Վստահ էինք, որ հաղթելու ենք ու հաղթեցինք…

Զրույց` գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժծառայության պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Վարդանյանի հետ:

1991-ին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: 1992 թվականին մասնակցել է մարտական գործողությունների Հադրութի շրջանում, որից հետո շարունակել է ուսումը: Հինգերորդ կուրսից տեղափոխվել է ռազմաբժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1998-ին: 1999-ին` ինտերնատուրան ավարտելուց հետո, ծառայության է անցել տարբեր զորամասերում:

2003-2005 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում:

2007 թվականին Իրաքում մասնակցել է խաղաղապահ առաքելության:

2008-2012 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի, իսկ 2012- 2014-ը` ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորման բուժծառայության պետի պաշտոնը: 6 ամիս առաջ նշանակվել է գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժծառայության պետ:

– Պարոն փոխգնդապետ, իմ ուշադրությունից չվրիպեց այն փաստը, որ մասնակցել եք մարտական գործողությունների… փաստորեն առաջին կուրսի ուսանող էիք, երբ մեկնեցիք ճակատ:

– Այո, առաջին կուրսում էի: Միացա Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատին, որի հրամանատարը այսօր արդեն գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էր: 1992 թվականն էր, մայիսը. այդ օրերին Շուշին նոր էր ազատագրվել: Մեր այդ փառավոր հաղթանակի շունչը թեևածում էր ամենուր: Ես մտածեցի, որ տղամարդուն վայել չէ մնալ թիկունքում և որոշեցի գնալ ճակատ: Հաշվի առնելով, որ բժշկական ինստիտուտի ուսանող էի, ինձ երկու անգամ մերժեցին: Սակայն ինստիտուտում դիմում գրեցի, որ կամավոր գնում եմ Արցախ: Շատերը փորձեցին հետ պահել, բայց պայքարից անմասն մնալ չէի կարող:

Գիտեք` պատերազմի մասին խոսելը դժվար է: Դա այն չէ, ինչ նկարագրված է գրքերում… Մենք ամեն ինչ անում էինք` օգնում էինք վիրավորներին, մարտական գործողությունների ժամանակ զենք էինք վերցնում: Ես հիմա կարոտով եմ հիշում այդ օրերը: Մարդկանց մեջ կրակ կար, բոլորը վստահ էին, որ հաղթելու ենք: Ու մենք հաղթեցինք…

– Ինչպե՞ս էր պատերազմական իրավիճակում կազմակերպվում բուժօգնությունը:

– Հադրութի շրջանի Էդլու գյուղի մոտակայքում մի տեղանք կար, կոչվում էր Խրմնջուղի դիք: Ամենածանր գոտին էր, քանի որ երեք կողմից շրջապատված էր ադրբեջանցիների դիրքերով: Այդտեղ շատ էին լինում զոհեր և վիրավորներ: Մի օր հաղորդագրություն ստացանք, որ վիրավոր ունենք: Մեր ջոկատի Գագիկն էր … Ծանր բեկորային վիրավորում ուներ: Ականանետի պայթյունից կրծքավանդակը մի քանի տեղից վիրավորվել էր: Ուժեղ արյունահոսություն էր սկսվել: Մոտակա բուժհաստատությունը Հադրութի քաղաքային հիվանդանոցն էր: Անմիջապես տեղափոխեցինք… Ամբողջ ճանապարհին նրան գրկած էի պահում, փորձում էի արյունահոսությունը գոնե փոքր-ինչ նվազեցնել: Երբ դուրս եկա մեքենայից, մեզ դիմավորող բժիշկները կարծեցին` ես եմ վիրավոր. հագուստս ամբողջությամբ արյան մեջ էր: Քանի որ Հադրութը կրակի, ռմբակոծության տակ էր, վիրահատությունները նկուղային հարկում էին կատարում` մոմի ու ճրագի լույսի տակ: Գագոյին անմիջապես վիրահատարան տարան: Ես ընդամենը առաջին կուրսի ուսանող էի… Հիշում եմ` բուժաշխատողներից մեկն ինձ տարավ կողքի սենյակ, բժշկական համազգեստ տվեց, իսկ արյունոտ հագուստս արագ լվաց: Հետո ինձ թեյ տվեցին…Անասելի հուզված էի: Կես ժամ հետո հայտնեցին, որ Գագոյին փրկել չի հաջողվել: Դա պատերազմի ժամանակ իմ տեսած առաջին մահն էր, իմ առաջին կորուստը…

