Հոգեբանական պատերազմը և ժամանակի մարտահրավերները

Զեկուցող` ԵՊԲՀ ՌԲՖ 4-րդ կուրսի կուրսանտ` Վահագն Արմենի Ասիրյան

Ղեկավար` ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ ՀԳԹ` Խ.Վ. Գասպարյանը

Տեսական վերլուծություններ

Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ կիրառում են հոգեբանական պատերազմ , թերևս այդ մասին առանց բարձրաձայնելու: Որպես կանոն հոգեբանական պատերազմի իրականացման վերաբերյալ փաստաթղթերը պահվում են հատուկ հսկողության տակ: Հայտնի է, որ հոգեբանական պատերազմի մասնագետները փորձում են ուսումնասիրել և բացահայտել են մարդկային գիտակցության և հույզերի վրա ազդելու լավագույն միջոցները:

Ժամանակակից պատերազմներում միայն ռազմական ներուժը բավական չէ հաջողության հասնելու համար, ուստի հոգեբանական պատերազմի առանձնահատկություններին ծանոթ լինելն անհրաժեշտություն է յուրաքանչյուր երկրի համար: Այսօր գերտերություններում, օր. ԱՄՆ-ում, կան հատուկ կազմակերպություններ, որոնք պատրաստում են հոգեբանական պատերազմի մասնագետներ:

Հոգեբանական պատերազմը բազմակողմանի, շարունակական, կոորդինացված, թիրախավորված գործողությունների համակարգ է, որը հակառակորդի վրա ազդում է հոգեբանորեն` պարտադրելով նրան կատարել քայլեր ի օգուտ այն իրականացնողների:

Դեռևս ք.ա. 6-րդ դարում Հին Չինաստանի ականավոր ռազմական գործիչ Սուն Ցզին[1] իր աշխատություններում ընդգծել է հոգեբանական պատերազմի էությունը և առաջարկել է քայլեր.

1. Յուրացնել ամենը, ինչ վերաբերում է հակառակորդին:

2. Հակառակորդի նշանավոր գործիչներին ներգրավել հանցավոր կազմակերպությունների մեջ:

3. Քայքայել հակառակորդի ղեկավարության հեղինակությունը և հնարավորության դեպքում բացահայտել, որպես հասարակության խայտառակություն:

4. Երիտասարդ սերնդին տրամադրել ավագ սերնդի դեմ:

5. Անել ամեն ինչ, որպեսզի արժեզրկվեն հակառակորդի սովորույթները և կոտրել նրանց հավատն իրենց աստվածների նկատմամբ:

6. Լինել առատաձեռն ինֆորմացիա ձեռք բերելիս, չխնայել անգամ փողը, որովհետև այն ունենում է հրաշալի արդյունքներ:

Հոգեբանական պատերազմի ազդեցության ձևերը

Ստորև ներկայացվում են հ.պ.-ի ազդեցության ձևերն ըստ Վ.Գ.Կրիսկոյի[2]:

1.Ինֆորմացիոն-հոգեբանական, տեղեկատվա-քարոզչական (պրոպագանդա)

ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնն (1963-1973թթ.) իր ելույթներից մեկի ժամանակ ասել է.

-Կարծում եմ, որ պրոպագանդայի և ինֆորմացիայի համար ներդրված 1մլն դոլարն ավելի արժեքավոր է, քան այն 10մլն-ը, որը ներդրվել է զենքի արտադրության մեջ:

Ինֆորմացիոն-հոգեբանական ազդեցությունը իրականանում է բառերի և ինֆորմացիայի միջոցով, հիմնական նպատակը` ձևափոխել համապատասխան գաղափարախոսական մտքերը, հայացքները, պատկերացումները: Այն կարող է մարդկանց մոտ առաջացնել թե դրական, թե բացասական զգացողությւուններ:

«Պրոպագանդա» տերմինը լատիներենից թարգմանաբար նշանակում է ենթակա է տարածման: Ժամանակակից պատկերացումների համաձայն պրոպագանդան համարվում է որոշակի մտքերի, հայացքների, այդ թվում նաև բամբասանքների տարածում` հասարակության կարծիքն ու վերաբերմունքը ձևափոխելու նպատակով:

2.Հոգեբանական ազդեցություն, որն իրականացվում է 2 ձևով

– Անհատի ուղեղի վրա ֆիզիկական ներգործություն, որի հետևանքով խախտվում է նորմալ նյարդա-հոգեկան գործունեությունը:

Օր. Մարդ ստանում է գլխուղեղի վնասվածք, որի արդյունքում կորցնում է ռացիոնալ մտածելու հնարավորությունը, և նկատվում է հիշողության կորուստ:

-Շրջապատող պայմանների միջոցով շոկածին ազդեցություն մարդու գիտակցականի վրա, որի հետևանքով կորցնում է ռացիոնալ կողմնորոշվելու հնարավորությունը, կորցնում է կողմնորոշումը տարածության մեջ, ընկնում է դեպրեսիայի մեջ, մատնվում է խուճապի և այլն:

