Զինվորը բանաստեղծություն է նվիրել բժիշկներին` ի նշան երախտագիտության

Ժամկետային զինծառայող, շարքային Ֆրունզե Իշոևին հանդիպեցի ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում: Ֆրունզեն ծառայում է ՊԲ զորամասերից մեկում, վարորդ-օպերատոր է: Զինվորն արդեն ապաքինվել է և ի նշան երախտագիտության` բանաստեղծություն է նվիրել բժիշկներին:

Ներկայացնում ենք մեր զրույցը շարքային Ֆրունզե Իշոևի հետ:

 

– Ֆրունզե, ինչպե՞ս ես հիմա… ապաքինվե՞լ ես:

– Լավ եմ, շնորհակալություն: Ես բավական երկար ժամանակ բուժվել եմ այս բաժանմունքում: Այստեղ միայն ջերմ վերաբերմունքի եմ արժանացել, շրջապատված եմ եղել հոգատարությամբ: Բժիշկները, բուժքույրերը, ողջ անձնակազմը որպես հարազատի են ինձ ընդունել: Այս փոքրիկ բանաստեղծությունն իմ շնորհակալությունն է և բժիշկներին և հրամանատարներին:

Հազարավոր մարդկանց կյանքեր հանձնում են ձեզ` վստահելով,

Չեն վարանում վայրկյան անգամ, որ հանձնում են ձեզ մարդ այդքան…

Տալիս եք խելք, տալիս եք ուժ, հզորություն,

Այս օրերում պայքարելու հզորություն…

Ճիշտ է` դժվար այս օրերում ջանք եք թափում, մեզ փայփայում,

Հեռու պահում չարի ճանկից և դուրս բերում ցուրտ խավարից,

Գիշերները արթուն մնում, լույս եք բերում խավարում:

Տալիս եք խելք, ժպիտ ու սեր

Եվ այս կյանքին ճիշտ նայելու աչքեր…

Նաև սիրո մասին եմ գրում, կյանքի, բնության… ծառայության ընթացքում գրել եմ բանակային թեմաներով բանաստեղծություններ: Մանկուց եմ բանաստեղծություն գրում` 9 տարեկանից: Առաջին անգամ գրել եմ հորս մահից հետ: Դա մի փոքրիկ քառատող էր, որով արտահայտել եմ այն, ինչ զգացել եմ: Բանաստեղծություններս բավական շատ են: Ինձ ամենից շատ ոգեշնչում է լռությունը: Սիրում եմ մթություն, միայնություն: Միայնությունն ինձ օգնում է մտքերս հավաքել:

– Ծառայության ընթացքում հաջողվու՞մ է ժամանակ տրամադրել նախասիրություններին:

– Այո, ազատ ժամանակ փոքրիկ նոթատետրիս մեջ գրառումներ եմ անում, որոնք հետո դառնում են բանաստեղծություն: Նախքան ծառայությունս այլ մտածելակերպ ունեի, ծառայության ընթացքում շատ բան է փոխվել: Այս ընթացքում գրած բանաստեղծություններիցս երկուսը սիրով կներկայացնեմ:

Քաջ զինվորը խրամատում,

Աղոթում է անքուն Աստծուն.

Երբ է գալու այն օրն անգին,

Որ կսփոփի իր մոր հոգին:

Կջերմացնի ժպիտով անգին,

Կզարմացնի ուժով կրկին,

Սակայն դեռ նա, կանգնած մենակ,

Հեռվում տեսնում է վառվող կրակ:

Իսկույն ձեռքը զենքին մեկնում,

Ուժով լեցուն կրակ բացում,

Գետնին գցում չար թշնամուն,

Հպարտ-հպարտ տուն է գնում:

Ունեմ նաև սիրային բանաստեղծություններ, թեև այս պահին սիրահարված չեմ … Սպասիր, գալու եմ,

Քեզ ամուր փարվելու եմ,

Քեզ գուրգուրելու եմ ու տանելու եմ:

Սակայն ի՞նչ եմ քեզ տալու:

Սիրուց բացի չունեմ ոչինչ նվիրելու:

Մտածում ես, կամ թե մտքում ծածուկ լալիս…

Մեկ է` ես քեզ տանելու եմ:

Նախընտրում ես դղյակի մեջ ապրել անսե՞ր,

Թե մի փոքրիկ խրճիթ ու սեր…

Սիրով ներկված անծայր դաշտեր…

Եվ ի վերջո իմ սիրտն եմ քեզ նվիրելու,

Որի դիմաց սիրուց բացի ուրիշ ոչինչ չեմ խնդրելու:

– Ֆրունզե, զրուցենք նաև ծառայության մասին… գրեթե կիսվել է ծառայությանդ ժամկետը: Կպատմե՞ս` ինչն է ամենադժվար հաղթահարելին…

– Շատերն ասում են, որ հատկապես ծառայության սկզբնական շրջանում կարոտը հաղթահարելն է դժվար: Ես միշտ ինքնուրույն եմ եղել և այստեղ էլ հեշտ եմ համարվել: Եթե զինվորն առողջ է, մնացած բոլոր դժվարությունները հաղթահարելի են:

Ծառայությունն ինձ շատ է փոխել: Այստեղ հասունանում ես, սկսում ես շատ բան հասկանալ, ավելի խորությամբ ընկալել կյանքը, վերլուծել երևույթները: Ի վերջո հասկանալ` ով է իսկական ընկերը: Ում չարժե վստահել:

– Շնորհակալություն և անփորձանք ծառայություն:

ՀԳ. Մենք զինվորի բանաստեղծությունները ներկայացնում ենք մեր ընթերցողին առանց խմբագրման: Որովհետև այս հրապարակման խնդիրը խոստումնալից պոետի ներկայացնելը չէ, ոչ էլ զինվորի բանաստեղծությունների գեղարվեստական արժեքն է կարևոր, այլ այն, որ բժիշների հոգատար վերաբերմունքից զինվորի հոգում երախտագիտության տողեր են ծնվել, որ զինվորը շրջապատված է սիրով և ուշադրությամբ, որ հպարտությամբ է կրում հայկական բանակի համազգեստը ու պատասխանատվությամբ է վերաբերվում հայրենիքի պաշտպանի իր կոչմանը:

Հասմիկ Գյոզալյան