…Հիմա ընկերներով հաճախ ենք հավաքվում, զրուցում, հիշում պատերազմի տխուր, ինչու ոչ` նաև ուրախ օրերը…

– Պատերազմից հետո ուսումը շարունակեցիք, բայց՝ ռազմաբժշկական ֆակուլտետում: Պատերազմը ազդեցութուն ունեցա՞վ Ձեր որոշման վրա:

-Ես միշտ մտածել եմ և հիմա էլ այն կարծիքին եմ, որ ռազմական բժիշկները ոչ միայն զինված ուժերի, այլև հասարակության էլիտան են: Զինվորական բժիշկները կոչված են հրաշք գործելու, անելու անհնարինը: Մարդու կյանքը ավելի հեշտ է փրկել, երբ դու կլինիկայում ես, երբ շուրջդ կա պատրաստված անձնակազմ, ապահովված ես գերժամանակակից սարքավորումներով ու դեղորայքով… Սակայն զինվորական բժիշկները կյանքեր փրկեցին մարտի դաշտում…Դա իսկական սխրանք էր: Պատերազմը մեծ դեր խաղաց իմ մասնագիտական ընտրության հարցում: Ես արդեն գիտեի` ինչ նշանակություն ունի ժամանակին և ճիշտ ցուցաբերված բուժօգնությունը: Ես ընտրեցի այս ճանապարհը և երբեք չեմ զղջացել:

– Բժիշկ, որո՞նք են ամենակարևոր առողջապահական միջոցառումները Ձեր զորամասում:

– Հիմնականում մեր ջանքերն ուղղված են զինվորների կենսապայմանների ապահովմանը, սանիտարահիգիենիկ ռեժիմի պահպանմանը, կանխարգելիչ միջոցառումներին… հիվանդությունների կանխարգելումը մեր գլխավոր խնդիրն է:

Մեր ստորաբաժանումները ժամանակ առ ժամանակ մասնակցում են երկարատև ճամբարային հավաքների: Այդ ամբողջ ընթացքում մենք այնտեղ ունենում ենք բուժանձնակազմ, որը հոգում է զինծառայողների առողջական խնդիրները:

– Ինչպե՞ս է վերահսկվում, որ սահմանափակումներ ունեցող զինծառայողների համար համապատասխան հոդվածների պահանջները կատարվեն:

-Մենք ունենք բոլոր զինծառայողների տվյալները, բնականաբար, տեղեկություններ նաև սահմանափակումների մասին: Ամեն ուսումնական փուլի սկզբում սահմանափակումներ ունեցող զինծառայողների անունները տալիս ենք ֆիզիկական պատրաստության պետին և համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին: Գոյություն ունեն մարզաձևեր, որոնք հակացուցված են սահմանափակումներ ունեցող զինծառայողին: Օրինակ շարժողական ապարատի հիվանդութուններով զորակոչվածներին (օրինակ` հարթաթաթություն) հակացուցված է երկարատև վազքը: Երբևէ այս առումով որևէ խնդիր չի ծագել մեր զորամասում: Այս հարցը խիստ է դրված և մշտապես վերահսկվում է:

– Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում սանիտարահիգիենիկ վիճակը վերահսկելու ուղղությամբ:

– Իմ համոզմամբ` մեր զինվորների մեծամասնությունը գիտակցում է անձնական հիգիենայի կանոններին հետևելու կարևորությունը` առողջության պահպանման ու ամրապնդման հարցում: Բացի դրանից` մեր բուժակները և բժիշկները սանլուսավորչական աշխատանքներ են իրականացնում` իրազեկելով զինծառայողներին հիգիենայի պահպանման կարևորության մասին, ինչն էլ տալիս է իր դրական պտուղները: Վերջին տարիներին նաև զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով մեծ առաջընթաց կա, ինչը ևս չափազանց կարևոր է:

– Բուժկետն ապահովվա՞ծ է անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով:

-Մեր բուժկետը տիպային է` հագեցված անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: Ունենք լավ կահավորված ատամնաբուժական կաբինետ, վիրակապարան` անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչը հնարավորություն է տալիս անգամ փոքրիկ վիրաբուժական միջամտություններ անել: Ունենք ախտահանման սարքեր` ատամնաբուժական և վիրակապական գործիների համար նախատեսված առանձին չորացնող պահարաններ, մանրէասպան լամպ, որը մանրէազերծում է վիրակապարանի ամբողջ տարածքը: Մենք կարողանում ենք լիարժեք կազմակերպել զորամասային օղակի համար նախատեսած բուժօգնություն ամբողջ ծավալը:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15