Օր. Զանգվածային ավերածությունների պատկեր, հնարավոր է նաև բնական աղետների հետևանքով:

Որքան մարդ քիչ է նախապատրաստված հոգեբանական տրավմաների ազդեցությանը, այնքան ավելի են արտահայտված հոգեբանական տրավմաները, որոնք կարող են ունենալ նաև հոգեծին ազդեցություններ և կորուստներ: Դրա համար, օր. Իսրայելում, հոգեբանական պատերազմով զբաղվող մարմիններում պատրաստվում են մասնագետներ, որոնց խնդիրն է ոչ միայն հակառակորդի բնակչության և զորքի բարոյալքումը, այլ նաև սեփական զինծառայողներին օգնությունը և հոգեծին կորուստների վերականգնումը:

3.Հոգեվերլուծական ազդեցություն: Այս ազդեցությունն իրականացվում է հատուկ միջոցներով ազդելով մարդու գիտակցության վրա, հատկապես հիպնոզի միջոցով: Մարդ լսում է երաժշտություն կամ հետևում է ֆիլմի գլխավոր հերոսի գործողություններին ու չի հասկանում, որ դրա մեջ կա ինֆորմացիա, որը ֆիքսվում է միայն ենթագիտակցության միջոցով, մինչդեռ գիտակցությունը նույնիսկ չի նկատում այն: Արդյունքում մարդը կարող է իրականացնել այն, ինչը ֆիքսվել է ենթագիտակցության կողմից:

4.Նյարդա-լեզվաբանական ազդեցություն, այլ կերպ՝ նյարդա-լեզվաբանական ծրագրավորում: Այս ազդեցության օբյեկտը ուղեղի նյարդաֆիզիոլոգիական ակտիվությունն է: Գլխավոր միջոց են հատուկ ընտրված ու մշակված խոսքային և ոչ խոսքային ծրագրերը, որոնց պարունակությունը թույլ է տալիս փոխել մարդու կամ մարդկանց որոշակի հայացքները:

Մասնագետն առաջին փուլում բացահայտում և ընդգծում է հոգեկանի հակասությունները, այնուհետև փորձում առաջացնել կոնֆլիկտ և ստեղծում տրամադրություն: Հաջորդ փուլում մասնագետը հատուկ հնարքների միջոցով ստիպում է զգալ դիսկոմֆորտ տվյալ իրական վիճակի վերաբերյալ և կատարում է փոփոխություններ գիտակցության մեջ, որոնք ստիպում են այլ կերպ վերաբերվել իրավիճակներին ու այլ մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններին:

5. Պսիխոտրոն-էքստրասենսոր ազդեցություն: Ինֆորմացիայի փոխանցման ճանապարհ է հանդիսանում անգիտակցականի ընկալումը: Այստեղ հարկ է ընդգծել զանգվածային հիպնոզը կամ այսպես կոչված ‹‹25-րդ կադրի ֆենոմենը››:

Զանգվածային լրատվության միջազգային միջոցներն ընդգծել են, որ 1993թ. փետրվարի 1-ին Սոմալիում ավազե փոթորիկի ժամանակ ԱՄՆ-ի ծովային ուժերը երկրի մակերևույթին նկատել են անսովոր երևույթ: Ավազի և փոշու ամպը, որը պտտվում էր երկնքում մարդու 150 մետրանոց դեմք է ստանում: Շուտով զինվորները նկատում են, որ իրենց առջև ոչ թե սովորական դեմք է, այլ իրենց առջև Հիսուս Քրիստոսի պատկերն է: Ստանալով ուժեղագույն հոգեբանական հարված` ամերիկյան զինվորները սկսում են լացել և ծնկի գալով սկսում են աղոթել: Ականատեսները նույնիսկ նկարում են ստեղծված պատկերը: Ավազե փոթորիկը տևում է մոտավորապես 5 րոպե, և փոթորկի մարելու հետ անհետանում է նաև ստեղծված պատկերը: Մասնագետների կարծիքով ամերիկյան հոգեբանական պատերազմի բաժանմունքներն իրականացրել են փորձ՝ իրենց իսկ զինվորների մասնակցությամբ՝ ստեղծելով ընդամենը հոլոգրաֆիկ պատկեր և ուսումնասիրել են զինվորների վարքն ուժեղ հոգեբանական ներգործության պայմաններում: Դրանից հետո նրանք արգելել են զինվորներին խոսել դրա վերաբերյալ:

6.Պսիխոտրոպ-հոգեմետ ազդեցություն, որն իրականացվում է քիմիական, կենսաբանական և բժշկական միջոցներով ազդելով մարդկանց հոգեկանի վրա:

Որպեսզի մարդ կատարի այն ինչ չի ցանկանում, պարտադիր չէ ստիպել նրան, կամ թեկուզ վիրաբուժական միջամտություն կատարել ուղեղի վրա:Պետք է ուղղակի ճիշտ ընտրել պրեպարատներ և համապատասխան ձևով կիրառել: 1964թ. ստեղծվում է պրեպարատ BZ անվանումով, որն ունի հզոր հոգեմետ ազդեցություն մարդկային զանգվածների վրա: Հերիք է այն օգտագործել, և գունդը, որը ենթադրենք անցնում է շարային քայլով, դառնում է անկառավարելի: Չնայած, որ առանձին վերցրած յուրաքանչյուր զինվոր մնում է պրակտիկ նորմալ:

Գործնական օրինակներ

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններ իրականացնելը կրում է սիստեմատիկ բնույթ: Փորձենք հասկանալ, թե ինչպես է ազդում դիվերսիան զինվորների և ընդհանրապես հանրության հոգեբանության վրա:

Կարելի է առանձնացնել դիվերսիոն գործողությունների առաջնային և երկրորդային նպատակները: Առաջնային նպատակը մարդկային կորուստներ պատճառելն է, իսկ երկրորդայինն այդ կորուստների հետևանքներն են:

Զինվորների հոգեբանության և մարտական ոգու վրա որպես երկրորդային ազդեցություն կամ երկրորդային հետևանքներ առանձնացնում են.

1. ցավի, կորուստի զգացում

2. զայրույթ

3. վախի մթնոլորտ

4. սեփական ուժերի նկատմամբ թերագնահատում:

Եվ այս ամենի արդյունքում տուժում է զինվորի մարտական ոգին:

Հանրության շրջանում առաջացող երկրորդային հետևանքներն են.

1. ցավ, կորուստի զգացում

2. բանակի նկատմամբ անվստահության ձևավորում:

Այս բոլորի առկայության պայմաններում հակառակորդը հասնում է առավելագույն արդյունքի:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ հակառակորդի դիվերսիան ձախողվում է, և հակառակորդը ետ է մղվում կորուստներ կրելով:

1. Բարձրանում է զինվորների մարտունակությունը, մարտական ոգին:

2.Վստահություն է առաջանում սեփական ուժերի նկատմամբ:

3.Հանրությունը վստահում է բանակին:

Ստացվում է, որ մեր 18-20տ. ժամկետային զինծառայողը հաղթում է հակառակորդի հատուկ պատրաստություն ստացած և նույնիսկ լավագույն սպաներին: Այս պարագայում Ադրբեջանի կողմից գործի է դրվում ադրբեջանական քարոզչամեքենան և ապատեղեկատվություն տարածելով` փորձում է թաքցնել կրած անհաջողությունները:

Ֆուտբոլասեր հանրությունը` հետևելով առաջատար ակումբների հանդիպումներին տեղեկացված է, որ իսպանական Ատլետիկո Մադրիդ թիմի մարզաշապիկին գրված էր Azerbaijan, իսկ այժմ Baku2015:

Սա գովազդի դասական օրինակ է, որի միջոցով Ադրբեջանը փորձում է իր կողմը գրավել միջազգային հանրության ուշադրությունը: Այդ թիմի բազմաթիվ երկրպագուներ, իհարկե ոչ Հայաստանում, կարդալով Azerbaijan կամ Baku2015, իմանում են Ադրբեջանի գոյության, տեղակայման մասին և հօգուտ տվյալ գովազդների, ձևավորում են դրական վերաբերմունք, ինչի հետևանքով` Ադրբեջանի կողմից տարածած լուրերին, ապատեղեկատվությանը ևս վերաբերվում են դրականորեն:

Մենք` հայերս, կարդալով Մադրիդի Ատլետիկոյի մարզաշապիկին գրվածը, զայրանում ենք, հակակրանք է առաջանում այդ թիմի նկատմամբ: Հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է Ադրբեջանի գովազդը լինի աշխարհահռչակ թիմի մարզաշապիկին: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Յուրաքանչյուր երկիր միջազգային հանրությանը ներկայանում է այնպես, ինչպես կարողանում է: Տվյալ դեպքում այս գովազդն Ատլետիկոյի մարզաշապիկին Ադրբեջանի վրա նստում է միլիոնավոր դոլարներ: Ոչ պաշտոնական տվյալներով 6 ամսվա ընթացքում Ադրբեջանը տվյալ գովազդի համար ծախսել է 12մլն$:

Իսկ ինչ՞ ենք առաջարկում մենք միջազգային հանրությանը: Միլիոնավոր դոլարների փոխարեն փորձում ենք յուրաքանչյուրս մեր ասպարեզում հասնել առավելագույն արդյունքի և հպարտորեն ներկայացնում հայկական ինքնության այնպիսի անձանց, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Հենրիկ Մխիթարյանը, Սերժ Թանգյանը, Լևոն Արոնյանը, Արթուր Աբրահամը և այլոք:

Գրականության ցանկ`

1. Սուն Ցզի, ‹‹Երկ ռազմարվեստի մասին››

2. Криско В. Г., ‹‹Секреты психологической войны››, Минск 1999

3. «Ռազմական հոգեբանության հիմնխնդիրները» հանրապետական գիտաժողով Սամվել Խուդոյան` «Հոգեբանական զենքը ժամանակակից աշխարհում» Երևան 2013

4. Г.Г. Почепцов., ‹‹Психологические войны››