեղեկացրեց, որ ինքը միանում է Շահեն Մեղրյանի հավաքագրած պարտիզանական ջոկատին, որը հետագայում «Եղնիկներ» անվանեցին: Ջոկատը հիմնականում շահումյանցիներից էր կազմված, բժշկական ինստիտուտի ուսանողներ էլ կային՝ Սմբատ Ջամալյանն ու Վահե Բաղդասարյանը (ցավոք, Վահեն զոհվեց): Նրանց երկուսին՝ որպես օգնականների, ուղարկել էին Արտակի մոտ: Մի քանի ամիս անց լսեցինք դաժան բոթը… մեր ուղղաթիռը, որի մեջ էին Արտակը, Շահենը և մի քանի պարտիզաններ,Մռավ սարի վրա խոցվել էր թշնամու կողմից, հրո ճարակ դարձել… ուղղաթիռի մեջ գտնվողները բոլորն էլ զոհվել էին… այդ չարաբաստիկ օրը ապրիլի 17-ն էր…

-Ինչո՞ւ Դուք էլ Արտակի հետ չմիացաք պարտիզաններին:

-Երևի այդպես էլ վարվեի, եթե չհանդիպեի պռոշյանցի Պետոյին: Նա գումարտակի հրամանատարի տեղակալն էր: Ինձ գրավեցին նրա առողջ մտքերը, հասուն գաղափարները, նրա վերաբերմունքը շրջապատի մարդկանց նկատմամբ: Նրա բոլոր գործողությունները նպատակաուղղված էին ի շահ ընդհանուրի. «ես»-ը իսպառ բացակայում էր: Բացի այդ, Պետոյենց հետ մնալու ևս մի զորավոր պատճառ ունեի. նրանց զորամիավորումը բժիշկ չուներ, և ես չէի կարող թողնել ու հեռանալ, երբ առջևում ծանր մարտեր էին սպասվում: Այդպես ես դարձա Շուշիի առանձնակի գումարտակի առաջին ու միակ բժիշկը ու մինչև հրադադարը չհեռացա նրանցից: … Իրար հաջորդող դաժան մարտեր, ծանր կորուստներ… Գիտեք՝ ինչ ահավոր ցավ էինք զգում, երբ հարկադրաբար նահանջում էինք՝ կրկին թշնամուն թողնելով ազատագրված տարածքները, այն դեպքում, երբ պատրաստ էինք, երբ փորձում էինք անգամ եղունգներով, ատամներով կառչել, միայն թե կարողանայինք պահել, ախր դա հենց այնպես չէր տրվել մեզ, ախր դա մեր լավագույն ընկերների արյան գինն էր…

-Ինչպիսի՞ դասեր քաղեցիք պատերազմից:

-Ամեն ինչ պետք է անել՝ կանխելու պատերազմները:

-Ըստ Ձեզ՝ ինչ է հայրենասիրությունը:

-… Մենք բավականին հողեր ենք ազատագրել, բայց այսօր այդ հողերի վրա ոչ ոք չի ապրում… օրինակ Զանգիլանը… Այն հայրենիք կդառնա միայն այն ժամանակ, եթե բնակեցվի ու շենացվի… եթե կյանք տրվի հողին ու ջրին… Մեր ունեցածը սրբությամբ պահենք ու պահպանենք, դա է հայրենասիրությունը, և անընդհատ մտածենք ավելացնելու, շենացնելու մասին, չկտրվենք մեր արմատներից, այլապես և հայրենիքը կկորցնենք: Ծառը որքան էլ հզոր, առանց խորը արմատների երկար չի գոյատևում:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)

  • norayr1