Կուրսանտական 13-րդ գիտական կոնֆերանսը

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ Կուրսանտական 13-րդ գիտական կոնֆերանսը, որին մասնակցում էին ՊՆ և ՊԲ զորամասերի սպայական կազմի ներկայացուցիչներ, Հայաստանի տարբեր բուհերի դոցենտներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, ուսանողներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ: Ինչպես բացման խոսքում նշեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը, այս նախաձեռնությունը մեր գիտական ներուժը բացահայտելու, երիտասարդներին հարթակ տրամադրելու, նրանց տեսակետները լսելու, առողջ ուժերը համախմբելու և միասնաբար ավելի հզոր, ավելի մարտունակ բանակ կառուցելու հաջող փորձ է: Կոնֆերանսը նաև հնարավորություն տվեց երիտասարդ ուսանողներին և կուրսանտներին շփվելու զինծառայակից հասակակիցների և սպայական կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթանալու նրանց ձեռքբերումներին, ինչպես նաև լսելու նրանց դիտողությունները: Համազորային ծառայության օղակի ներկայացուցիչները տեղեկացան ռազմաբժշկական ծառայության կազմակերպման, իրականացման, իսկ ռազմաբժշկական ծառայության օղակի ներկակայացուցիչները՝ համազորային ծառայության առանձնահատկությունների մասին:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց թեզերն ու ծրագրերը՝ ոչ միայն զինված ուժերում առկա տարաբնույթ խնդիրների, այլև Հայոց ցեղասպանության և արցախահայության, հայկական սփյուռքի, ազգային գաղափարախոսության, հայոց բանակի կայացման գործում հայ առաքելական եկեղեցու դերի, Նարեկյան մշակույթի վերաբերյալ: 1-ին սեկցիայում ներկայացվեցին ռազմամասնագիտական առարկաները, 2-րդ սեկցիայում՝ համագիտական և տեխնիկական, 3-րդ սեկցիայում՝ հասարակագիտական:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը պատվով ներկայացրին չորրորդ կուրսի կուրսանտ Վահագն Ասիրյանը, կրտսեր սերժանտներ Մուշեղ Վարժապետյանը, Ռաֆայել Ժամկոչյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Հակոբ Խաչատրյանը, և հինգերորդ կուրսի կուրսանտ Նովլեթ Զարդարյանը: Թեմաները տարբեր էին և հետաքրքրեցին թե հանձնաժողովի անդամներին, թե մյուս մասնակիցներին:

Վահագն Ասիրյան՝ «Հոգեբանական պատերազմը և ժամանակի մարտահրավերները»

(ղեկավար՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ. Խ. Գասպարյանը)

Մուշեղ Վարժապետյան՝ «Ենթագիտակցության ազդեցությունը զինվորական փոխհարաբերությունների վրա»

(ղեկավար՝ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ. Խ. Գասպարյանը )

Ռաֆայել ժամկոչյան՝ «Հատուկ նշանակության ջոկատների բուժապահովման կազմակերպումը մարտական պայմաններում»

(ղեկավար՝ ԵՊԲՀ բժշկական ֆակուլտետի ԲԾԿՄ ամբիոնի պետ, փոխգնդապետ Գ. Վարդանյան)

Ռաֆիկ Մանուկյան՝ «Մարտական պայմաններում առաջին բուժօգնության կազմակերպումը հրազենային վիրավորումների ժամանակ»

(ղեկավար՝ ԵՊԲՀ բժշկական ֆակուլտետի դասախոս, կապիտան Է. Մարտիրոսյան )

Հակոբ Խաչատրյան՝ «Զորամասերում հաճախ հանդիպող վարակիչ հիվանդություններ»

(ղեկավար՝ ԵՊԲՀ բժշկական ֆակուլտետի դասախոս, մայոր Հ. Սարգսյան)

Նովլեթ Զարդարյան՝ «Ազգային գաղափարախոսությունը և բանակը»

(ղեկավար՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի պետ, փոխգնդապետ Գ. Թումասյան)

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի պետ, փոխգնդապետ Գ. Թումասյանն ասաց, որ ֆակուլտետը ներկայացնող բոլոր վեց կուրսանտներին տրվել է զեկույցի թեման ընտրելու, նախապատրաստվելու, շարադարանքը կառուցելու ինքնուրույնություն: «Ինքնուրույնություն ստանալով՝ մեր կուրսանտները խելամիտ նախաձեռնություն են ցուցաբերել: Ինձ համար իսկապես ոգևորիչ էր տեսնել, որ դասախոսները, ամբիոնի վարիչները, սպայական կազմի ներկայացուցիչները հետաքրքրված լսեցին մեր կուրսանտների զեկույցները և չընդհատեցին նրանց, երբ զեկույցը սահմանված ժամանակից երկար տևեց: Իհարկե, նրանցից մի քանիսը արժանացան նաև քննադատության, բայց դա առողջ քննադատություն էր, ինչը, կարծում եմ, անհրաժեշտ է և օգտակար»:

Կուրսանտական 13-րդ գիտական կոնֆերանսի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի չորրորդ կուրսի կուրսանտ Վահագն Ասիրյանն արժանացավ պատվոգրի՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌԻ կուրսանտական 13-րդ գիտական կոնֆերանսին կառուցողական և հետաքրքիր զեկուցումով հանդես գալու համար:

Էդիտա Մելքոնյան

  • 11303439_717875205026046_99035186_n
  • 11350337_717875245026042_2120725712_n
  • 11416601_10202809392195874_423589425_o
  • IMG_0125
  • IMG_0144
  • IMG_0194
  • IMG_2187
  • IMG_6699
  • 11356215_717875091692724_2036361598_n